Լրահոս
Օրվա լրահոսը

ՁՄԵՌ ՊԱՊԸ ՀԱՅ Է՝ ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱՆՈՒՆՈՎ

Հունվար 09,2004 00:00

ՁՄԵՌ ՊԱՊԸ ՀԱՅ Է՝ ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱՆՈՒՆՈՎ Պնդում է կոմպոզիտոր, ազգագրագետ-աշուղագետ Էլինար Շահենը – Արդեն տարիներ շարունակ տոնում ենք Նոր տարի, ու գալիս է Ձմեռ պապը… – Անվիճելի է, որ հայերս սիրում ենք ցանկացած նշանավոր մարդու հայացնել։ Բայց այս դեպքում, ըստ մեզ հասած տեղեկությունների, Ձմեռ պապը ապրել է 5-6-րդ դարերում, եղել է Նիկողայոս անունով հարուստ մի հայ, որ տարին մեկ անգամ՝ Նավասարդի տոնին իր հարստությունը մաս-մաս բաժանել է աղքատ ընտանիքներին։ – Այնուամենայնիվ, հայերս նշել ենք Նոր տարին՝ Նավասարդ անունով։ – Այո, բայց Նավասարդը, ինչպես Ամանորն ու Կաղանդը, կապ չունեն մեր պատկերացմամբ այսօր տոնվող Նոր տարվա հետ։ Նավասարդը պարսկերենից թարգմանված նշանակում է Նոր տարի ու տոնվում էր օգոստոսի 11-ին։ Սա մինչեւ 17-րդ դարն էր։ Հայերը հեթանոսական շրջանում օգոստոսի 1-6-ը տոն ունեին՝ նվիրված հայ հեթանոս աստված Ամանորին, որի մականունն էր Վանատուր (թարգմանաբար՝ հյուրընկալ)։ Իսկ ամանոր հայերեն նշանակում է նոր տարի, այստեղից էլ առաջացել է խառնաշփոթը։ Ամանոր-Վանատուրը բերքի, պտղաբերության, գինու, ուրախության աստվածն էր։ Եվ ինչպես տեսնում եք, ոչ մի կապ չունի այսօր տոնվող Նոր տարվա՝ հունվարի 1-ի հետ։ Հետաքրքիր է, որ այսօր օգոստոսին նշում ենք բերքի տոնը, իսկ Ամանոր աստծո իսկական անունը չենք նշում։ Հիշատակում ենք միայն մականունը՝ Վանատուր։ Նավասարդ ու ամանոր բառերը վաղուց դուրս են եկել գործածությունից։ Մոտավորապես 20-րդ դարի սկզբներին «հայտնվել» է Կաղանդը, որը անշուք տոն է եղել։ Կաղանդը մեղրի մեջ թաթախված կաղինն էր, որին նոր տարվա օրերին խառնում էին աղանձ, ընկույզ։ Այդ տոնի ժամանակ ընդունված են եղել փոխադարձ այցելություններ-շնորհավորանքները։ – Իսկ ե՞րբ են երեւան եկել Նոր տարվան նվիրված առաջին երգերը։ – 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին գրվել են առաջին երգերը։ Ամենատարածվածներն էին ժողովրդական երաժշտությամբ Ռափայել Պատկանյանի «Նոր տարին» եւ կոմպոզիտոր Միքայել Միրզոյանի «Տոնածառ ջան, տոնածառ» երգերը։ Այսօր էլ գրվում են ամանորյա երգեր՝ հիմնականում էստրադային, բայց եվրոպական գործիքավորմամբ եւ մեկնաբանմամբ։ Ցանկալի է եւ անհրաժեշտ, որ Նոր տարվան նվիրված բոլոր երգերը գրվեին հայկական հնչյունաշարում ու մատուցվեին հայեցի։ Իմ տարիների ուսումնասիրությունների ընթացքում հանդիպել եմ ընդամենը մեկ երգի՝ նվիրված Նոր տարուն՝ ղրիմահայոց բանահյուսությունում։ Երգը կոչվում է «Գալանդոս» (իտալերենից թարգմանաբար՝ Նոր տարի)։ Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել