ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ԵՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ Թիկնապահների ներկայությամբ զգուշացեք ձեռքերը գրպանները տանելուց Ազգային ժողովի երրորդ ընթերցմամբ անցավ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այդ օրենքով սահմանվում են պետական պահպանության օբյեկտների ցանկը, դրանց նկատմամբ անվտանգության ապահովման միջոցառումների մեխանիզմները: Պետական պահպանության «օբյեկտների» թվին են դասվում մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը։ Նրանք այլեւս իրավունք չունեն իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում հրաժարվելու պետական պահպանությունից։ (Հիշեցենք, որ, օրինակ, ԱԺ նախագահներ Բաբկեն Արարքցյանը եւ Կարեն Դեմիրճյանը հրաժարվում էին թիկնապահներից): Օրենքի շուրջ զրուցում էինք իրավաբան-փորձագետների հետ, որոնք պատրաստ էին մեկնաբանել օրենքի հոդվածները՝ առանց իրենց անունը վկայակոչելու: Այդ փորձագետներից շատերի կարծիքով, պահպանվող անձանց շարքում պետք էր նշել նաեւ Սահմանադրական դատարանի նախագահին եւ Ամենայն հայոց կաթողիկոսին։ Չնայած օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվել է. «Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական եւ այլ գործիչներին, ինչպես նաեւ այլ անձանց կարող է տրամադրվել պետական պահպանություն Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում»։ Սակայն չի նշվում, ասենք, որեւէ հնչակի կամ բանկիրի ինչի՞ հիման վրա է պահպանություն տրվում՝ իրենց անձնական դիմումների՞ հիման վրա, անձնական նախաձեռնությա՞մբ, կամ գուցե նախագահի բարի կամեցողությա՞մբ: Ըստ այս օրենքի, ՀՀ նախագահի պահպանությունը տարածվում է ոչ միայն նրա հետ համատեղ բնակվող, այլ «նրան ուղեկցող ընտանիքի անդամների վրա», մինչդեռ նշված չէ նրան ուղեկցող պատվիրակության պահպանության մասին։ Հանրապետության պաշտոնաթող նախագահին տրամադրվում է «անձնական ցմահ պետական պահպանություն»։ Այդ «ցմահությունից» չեն օգտվում ոչ նախկին ԱԺ նախագահը, ոչ էլ վարչապետը։ Նրանք պահպանվում են միայն պաշտոնավարության ընթացքում, ինչը, փորձագետների տեսակետից, բացթողում է։ Փաստարկն այն է, որ երկրի վարչապետն եւ ԱԺ նախագահը որոշակի քաղաքականության կրող են եւ պաշտոնաթող վիճակում նույնպես կարող են որոշակի ոտնձգության թիրախ դառնալ։ Պետական պահպանությունը, ըստ այս օրենքի, իրականացնելու է լիազոր մարմինը, որի ընդհանուր ղեկավարումը իրականացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Լիազոր մարմնի հիմնական խնդիրներն են վերոնշյալ պաշտոնյաներին սպառնացող վտանգի կանխատեսումն ու բացահայտումը, նրանց անվտանգության ապահովումը անգամ «երթեւեկության ժամանակ» եւ «պահպանվող օբյեկտներում»: Փորձագետների կարծիքով, առավել վիճահարույցը 13-րդ հոդվածն է, որտեղ սահմանված են լիազոր մարմնի իրավունքները։ Ըստ այս հոդվածի, պահպանական միջոցառումներից են «փաստերի եւ իրադարձությունների փաստաթղթավորումը, լուսանկարումը, ձայնագրումը, տեսանկարահանումը»։ Սահմանված է, որ, քաղաքացիների կամքին հակառակ, բնակելի տարածքներ կամ այլ շինություններ մուտք գործելու յուրաքանչյուր դեպքի մասին լիազոր մարմինը 24 ժամվա ընթացքում տեղյակ է պահելու տվյալ տարածքի դատախազին։ Լիազոր մարմնի ծառայողի (սովորաբար՝ թիկնապահի) «օրինական պահանջները չկատարելը» կամ դրանք խոչընդոտելը առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: Օրենքի ուժ է ստացել թիկնապահների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք գործադրելը։ Լիազոր մարմնի ծառայողը պարտավոր է զգուշացնել դրանք օգտագործելու մասին, «անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար»: Օրենքում առանձին հոդված է դարձել «ֆիզիկական ուժի գործադրումը»։ Լիազոր մարմնի ծառայողներն իրավունք ունեն գործադրելու ֆիզիկական ուժ հանցագործությունների եւ այլ իրավախախտումների կանխարգելման, այն կատարած անձանց ձերբակալման, ծառայողների օրինական պահանջների հակազդեցության հաղթահարման համար։ Ինչպես նկատեցիք, ձերբակալման գործառույթը նույնպես տրված է թիկնապահներին։ Ըստ այս օրենքի, զենքի կիրառումը հարձակման սպառնալիքի դեպքում կարող է կիրառվել «մերկացրած զենքով ձերբակալում կատարող լիազոր մարմնի ծառայողին մոտենալու» դեպքում, ահաբեկչական ոտնձգությունները կանխելու ժամանակ։ Լիազոր մարմնի ծառայողը, ըստ օրենքի, առանց նախազգուշացման զենք կարող է գործադրել, երբ հնարավոր վտանգակիրը «առանց թույլտվության, անսպասելի, կտրուկ շարժում» կկատարի, «ձեռքերը գրպանները կտանի»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ