ՀԱՂԹԵՑ ԱՍՏՂԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ Մերոնք հոլիվուդցիներից պակաս չե՞ն Դեկտեմբերի 30-ին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում հայտարարվեցին Ազգային երաժշտական առաջին մրցանակաբաշխության արդյունքները եւ հանձնվեցին մրցանակները։ Հիշեցնենք, որ ժյուրիի կազմում էին Երեւանի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը, Ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը եւ դիզայներ Լիլիթ Մարգարյանը։ Տարբեր անվանակարգերում ներկայացված էին Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Արմինե Նահապետյանը, Էմմա Պետրոսյանը, Արամոն, Հայկոն, Քրիստինե Պեպելյանը, Սիրուշոն եւ ուրիշներ։ Սահմանված էր 17 նոմինացիա, այդ թվում՝ «Լավագույն երգչուհի», «Լավագույն երգիչ», «Լավագույն փոփ ալբոմ», «Լավագույն էթնիկ խումբ», «Լավագույն ռադիոկայան» եւ այլն։ Կային հատուկ մրցանակներ եւս, այդ թվում՝ Տիգրան Նաղդալյանի անվան հատուկ մրցանակ, որը տրվեց Ստեփան Լուսիկյանի «Երանի» երգին (կատարող՝ Արամո)։ Այս մրցանակաբաշխությունն էլ նախորդների նման «հայավարի» անցկացվեց, այսինքն, համարյա բոլոր մասնակիցներին ինչ-որ բան տրվեց՝ հավանաբար Ամանորը նեղացած չդիմավորելու համար։ Դեկտեմբերի 30-ին ուղիղ ռեպորտաժներ եղան առաջին ալիքի եթերում, ուր Ազգային երաժշտական ալիքի հաղորդավարները, ինչպես միշտ, աչքի ընկան իրենց հայերենի իմացությամբ ու եթերային կուլտուրայով։ Նրանք, մասնավորապես, խոստացան «ինֆորմացիոնալ կերպով» հեռուստադիտողի դատին հանձնել մրցանակաբաշխությունը։ Այնուհետեւ Մարիամ անունով հաղորդավարը սկսեց «ի սրտանց» շնորհավորել հեռուստադիտողների անունից բոլոր հաղթողներին։ Հ1-ի եթերից ավետեցին, որ, օրինակ, ի դեմս Սիրուշոյի, հայ փոփը ունի մեծ ապագա։ «Հայ փոփի ապագա» անվանակարգում հաղթող ճանաչված Սիրուշոն էլ ի պատասխան ասաց. «Չէի սպասում, որ ամեն ինչ այսպես լուրջ է»։ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության եւ Հ1-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը իր հեռուստահարցազրույցում հայկական սնապարծությամբ հայտարարեց, որ «հայ աստղերը պակաս չեն հոլիվուդյան աստղերից, գուցե նույնիսկ ավել են»։ Ըստ նրա, մերոնց ու հոլիվուդցիների տարբերությունը ընդամենը քիչ գումար վաստակելու մեջ է։ Հ. Քեշիշյանին «զարմացրել» էր նաեւ այն, որ մրցանակաբաշխության ժամանակ ծրարից իր ենթադրած անունները դուրս չեն գալիս՝ նկատի ունենալով, հավանաբար, որ ընտրությունը կատարվել է շատ օբյեկտիվ։ Մրցանակաբաշխության ընթացքում որոշ երգիչ-երգչուհիներ հաղթող ճանաչվեցին երկու նոմինացիայում։ Օրինակ, Շուշան Պետրոսյանն ու Քրիստինե Պեպելյանը։ Հետաքրքիր է, որ վերջինիս ժյուրին հաղթող ճանաչեց «Տարվա հայտնություն» անվանակարգում։ Ազգային երաժշտական ալիքի հաղորդավարները շնորհավորեցին Շուշան Պետրոսյանին «Դեպի երկիրի»՝ «Լավագույն փոփ ալբոմ» ճանաչվելու կապակցությամբ, նաեւ հետաքրքրվեցին, թե ինչ է մտածում երգչուհին հաղթանակի առիթով։ «Կարեւորը ժողովրդի գնահատանքն է, մնացածը պայմանականություն է»,- համեստորեն նշեց Շուշանը։ «Լավագույն էթնիկ խումբ» ճանաչվեց «Վարպետները» (գեղ. ղեկավար՝ Աննա Մայիլյան), «Լավագույն դուետ»՝ Արամոն եւ Էմման։ Թաթան ստացավ հատուկ մրցանակ՝ որպես ժողովրդականություն վայելող երգիչ, իսկ Արթուր Գրիգորյանը արժանացավ «Հայ փոփի աստղերի բացահայտող եւ ուսուցիչ» մրցանակին։ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության արդյունքում բոլորը ճանաչվեցին լավագույններից լավագույնը եւ հաղթեց աստղային համերաշխությունը։ Նկատենք, որ Հրաչ Քեշիշյանի չափանիշներով, հոլիվուդյան աստղերին ոչնչով չզիջող մեր «աստղերը» ՀայTV-ի տոնական ծրագրում գերազանցեցին իրենք իրենց ռաբիս ոճում։ Ամենահաջողը «կլկլացին» Սիրուշոն եւ Քրիստինե Պեպելյանը։ Ամենաանհաջողը ռաբիսում «ինքնադրսեւորվեց» Վարդուհի Վարդանյանը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ