Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հմայակն ընկավ Հայրիկյանի ջրե՞րը

Հունվար 09,2004 00:00

Կապիկի տարվա առաջին մամուլի ասուլիսը հրավիրել էր Պարույր Հայրիկյանը

Երեկ նա արձանագրեց, որ 2003 թվականը մեր պատմության մեջ մտնելու է որպես գերտխրահռչակ տարի, որովհետեւ՝ «Հայաստանում դահիճներ են տիրում իշխանությանը»։ Իր այս եզրակացությունը ԱԻՄ առաջնորդը հաստատում է նրանով, որ՝ «տարվա վերջին ընդունված պետական բյուջեով վերստին դանդաղ մահվան դատապարտեցին թոշակառուներին (…), երբ մի քանի տարի իշխանավարած ինքնագոհ վարչախումբն է ամբողջ կյանքում աշխատած մարդուն պարտադրում գոյատեւել 10-14 դոլարով»։ Ըստ Հայրիկյանի՝ «ունենք նաեւ հայրենիքի դավաճան իշխանություններ»։ Այս պիտակի հայրիկյանական հիմնավորումը՝ էներգետիկ համակարգը Ռուսաստանին հանձնելն էր. «Արցախակենտրոն մտածելակերպի գերի արցախցի նախագահը եւ իր կառավարությունը՝ Չեկայի գործակալ վարչապետով, ծախու խորհրդարանական մեծամասնության լուռ համաձայնությամբ ամեն ինչ արեցին, որ ավելանա Արցախի ինքնորոշման պայքարին անմիջականորեն սատարող միակ պետության՝ ՀՀ-ի կախվածությունը հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին Արցախի եւ Նախիջեւանի հարց պարտադրած երեկ՝ կոմունիստական, այսօր՝ չեկիստական Ռուսաստանից»։ ԱԻՄ նախագահը նաեւ ՀՅԴ-ին մեղադրեց «բազում տասնամյակներ պահանջատեր խաղալու մեջ», մինչդեռ «իրենց իշխանության վեց տարիների ընթացքում քայլ իսկ չկատարեցին արցախահայությանը միասնական ընտրական համակարգում ընդգրկելու, հայ առաքելական եկեղեցին միավորելու, միասնական (դասական) ուղղագրությանը մերձենալու ուղղությամբ։ Այս «քոալիսիոնը» ապազգային իշխանության դասական օրինակ է դարձել»,- եզրակացրեց ԱԻՄ նախագահը։ Եվ որպես հին ԱՄՆ-ական՝ «ազդարարում եմ»՝ ազդարարեց Հայրիկյանը՝ «մեր իշխանությունների մեղքով մենք կործանարար ճանապարհի վրա ենք»։ Ըստ օրվա բանախոսի, իր այս կարծիքին համակարծիք են «Հայաստանի բոլոր ազնիվ քաղաքական ուժերը», ինչը հիմք է հանդիսացել՝ «Համագործակցություն՝ հանուն ժողովրդավարության» նախաձեռնությանը։ Հայրիկյանի չափանիշներով ազնիվ ուժերից ԱԻՄ առաջին դեմքը հրապարակեց միայն Հմայակ Հովհաննիսյանի անունը։ Մնացյալը՝ փետրվարի 18-ին կայանալիք համազգային հանրահավաքի ժամանակ։

Բնականաբար, Հայրիկյանը չէր կարող տարին ամփոփել առանց ԱԻՄ գրասենյակների մասին խոսելու, որի խնդիրը իր՝ ընդդիմադիր դառնալու հիմնական պատճառներից մեկն է։ Նա խոստացավ կատարել վճռաբեկ դատարանի որոշումը՝ ազատել գրասենյակների տարածքները, փոխարենը պահանջելով համարժեք տարածքներ։ Իսկ մինչ այդ, մինչեւ հունվարի 20-ը, ԱԻՄ-ականները կդիմեն Եվրոդատարան՝ վստահ, որ հաղթելու են։

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել