Այս կարծիքին է ԱԺ պատգամավոր Գրիգոր Հարությունյանը
Ըստ որոշ իշխանական քաղաքական գործիչների՝ Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի եւ յուրաքանչյուր ընդդիմադիր գործիչ առանձին-առանձին իր անձնական հարցերն է լուծում ԱԺ միջանցքներում։ Այս գնահատականին իհարկե ընդդիմադիրները համաձայն չեն եւ գտնում են, որ իշխանությանը մոտ գհնվողներն են իրենց հարցերի լուծմամբ զբաղված, իսկ ընդդիմությունը իր անելիքը գիտի եւ անելու է։ Մոտավորապես այսպես հակադարձեց մեր թերթի երեկվա համարում տպագրված պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ ընդդիմությանը տրված գնահատականին ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության անդամ, ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը։ Գնահատելով անցած տարվա քաղաքական ձեռքբերումներն ու կորուստները, պրն Հարությունյանը նկատեց. «Տարին բավականին ակտիվ տարի էր, նկատի ունենալով նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները։ Բավականին լավ հնարավորություն էր տրված իշխանություններին եւ ընդհանրապես հասարակությանը այդ քաղաքական կարեւորագույն միջոցառումներն անցկացնել այնպես, որպեսզի մարդկանց եւ ժողովրդի մեջ վերականգնվեր վստահությունը պետության եւ իշխանության նկատմամբ։ Ցավոք սրտի, ժողովուրդը հերթական անգամ հուսախաբ եղավ։ Տարին չդարձավ համախմբման, համերաշխության եւ առաջընթացի տարի։ Մենք եզրափակում ենք տարին այնպիսի տրամադրություններով, որ հասարակության որոշակի հատվածի մոտ խորացավ միտքը, թե անիմաստ է ապրել այսպիսի երկրում։ Արդյունքում խորացան արտագաղթի եւ հուսահատության տրամադրությունները»։
Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ինչպիսի՞ զարգացումներ կլինեն նոր տարում։ Պատասխանելով այս հարցին, պատգամավոր Գրիգոր Հարությունյանն ասաց. «Ղարաբաղի հարցի կարգավորման հետ կապված այնպիսի վիճակի ենք հասել, որ իշխանությունները Հայաստանում ու Ադրբեջանում այլեւս խուսանավելու հնարավորություն չունեն։ Երկու երկրներում էլ ընտրություններն ավարտված են, ավարտվում է նաեւ Բաքու-Ջեյհան նավթամուղի շինարարությունը։ Ենթադրվում է, որ բանակցային գործընթացը կարագացվի։ Անցած 4-5 տարիների ընթացքում, երբ բազմիցս հարց էր ուղղվում հանրապետության նախագահին եւ ԱԳ նախարարին (նաեւ՝ անձամբ իմ կողմից) կապված Մեղրիի տարբերակի քննարկման հետ, այդ տարբերակի մասին լուրերը հերքվում էին եւ ասվում էր, որ այդպիսի տարբերակ չի կարող գոյություն ունենալ։ Բայց, ցավոք սրտի, վերջերս պարզվեց (խորհրդարանական փակ լսումների ժամանակ), որ այդպիսի տարբերակ եղել է, ավտոճանապարհի տեսքով։ ԱԳ նախարարը չժխտեց, որ այդ տարբերակին հայկական կողմը համաձայն է եղել (նկատի ունեմ քիուեսթյան բանակցությունները), ադրբեջանական կողմը՝ եւս, բայց Բաքու վերադառնալուց հետո ետ են կանգնել այդ տարբերակից»։ Արդյո՞ք 2004-ին Ղարաբաղի հիմնահարցը կարգավորված կլինի։ Գրիգոր Հարությունյանը դժվարացավ այդ հարցին պատասխանել, բայց նկատեց, որ արտաքին ճնշումները ավելի են ուժեղանալու «եւ ամեն ինչ արվելու է, որ, թեկուզ ճնշումների ազդեցությամբ, հարցը կարգավորվի։ Ես մտավախություն ունեմ, որ այն կարող է կարգավորվել ոչ ի շահ մեր ժողովրդի»։ Ղարաբաղի հարցի վերջնական լուծումը համաժողովրդական հանրաքվեի միջոցով, պատգամավոր Գրիգոր Հարությունյանը անընդունելի է համարում. «Այդ դեպքում՝ ինչի՞ հասցրին բանակցությունները։ 98-ի իշխանափոխությունը եղավ տարբերակների քննարկման հողի վրա եւ, փաստորեն, ավելի վատ մի տարբերակով այսօր ուզում են հարցը կարգավորել եւ պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա։ Բնականաբար, ժողովուրդը չի ընդունի որեւէ ոչ հայանպաստ տարբերակ։ Առաջին հերթին հարկավոր է լուծել իշխանության վստահության հարցը։ Համոզված եմ, որ ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը բարոյական իրավունք կունենա նաեւ այդ տիպի հարցեր ներկայացնել ժողովրդի դատին։ Իսկ ժողովրդի վստահությունը չվայելող իշխանությունը այդ բարոյական իրավունքը չի վաստակել»։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ