ԵԽ-Ն ՆԵՐՈՒՄ Է ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂՔԵՐԸ Երեկ Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը դիտարկող ԵԽԽՎ հանձնախումբը քննարկեց մեր երկրին վերաբերող զեկույցը: Այստեղ գնահատականներ կան ինչպես պարտավորությունների կատարման ընթացքի, այնպես էլ 2003-ին Հայաստանում իրականացված ընտրությունների վերաբերյալ: Զեկույցում արձանագրված է, որ Սահմանադրական դատարանը վերանայել է «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վստահության հանրաքվե անցկացնելու մասին որոշումը: Արձանագրված է, թե զանգվածային օրինախախտումներն ու կեղծիքները չեն ազդել նախագահական ընտրությունների վերջնական արդյունքի վրա: Նաեւ պնդում կա, թե խախտումները եղել են երկկողմանի: Հիշեցնենք, որ «Արդարության» ղեկավար Ստեփան Դեմիրճյանն ու դաշինքի այլ գործիչներ արդեն իսկ անհամաձայնություն են հայտնել զեկույցի այս դրույթներին: Մասնավորապես հիշեցրել են, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի 2003-ի հոկտեմբերին արտահայտած տեսակետը, թե վստահության հանրաքվեն ձեւի եւ բովանդակության առումով կորցրել է իր հրատապությունը՝ զուտ մասնավոր անձի կարծիք է: Մինչդեռ ՍԴ որոշումը, որի մեջ պարունակվում է վստահության հանրաքվե անցկացնելու առաջարկը, Սահմանադրության եւ «ՍԴ մասին» օրենքի համաձայն՝ վերջնական է եւ ենթակա կատարման: Լուրջ առարկություններ են եղել նաեւ զեկույցի այն պնդման առնչությամբ, թե խախտումները եղել են երկկողմանի: Ստեփան Դեմիրճյանն անգամ հեգնել էր, թե գուցե պիտի գրեին նաեւ, որ ձերբակալություններն էլ են եղել երկկողմանի՞: Ընդդիմադիրներն իրավամբ նշել էին, թե անպատիժ խախտումներ կատարել եւ ընտրությունների արդյունքները կեղծել կարող են միայն ընտրական հանձնաժողովներում մեծամասնություն ունեցողները, մինչդեռ ակնհայտ է, որ ոչ իշխանության ներկայացուցիչներն այդ հանձնաժողովներում փոքրամասնություն էին: Նկատենք, որ զեկույցում վերոհիշյալ արձանագրումները թերեւս կարելի է գնահատել իբրեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության՝ իշխանությունը ներկայացնող թեւի քարոզչական հաջողություն: Մինչդեռ հաշվի չեն առնվել ընդդիմության առարկությունները: Եվրախորհուրդը Հայաստանի իշխանություններին կարծես սկսել է ներել հին մեղքերը՝ գուցե մահապատիժը վերացնելու վճռականության, իսկ ավելի շուտ, իբրեւ կանխավճար՝ արցախյան հիմնահարցի լուծման հարցում զիջողականության դիմաց: Ա. Ի.