Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՇՆԱԿԻ ՎԶՅԱԼԻ» ԿԱՊՈՒՂԻ

Հունվար 08,2004 00:00

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը տարեմուտից առաջ հեռարձակման արտոնագիր շնորհեց «Երկիր Մեդիա» հեռուստախմբագրությանը, հերթական անգամ կապուղի չտրամադրելով «Ա1+»-ին եւ «Նոյյան տապանին»: «Երկիր Մեդիա»-ի մրցութային առաջարկը հանձնաժողովի բոլոր 9 անդամները «4» էին գնահատել, ուստի այս հեռուստախմբագրությունը հավաքեց 36 միավոր: Երկրորդ տեղում «Ա1+»-ն էր, որ ստացավ 30 միավոր:

Ինչպես եւ նախորդ մրցույթում՝ ՀՌԱՀ անդամ Կարինե Խոդիկյանն էլի «5» էր նշանակել «Ա1+»-ի առաջարկին, Արա Թադեւոսյանը՝ «4», իսկ հանձնաժողովի մնացած անդամներն բավարարվել էին «3»-ներով:

Հաշվի առնելով, որ 2002-ի ապրիլի 2-ի մրցույթում ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը «Ա1+»-ի ծրագիրը գնահատել էր «1», հետո միշտ նշանակում էր «2», իսկ այս անգամ նույնպես բարձրացրեց «3» գնահատականը, մնում էր ոչ այնքան լրջորեն ենթադրել, որ եթե եւս 2 մրցույթ լիներ՝ նա վերջապես «5» կնշանակեր ժամանակին շուրջօրյա եթերով իր հնարավորություններն ապացուցած «Ա1+»-ին: Սակայն ավա՜ղ, այդպես էլ չենք տեսնի այդ «5»-ը նրա ձեռքում, քանի որ առաջիկա 5-7 տարվա համար մնացել է միայն 1 մրցույթ: Մեր այս դիտարկումներին Գրիգոր Ամալյանն այսպես արձագանքեց. «Չեմ կարծում, թե մնացել է միայն մեկ կապուղի: Եվ ընդհանրապես, չի կարելի կանխատեսել մրցույթների քանակը. օրենքը նախատեսել է նաեւ պատժամիջոցներ օրինախախտ հեռուստաընկերությունների նկատմամբ: Կարող են լինել նաեւ ընկերություններ, որոնք վաղաժամկետ կհրաժարվեն իրենց արտոնագրերից»: Երկու հնարավորություններն էլ զուտ տեսական են, քանզի որեւէ հեռուստաընկերություն չի հրաժարվում իր արտոնագրից՝ ուղղակի բաժնետոմսերը վաճառում է մեկ ուրիշի: Հնարավոր չէ նաեւ, որ ՀՌԱՀ-ը որեւէ մեկին զրկի արտոնագրից՝ դատելով խիստ հազվադեպ արձագանքներից, որոնց արժանանում են եթերում բացահայտ օրինախախտումները:

Իսկ «Ա1+»-ին իր գնահատականների աստիճանական աճը Գրիգոր Ամալյանն այսպես բացատրեց. «Բնական էր, որ պիտի մի նիշ ավելի գնահատեի, քանի որ այս պարագայում «Ա1+»-ը կատարել էր մի քայլ առաջ, երկու քայլ ետ շարժ: Դրական առաջընթաց կար նրա առաջարկում: Զտված էին մի շարք տվյալներ, որոնք նախորդ մրցույթում գործեցին որպես բացասական գործոն: Օրինակ՝ ուրախալի եւ ողջունելի էր, որ այս անգամ «Ա1+»-ը հրաժարվել էր մի շարք անհեթեթ տվյալներ ներկայացնելուց՝ մասնավորապես ինտելեկտուալ ներդրման եւ արտոնագրված 10 հազար ֆիլմերի հետ կապված»: «Ա1+»-ի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը հայտնեց մեզ, որ այդ տվյալները չեն ներառվել միայն այն պատճառով, քանի որ դրանց վերաբերող հայցը դատական վիճարկման փուլում է (ի դեպ, դատական նիստը նշանակված է հունվարի 9-ին):

Իսկ «2 քայլ ետ»-ն էլ, ըստ ՀՌԱՀ նախագահի բացատրությունների՝ այն է, որ «Ա1+»-ն այս անգամ իր առաջարկում չէր մանրամասնել, թե ինչպես է ծախսելու նախատեսվող 2 մլն դոլարի ներդրումները. «Բացառությամբ տեխնիկայի ձեռքբերման մասի՝ ոչինչ չկար»:

«Նոյյան տապանի» առաջարկը հավաքեց 26 միավոր: «ՆՏ»-ի ներկայացուցիչը հետաքրքրվեց, թե օրենքով սահմանված միասնական չափորոշիչների պայմաններում ինչպե՞ս է բացատրվում, որ ՀՌԱՀ անդամներից մեկը «2», իսկ մեկ ուրիշը նույն ծրագրին նշանակում է «5»: Ի պատասխան պրն Ամալյանն ասաց. «Որեւէ վտանգավոր կամ տարօրինակ բան չեմ տեսնում, որ հանձնաժողովի անդամները 4 առանձին վերցրած չափորոշիչ գնահատելուց կարող են նաեւ առաջնայնություն տալ այս կամ այն չափանիշին»:

«Ավետիս» հեռուստաընկերությունը, որը խոստացել էր շուրջ 11 մլն դոլարի ներդրումներ, ստացավ ամենացածր նիշը՝ 22 միավոր: Ըստ ՀՌԱՀ նախագահի՝ «Ավետիսի» ծրագրում հայրենական եւ սեփական արտադրության հաղորդումների վերաբերյալ խառնաշփոթ տվյալներ էին: Սակայն «Ավետիսը» դեռ եթերում կլինի մինչեւ հունվարի 19-ը, քանի որ այդ ժամանակ է սպառվում նրա հեռարձակման արտոնագրի ժամկետը:

Իսկ «Հուսաբեր» ՓԲԸ-ի ղեկավար Ռուբինա Ղազարյան-Պետրոսյանը մեզ հայտնեց, որ «Երկիր ՄԵդիան» եթերում կհայտնվի «սահմանված 6 ամսում: Իհարկե, կաշխատենք փորձնական եթերները սկսել ավելի շուտ»:

Գրիգոր Ամալյանը նշեց, թե «Հուսաբերը» ներկայացրել էր ամենակազմակերպված առաջարկը. «Հատկապես առաջարկված տեխնիկական լուծումների իմաստով միանշանակ լավագո՛ւյնն էր»: Սա խիստ ուշագրավ գնահատական է այն պարագայում, երբ անգամ ի տարբերություն «Շարմի»՝ «Երկիր Մեդիայի» ծրագրերը երբեւէ չեն տեսել հեռուստադիտողները, այդ թվում եւ՝ ՀՌԱՀ անդամները:

«Ա1+»-ի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը նկատեց. «Ծիծաղելի է այս հանձնաժողովն ու իր կայացրած որոշումները, եթե «լավագույն» է ճանաչել մի հեռուստաընկերության, որի տեխնիկական բազայում, ըստ առաջարկի, կա սեփական ընդամենը 2 տեսախցիկ, 4 մոնիտոր եւ 2 բարձրախոս: Այն կազմ չունի եւ ընդհանրապես չի տվել ոչ մի հեռուստաարտադրանք, բայց խոստանում է 80% հայրենական հաղորդումներ»:

Ի դեպ, երբ ժամանակին հրապարակեցինք, որ «Հուսաբեր» ՓԲԸ-ի բաժնետերերից մեկը՝ ամերիկյան «Հորիզոն» հեռուստաընկերությունը հիմնադրել է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն, «Հորիզոնի» տնօրեն Բիանկա Մանուկյանը մամուլում հերքեց այս տեղեկությունը, նշելով, թե իրենց ընկերությունը ստեղծել է «Ասպարեզ նյուզ ընդ էդվըրթայզինգը»: Նկատենք, որ «Ասպարեզն» էլ է Դաշնակցության պաշտոնական մամուլի աղբյուրներից մեկը (տես՝ ՀՅԴ ինտերնետային www.arfd.am էջը): Այս ամենը կարեւոր է, քանզի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ կուսակցությունները չեն կարող լինել հեռուստաընկերությունների հիմնադիր: Ուստի օրենքի անուղղակի խախտման վերաբերյալ այս տվյալները գրավել էին նաեւ ՀՌԱՀ նախագահի ուշադրությունը. «Ահազանգը, որ հնչել էր մամուլում, պիտի դառնար հանձնաժողովի համար եւս հետաքրքրության առարկա: Կատարվել է ճշտում՝ գոյություն չունի կուսակցության հետ նման պաշտոնական առնչություն: Լրատվամիջոցները, որոնք «Հուսաբեր» ՓԲԸ-ի հիմնադիրներն են, չունեն կուսակցական հիմնադիրներ»:

Բացահայտենք, որ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ԿԿ-ի կողմից հիմնադրված լինելու մասին տեղեկությունն «Առավոտին» հայտնել էր «Հորիզոն»-ի Երեւանի գրասենյակի ղեկավար Ռիտա Շառոյանը: Այս հերքումներից հետո պարզաբանումների մեր խնդրանքին ի պատասխան՝ Ռիտա Շառոյանն ասաց. «Հորիզոնը» 1988-ին ԱՄՆ-ում հիմնադրել է ՀՅԴ-ն, որից հետո հեռուստաընկերությունը դարձել է իսկապես անկախ միավոր»:

Չի անցնի եւ կես տարի եւ ակնհայտ կլինի, թե արդյոք «Երկիր Մեդիան» իսկապե՞ս անկախ է եւ կապ չունի՞ ՀՅԴ հետ:

Իսկ մինչ այդ՝ առաջիկայում առավել հանգամանալից կանդրադառնանք այս հեռուստախմբագրության հաղթողական ծրագրին:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031