Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում սպասում են ԵԽ-ի դատին

Հունվար 08,2004 00:00

Բաքվում սպասում են ԵԽ-ի դատին «Եթե ինչ-որ մեկն ուզում է իմ ազատման փաստի շահարկումով քաղաքական դիվիդենդներ շահել, ապա ես պատրաստ եմ նորից բանտ վերադառնալ»,- ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ օրերս Բաքվում կայացած կլոր սեղանի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել նացիոնալ-դեմոկրատական «Բոզ քուրդ» կուսակցության առաջնորդ, ՆԳ նախկին նախարար Իսկանդեր Համիդովը: Հիշեցնենք, որ վերջինս սկզբնապես դատապարված է եղել մահվան: Որոշ ժամանակ անց մահավճիռը փոխարինվել է ցմահ բանտարկության որոշմամբ, ապա՝ եվրոպական կառույցների ու հատկապես ԵԽ-ի ճնշմամբ Համիդովին, որն Արեւմուտքում վաղուց արդեն ընկալվում էր իբրեւ Ադրբեջանի թիվ մեկ քաղբանտարկյալ, ազատ են արձակել: Ադրբեջանցի ընդդիմադիրները հենց այնպես չէին հավաքվել: Երեկ Ստրասբուրգում պետք է լսվեր մոնիտորինգի խմբի եզրակացությունը: Բաքվի աղբյուրների հավաստմամբ, հիշյալ նիստին պետք է հրապարակվեր Ադրբեջանի գծով զեկուցող՝ պաշտոնական Բաքվի աչքի փուշը դարձած Անդրեաս Գրոսի եւ Մարտինես Կասանի զեկույցը: Բաքվում կայացած կլոր սեղանի մասնակիցները միահամուռ արձանագրել են, որ ԵԽ-ին անդամակցության տարիներին Ադրբեջանը որեւէ էական քայլ չի կատարել այդ կառույցի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ: Ավելին, ադրբեջանցի ընդդիմադիրների կարծիքով, ի բացառություն մի քանի քաղկալանավորների ցուցադրական ազատ արձակման, երկիրը լուրջ ետընթաց է ունեցել: ԵԽ առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման աստիճանի մասին, բնականաբար, տրամագծորեն հակառակ կարծիքի են Ադրբեջանի իշխանական թեւի ներկայացուցիչները: Օրինակ, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը միայն հարավկովկասյան ֆունկցիոներներին բնորոշ «ուղղամտությամբ» հայտարարել է, թե Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններն Ադրբեջանը կատարել է՝ ուշադրություն դարձրեք՝ 99 տոկոսով: Ինչ վերաբերում է մնացած 1 տոկոսին, ապա Սեիդովը դա բացատրում է՝ այլընտրանքային ծառայության հետ կապված «որոշ անհամաձայնություններով», որոնք, սակայն, ըստ նրա, ներկայումս գտնվում են շտկման փուլում: Այդուհանդերձ, Բաքվի փորձագիտական շրջանակներում հակված չեն ենթադրել, թե Ադրբեջանին լուրջ պատժամիջոցներ են սպառնում: Ըստ այդմ, պարիտետը չխախտելու նկատառումով, այդպիսիք գործադրելու պարագայում նույնատիպ պատժի պետք է ենթարկվի նաեւ Հայաստանը, որը հաշվետու ժամանակաշրջանում մարդու իրավունքներին եւ բազմաթիվ այլ ոլորտներին առնչվող զանազան խախտումներով Ադրբեջանին բոլորովին չի զիջել: Ադրբեջանական դիտորդները, սակայն, տվյալ պահին խիստ փոքր են գնահատում ԵԽ-ում այդպիսի զարգացման հեռանկարը, վկայաբերելով ներկայումս տարածաշրջանում ձեւավորված իրողությունների առանձնահատկությունները: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել