Հայ կանայք վաճառվում են Սադախլոյի ադրբեջանցուն
Ամեն շաբաթ Հայաստանից Բագրատաշենի շուկա է այցելում ու պետական սահման հատում 2-3 հազար մարդ։ Վրաստանի ադրբեջանաբնակ Սադախլո գյուղի շուկայամերձ տարածքում բացի առեւտրի կետերից գործում է շուրջ 2 տասնյակ սննդի օբյեկտ՝ ճաշարան, որտեղ ամեն օր մատուցվում է ավելի քան 250 հազար լարիի (կես միլիոն դրամ) սնունդ ու վաճառվում մոտ 2 տասնյակ հայ կին։
Հայաստանցի Ալյոշան լինում է շուկայի թե՛ հայկական, թե՛ վրացական տարածքում: Առեւտուր է անում, նոր գործընկերներ գտնում։ Նա պատմում է, որ հայ աղջիկները Բագրատաշենի հարեւան՝ հիմնականում փախստականներով բնակեցված գյուղերից, ինչպես նաեւ՝ Ալավերդուց ու Հայաստանի այլ հեռավոր քաղաքներից խմբերով այստեղ են գալիս որպես բուֆետապան կամ նրա օգնական աշխատելու։ Աշխատանքի դիմաց օբյեկտների ադրբեջանցի տերերը նրանց չեն վարձատրում։ Փոխարենն աղջիկների համար «գնորդ» են գտնում։ Հայ աղջիկների հիմնական գնորդ, ադրբեջանցի Ս.-ն, որ ուկրաինական կոնֆետի մեծածախ առեւտրով է զբաղվում, այսպես է նկարագրում աղջիկների «շուկան»։ «Շատացել է ապրանքը (նկատի ունի կանանց-Կ.Ս.)։ Իսկ որքան շատ է՝ այնքան էժան է։ Ողորմի Գորբաչովի հորը։ Նախկինում, երբ լավ էինք ապրում, «ապրանքն» էլ թանկ էր»,-ինքնագոհ ասում է Ս.-ն ու ինձ նայում։ Չգիտի, որ լրագրող եմ։ Ուզում է ճշտել, թե ի՞նչ նպատակով եմ հայտնվել իրենց մոտ։ Ես հարցեր եմ տալիս աղջիկների գների ու գնորդների մասին: Ինքն էլ սկսում է հետս հայերենով առեւտուր անել. «Ծանոթ աղջիկ չունե՞ս, բե՛ր։ Եթե ապրանքը լավը լինի, մի օրվա համար 50 դոլար կվճարեմ։ Հետո աղջկան ինձ կթողնես։ Կոնֆետից, բանից կտամ»։ Ս.-ն օրական 2-3 աղջիկ է ունենում։ Բայց նոր աղջիկների պակաս միշտ էլ զգում է։
Ալյոշան պատմում է, որ համեմատաբար արժեքավոր են դեռեւս անծանոթ աղջիկները, որոնք քիչ են հանդիպում Բագրատաշենում։ «Այստե՞ղ եք փնտրում մարմնավաճառներին։ Նրանք Թուրքիայում ու Էմիրաթներում են։ Այնտեղ պահանջարկ չունեցողներն են միայն Բագրատաշենում հայտնվում»,-ասում է հայ առեւտրականներից մեկը։ Նա չի բացառում, որ Բագրատաշենի կամ Սադախլոյի մարմնավաճառներն այստեղ գալիս են հիմնականում առանց կավատների աջակցության, որովհետեւ նրանք «եկամտաբեր չեն ու մեծ շահույթ ապահովել չեն կարող»։ Ադրբեջանցիները նրանց կարողանում են ձեռք բերել նույնիսկ 1000-2500 դրամով կամ «մի փոր հացով»։
Սադախլոյի հերթական «բուֆետապաններից» մեկից՝ Սվետայից փորձեցի կյանքի այս ճանապարհն ընտրելու պատճառն իմանալ։ Նա հեգնական հայացքով ինձ նայեց. «Կգա՞ս երեխաներիս կերակրես»,-ասաց ու անտարբեր հեռացավ։
Ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայությունները գործում են Բագրատաշենի շուկայի տարածքում։ Իմ այն հարցին, թե որքանով կարող են միջամտել այդ ծառայությունները, ոստիկանության ծառայության ավագ տեսուչ Կարո Գուլքանյանը հարցով պատասխանեց. «Արգելե՞նք մարդկանց հացի փող աշխատել։ Ունե՞նք դրա իրավունքը»։ Նաեւ նշեց, որ մարմնավաճառությունն, ըստ էության, կատարվում է Վրաստանի տարածքում։ «Սահմանն օրինական անցնող մարդուն չենք կարող արգելել»,-ասաց Կ. Գուլքանյանը։
Բագրատաշենցի Լիդան փախստական է։ Ես նրան ներկայացա որպես երեխայի գնորդ։ Սկսեցինք սակարկել նրա 5 ամսական Մարիամի համար։ Ի վերջո, համաձայնեց 10 հազար դրամով ինձ հանձնել Մարիամին ու, որպես արդարացում Աստծո առաջ, շարունակեց պատմել իր կյանքի ոդիսականը։ Բաքվից գաղթել է 1988-ին։ Բագրատաշենում փախստականների նորվեգական խորհրդի ծրագրով կառուցված քոթեջում ապրում է ծեր մոր ու 4 երեխաների հետ: Այստեղ ամուսնացել է ղարաբաղցի Աշոտի հետ ու 2 երեխա՝ մի տղա ու մի աղջիկ ունեցել։ Ամուսինն իր սրտով չի եղել, բաժանվել են։ Ընտանիքը պահելու համար խորհրդի կարիք է ունեցել։ Համագյուղացի Սեդան նրան ցույց է տվել ապրելու ճանապարհը։ Դրանից հետո եւս մեկ տղա է ծնել։ Չորրորդ ու հինգերորդ երեխաներին արդեն չէր կարող տուն բերել։ «Որոշեցի թողնել հիվանդանոցում։ Տուն բերելուց հետո դժվար է նրանց մանկատուն հանձնել։ Բժիշկները սկզբում չէին համաձայնվում»,-ասում է 40-ամյա Լիդան։ Ըստ նրա՝ ավելի ուշ իմացել է, որ առաջին լքված երեխային բժիշկները 400 դոլարով ուղարկել են Ֆրանսիա, մյուսին՝ Երեւան։ Սակայն այդ լուրը չհաստատեցին Նոյեմբերյանի հիվանդանոցում, որտեղ ծնվել էր երեխան։
Զրույցի ընթացքում Լիդան ավագ տղային, որ 11 տարեկան էր, մեկ-մեկ հրահանգ էր տալիս թեյ տալ նորածին Մարիամին: Թեյ եփելու համար Արթուրը կրակ էր վառել տան մեջտեղում: Ամեն ինչ, նույնիսկ նորածինը, կորել էր ծխի մեջ:
Լիդան սպասում է իր 9-րդ երեխային:
ԿԱՐԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆwww.hetq.am