Կոալիցիայի՞ն՝ «ոչ», նախագահին՝ «այո» Այդպիսին է պատգամավոր Հակոբ Հակոբյանի դիրքորոշումը «Կարելի է ասել, որ անցած տարում պատգամավորները ժողովրդի համար չարեցին ոչինչ։ Ընդունած օրենքներով կա՛մ հարկային բեռի բարձրացման ենք գնացել, կա՛մ էլ՝ ընդունած օրենքները ժողովրդի համար ոչ պիտանի օրենքներ են եղել»,- այսպիսի հոռետեսական գնահատական տվեց խորհրդարանի աշխատանքին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Էջմիածին), երբ «Առավոտը» փորձեց հստակեցնել՝ առաջին նստաշրջանում ինչպես են իրենց նախընտրական խոստումը կատարել նորընտիր պատգամավորները։ Մանավանդ այսօր խորհրդարանում հայտնված քաղաքական ուժերից եւ անհատ պատգամավորներից շատ քչերն էին, որ վարակված չէին պոպուլիզմով։ Իսկ ինչո՞ւ այդ պոպուլիզմը որեւէ շոշափելի արդյունքի չբերեց։ Մեր այս հարցին պատասխանելով, պատգամավոր Հակոբ Հակոբյանն ասաց. «Ես իմ քվեարկություններով արտահայտել եմ իմ դիրքորոշումը։ Այն օրենքների նկատմամբ, որոնք ժողովրդին վնաս էին բերելու, ես արտահայտել եմ իմ դիրքորոշումը՝ «դեմ» քվեարկություններով»։ Պատգամավոր Հակոբ Հակոբյանը ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս իր ընդդիմադիր կեցվածքով, եւ հետաքրքիր է ճշտել՝ ո՞ր ճամբարում է այժմ գործելու պատգամավորը. «Ես ընդհանրապես չեմ եղել ո՛չ իշխանական եւ ո՛չ էլ ընդդիմադիր թեւերում։ Եվ այն խնդիրները, այն օրենքները, որոնք տեսանելի օգտակար են ժողովրդին, ես այդ օրենքներին միշտ էլ դրական մոտեցում եմ ունեցել։ Իսկ այն օրենքները, որոնք անկախ այն բանից, թե ով է ներկայացնում՝ կառավարությունը, թե ընդդիմությունը, եթե գտնում եմ, որ վտանգավոր է ժողովրդի համար, ես դեմ եմ քվեարկել»։ Փորձեցինք եւս մի քանի գնահատական ստանալ անցնող (արդեն՝ անցած) տարվա շուրջ։ Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ պատգամավոր Հակոբ Հակոբյանի գնահատմամբ՝ անցած տարվա ամենավատ դրսեւորումը կոալիցիայի ստեղծումն էր. «ժողովրդի համար շատ վատ էր, որ քաղաքական դաշտում ստեղծվեց կոալիցիա։ Անհասկանալի կառույց է դա։ Ստեղծվել է ժամանակավոր քաղաքական ուժ, որն անընդունելի է։ Հարկավոր էր ունենալ մեծամասնություն, որն իր վրա կվերցներ պետության պատասխանատվությունը։ Իսկ այդ կոալիցիան ժամանակավոր երեւույթ է, որն այս ընթացքում մեր քաղաքական դաշտը թողել է նույն տեղում, չի գրանցվել ոչ մի առաջընթաց։ Նույնիսկ կարելի է ասել, որ ինչ-որ տեղ ետ է գնացել»։ Ըստ Հակոբ Հակոբյանի՝ լավ բաներ եւս եղել են անցած տարում։ Կոալիցիայի մասին այսպիսի ժխտողական գնահատականից հետո, պրն Հակոբյանը որպես «լավ բան» նշեց հետեւյալը. «լավ բանն այն է, որ Երեւան քաղաքը կառուցվել է, հսկայական շինարարական աշխատանքներ կատարվեցին, հիմնականում գիտության եւ մշակույթի բնագավառում, հանրապետության նախագահի միջամտությամբ եւ իր համառ ցանկությամբ տեղի ունեցավ վերանորոգում։ Մենք տեսանք, որ թատրոնները վերանորոգվեցին ու թարմացան։ Կարծում եմ, այդ աշխատանքները կշարունակվեն»։ Թերեւս պատգամավոր Հակոբ Հակոբյանի գնահատականներից ակնհայտ է, որ նրան չես կոչի կոալիցիոնամետ, բայց նախագահամետ՝ պարզապես չես կարող չկոչել։ Հետեւաբար, հաջորդ հարցը եւս խիստ հասկանալի պիտի լինի։ Արդյո՞ք, այս տարի տեղի կունենա Սահմանադրական դատարանի առաջարկած վստահության հանրաքվեն։ Պրն Հակոբյանի կարծիքը միանշանակ է. «Հանրապետության նախագահն ընտրվել է, մենք բոլորս գիտենք։ Իսկ այդ հանրաքվեն քաղաքական դաշտում դժգոհություն եւ լարվածություն է առաջացնելու։ Նախագահն արդեն ընտրվել է, մեկ տարի չկա նախագահում է։ Ինքը «սրոկ» ունի, կավարտի, թող դրանից հետո ընտրություն լինի եւ ժողովուրդը թող ընտրի ում որ կուզի։ Թե չէ, այնպես է ստացվում, որ ցանկացած քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ ձգտում է իշխանափոխության։ Ես դա չեմ ընդունում։ Իշխանափոխությունը պետք է լինի միայն լուրջ ճգնաժամերի ժամանակ։ Իսկ հիմա այդպիսի իրավիճակ չէ եւ իշխանափոխության կարիքը չկա»։ Ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին եւս Հակոբ Հակոբյանը խիստ ինքնատիպ գնահատական տվեց։ Ըստ նրա՝ այսօր ընդդիմություն չկա. «ընդդիմություն չկա, քանի որ ընդդիմությունն ԱԺ է եկել իշխանափոխության կարգախոսով, բայց իր համար փափուկ անկյուն է ստեղծել եւ իր անձնական հարցերն է լուծում այս միջանցքներում նախարարների հետ։ Իրենց հարցերը լուծելու ժամանակ մոռացել են, թե ժողովրդին ինչ խոստումներ են տվել եւ ինչի համար են եկել։ Այսօրվա ընդդիմության մեծամասնությունն անձնական խնդիրներ է լուծում մեր աչքի առաջ՝ նախարարների եւ վարչության պետերի հետ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ