Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելում» ոչ թռիչքային եղանակ է

Հունվար 09,2004 00:00

Գ. Վասիլակիսը չէր եկել դատարան, բայց ցանկանում է անձամբ ներկայացնել ապացույցները:

Երեկ տնտեսական դատարանում պետք է քննվեր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի ներկայացրած հայցն ընդդեմ «ԱրմենՏելի»: Հիշեցնենք, կապի նախարարը «ԱրմենՏելին» դատի էր տվել իր հրամանը չկատարելու համար: Իսկ հրամանով նախարարը ընկերությանն արգելել էր կիրառել 8 դրամ րոպեավճարը եւ հրահանգել էր շարունակել անսահմանափակ խոսակցությունների համար կանխավճարների գանձումը: Հայցվոր կողմի ներկայացուցիչ Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գեւորգ Կոստանյանի մեկնաբանությամբ. «Կապի նախարարի հրամանը անհատական ակտ է, եւ քանի որ այդ ակտը ընդունվել է օրենքի հիման վրա եւ օրենքով սահմանված կարգով, դատարանի կողմից չի ճանաչվել անվավեր, ուստի օժտված է իրավաբանական ուժով, հետեւաբար այն պարտադիր է կատարման համար՝ ում հասցեագրված է: Նախարարի հրամանը հասցեագրված էր ուղղակիորեն «ԱրմենՏելին», սակայն այն չի կատարվել ընկերության կողմից: Հայցապահանջի էությունն այն է, որ ընկերությանը պարտավորեցվի կատարել նախարարի հրամանը»:

Դատավարությանը ներկա էին նաեւ «ԱրմենՏելի» ներկայացուցիչները, չնայած մտադրված է եղել մասնակցել անձամբ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսը, որը, սակայն, դատարան չէր ներկայացել եւ ընդհանրապես Երեւան չէր հասել ոչ թռիչքային եղանակի պատճառով: Լավատեսական կանխատեսումներով նա Հայաստան կժամանի արդեն հունվարի 9-ին: Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ, Գ. Վասիլակիսը մեծ ցանկություն ունի մասնակցելու դատավարությանը հենց առաջին նիստից, ուստի խնդրել է դատավարությունը հետաձգել, քանի որ որոշ հարցեր ունի հայցադիմումի հետ կապված եւ ապացույցներ, որոնք կարող է ներկայացնել միայն անձամբ: «ԱրմենՏելի» ներկայացուցիչները միջնորդեցին հետաձգել դատաքննությունը մինչեւ Վասիլակիսի գալը: Սակայն տրանսպորտի նախարարի ներկայացուցիչները գտնում էին, որ Գ. Վասիլակիսի հայտնած տեղեկությունները դատարանը կկարողանա գնահատել դատաքննության ընթացքում եւ հավուր պատշաճի գնահատական տալ վերջինիս ցուցմունքներին կամ որպես վկա, կամ որպես «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն: Այդուամենայնիվ, դատավոր Անատոլի Մաթեւոսյանը որոշեց նիստը հետաձգել մինչեւ հունվարի 30-ը: Նա ավելորդ չհամարեց զգուշացնել. «Այնպես չլինի, որ հաջորդ դատական նիստին Վասիլակիսը ինչ-ինչ պատճառներով չներկայանա՝ գործուղմա՜ն կլինի, ինքնաթի՜ռ կլինի»:

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել