Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՉԻ ՔԱՆԴՎԻ

Հունվար 09,2004 00:00

ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՉԻ ՔԱՆԴՎԻ Շենքի վարձակալները կարծում են, որ այն կվաճառվի ԳԱԱ Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտների շենքում (Սայաթ-Նովա եւ Աբովյան փողոցների հատույթ) տեղակայված գրեթե բոլոր մասնավոր կազմակերպություններն իրենց վարձակալական պայմանագրերը 2003-ի դեկտեմբերով չեն ավարտում եւ դա կարող է լուրջ խոչընդոտ դառնալ շենքի նոր սեփականատիրոջ համար։ Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ նոր սեփականատերը Սբ Էջմիածինն է: Կարո՞ղ է, արդյոք, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը սպասել մինչեւ 2008 թվականը, մինչեւ վերջին վարձակալը դուրս գա շենքից։ Բացի այդ, շենքի նկուղային հարկում տեղակայված «Լունա» ռեստորան-բարից ասացին, որ տարածքը գնել են մեկ տարի առաջ եւ դա իրենց սեփականությունն է։ Հարցման ենթարկված «շենքի բնակիչ» կազմակերպությունների ղեկավարները հիմնականում հանգիստ էին վերաբերում իրենց տարածքի գլխին կուտակված ամպերին. «միեւնույն է, ի՞նչ կարող ենք անել, պայքարելն անմիտ է»։ Այնինչ, նրանք բոլորն էլ «բնակվելուց» առաջ սեփական ծախսով հիմնովին վերանորոգել են իրենց վարձած տարածքը, ապահովել այն կոմունալ պայմաններով՝ հոսանք, ջուր, հեռախոս։ Շենքում առաջին վարձակալը հայտնվել է 1991-ին. ծանրոցների եւ դրամական փոխադրումներ իրականացնող «Կոնսուլ» ընկերությունը հինգ տարին մեկ թարմացնելով պայմանագիրը, այժմ ունի մինչեւ 2005 թվականը տարածքն օգտագործելու իրավունք։ Ընկերության գործերի կառավարիչ Աշոտ Մուրադյանը զարմացել էր, թե «ինչպե՞ս կաթողիկոս մարդը կտեղավորվի մի տարածքում, որի շրջակայքում այդքան զվարճության վայրեր ու գիշերային ակումբներ կան»։ Արդեն տասը տարի շենքում 3-4 սենյակ վարձակալած «Ալբիոն» ուսումնական կենտրոնի ղեկավար Աշոտ Բաղդասարյանը գտնում է, որ «ինչ-որ բանի տեր դառնալուց առաջ պիտի իմանաս, թե ինչ կա այնտեղ» եւ կարծում էր, որ շենքը քանդելու հարցն այնքան էլ հեշտ չի լուծվի։ Նրա ունեցած վարձակալության պայմանագիրն ավարտվում է 2008-ին եւ մյուս վարձակալների պես մտադիր չէր օրենքով թույլատրված ժամկետից շուտ դուրս գալ կամ էլ «հարցը կլուծենք օրենքով սահմանված կարգով»։ Պարոն Բաղդասարյանը մեջբերեց աստվածաշնչյան մի պատվիրան՝ «քեզ համար կուռք մի ստեղծիր», եւ ասաց, որ «կաթողիկոսն իր այս քայլով հավատքը դարձնում է կուռք, եւ դա կարող է բացասաբար ազդել ճշմարիտ հավատացյալների վրա»։ (Նկատենք, որ պատվիրանի այս մեկնությունը փոքր-ինչ վիճելի է): Բոլոր ընկերություններն էլ վստահ էին, որ տարածքը փոխելով, իրենք բիզնես են կորցնում, չհաշված մինչ այդ արած ծախսերը։ «Երեւան» տուրիստական ընկերության տնօրեն Կառլեն Մկրտչյանը միակն էր, որ շատ հանգիստ էր վերաբերում իրենց հնարավոր տեղափոխությանը. «Ես վարձակալ եմ եւ այս տարածքի վրա իրավունքներ չունեմ»։ Նրա ընկերությունն այս շենքում է 1996-ից, իսկ պայմանագրային ժամկետն ավարտվում է մի քանի ամսից։ «Օրինաց երկիր» կուսակցության «Կենտրոն» մարզային կառույցի աշխատասենյակում նույնպես խաղաղ տրամադրություն էր՝ «մեզ ասել են, որ դուք հանգիստ աշխատեք»։ Իսկ անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող «Ատլանդեմ» ընկերության մասնագետներին անհանգստացնում էր, որ «այսքան արժեքավոր մի կառույց կարող են քանդել զուր տեղը, եկեղեցու տեղն ո՞վ չգիտե, գնացողը գնում է»։ Զրուցակիցներս, բոլորն անխտիր, համոզված էին, որ Վեհափառ Հայրապետին այս շենքը պետք չէ, որ սա հերթական գործարք է եւ եթե քանդվի էլ, ապա՝ մի փոքրիկ հատվածը, այն էլ՝ ձեւականորեն, որպեսզի «ժողովրդի բերանը փակեն»։ Ընդհանուր կարծիքով, շենքին տիրանալուց մի քանի ամիս հետո Վեհափառն այն կվաճառի։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել