«ՄԵՆՔ ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻ ՉԵՆՔ» Վրաստանի ազգային փոքրամասնությունները մեծ հույսեր են կապում նոր իշխանությունների հետ Հունվարի 4-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում Ախալքալաքի, Նինոծմինդայի եւ Ծալկայի շրջանների բնակչությունը նախապատվությունը տվել է Միխայիլ Սահակաշվիլուն: Այսպես, Ախալքալաքում նրա օգտին է քվեարկել ընտրողների շուրջ 90 %-ը: Նինոծմինդայում՝ 95, Ծալկայում՝ ընտրողների 85 %-ը։ Հիշեցնենք, որ Վրաստանի ԿԸՀ-ի երեկ հրապարակած տվյալներով, Միխայիլ Սահակաշվիլին երկրի նախագահ է ընտրվել ընտրողների ձայների 95,83 %ով: Ակնհայտ է, որ ներկայացված այս վերջին ցուցանիշը ներառում է նաեւ Վրաստանում ապրող մյուս ազգային փոքրամասնությունների ընդհանուր առմամբ կատարած ընտրությունը: Իսկ դա նշանակում է, որ վերջիններս իրենց ինքնապահպանման բնազդով պայմանավորված ընտրությունից զատ /ազգային փոքրամասնությունները, որպես կանոն, իշխանամետ են/ որոշակի ակնկալիքներ ունեն Վրաստանի նոր նախագահից: Դեռ մինչեւ ընտրությունները մենք առիթ էինք ունեցել զրուցելու Վրաստանի «Բազմազգ Վրաստան. համաքաղաքացիական շարժում» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանի հետ, որն, իր ասելով, թեեւ նոր իշխանությունների հանդեպ ընդդիմադիր կեցվածք ունի, բայցեւ լիահույս է, որ նրանք՝ Մ.Սահակաշվիլու գլխավորությամբ, կփորձեն լուծել Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ունեցած հիմնախնդիրները: Իսկ հիշյալ կազմակերպությունը, որը միավորում է Վրաստանի 18 էթնիկ համայնքների եւ ազգային փոքրամասնությունների 56 կազմակերպություններ, ներկայացնում է ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների, ասորիների, քրդերի եւ այլ ազգային փոքրամասնությունների պրոբլեմները, որոնք մեր զրուցակցի մատուցմամբ, համարյա նույնն են: Դրանցից մեկը Վրաստանի պետական լեզվի չիմացությունն է, որ լուրջ արգելք է փոքրամասնությունների համար ինչպես հասարակության մեջ լիովին ինտեգրվելու, այնպես էլ իրենց՝ որպես Վրաստանի քաղաքացիներ, իրավունքներն ամբողջովինն իրացնելու համար: Կա նաեւ ընդհանուր այլ խնդիր եւս՝ տեղեկատվության պակաս հատկապես փոքրամասնություններով կոմպակտ բնակեցված հեռավոր շրջաններում: Ազգային փոքրամասնությունները նաեւ հաճախ քաղաքացիական գիտակցության ցածր մակարդակ ունեն, ուստի՝ որպես Վրաստանի քաղաքացիներ, պասիվ են, ներկայացված չեն կառավարությունում, պետական այլ մարմիններում, «իսկ խորհրդարանում 135 պատգամավորից միայն 14-ն են էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչներ»: «Կարծում եմ, այդ վիճակը փոքրամասնությունների նկատմամբ վստահության պակասի, առհամարհանքի արդյունք է»,- նկատեց նա՝ հավելելով, թե իր տպավորությամբ, Վրաստանում շատերը էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչներին ասոցիացնում են «տրոյական ձիու» հետ: Ըստ պրն Ստեփանյանի, Վրաստանում կատարվող ուսումնասիրություններից ակնհայտ է, որ ոչ միայն վրացիները փոքրամասնություններին չեն վստահում, այլեւ՝ այդ փոքրամասնություններն էլ վրացիների նկատմամբ առանձնապես մեծ վստահություն չեն տածում: «Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ բազմազգ երկրում նման վիճակը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, բայց ինչու այդ վիճակը չի փոխվում՝ անհասկանալի է»: Իսկ «Բազմազգ Վրաստան. համաքաղաքացիական շարժում» կազմակերպությունը մտադիր է առաջիկայում, թերեւս, արդեն Վրաստանի նոր խորհրդարանին, առաջարկել օրենք ընդունել ազգային փոքրամասնություններին պետական կառույցներում քվոտավորման համար: Իհարկե, Ա.Ստեփանյանը դժվարացավ ասել, թե ապագա խորհրդարանը դրան ինչպես կվերաբերի, բայց նրա համոզմամբ, այսօր շատ բան, իհարկե, փոխվել է: «Ես հանդիպել եմ նաեւ Միխայիլ Սահակաշվիլու հետ, որը ի պատասխան հայկական ռադիոժամ ունենալու մեր առաջարկին, հավաստիացրեց, թե հայերը դեռ հեռուստաժամ էլ կունենան եւ կատարեց իր խոստումը: Այսինքն, մարդն իր խոսքի տերն է եւ ես զգում եմ, որ տվյալ հարցում նա շահագրգիռ է, որ փոքրամասնությունների, գոնե մշակութային ոլորտին վերաբերող պահանջները բավարարվեն: Ըստ էության, նույնն է վերաբերմունքը նաեւ մյուս փոքրամասնությունների նկատմամբ»,- դեռ 2003-ի դեկտեմբերին ասում էր Ա.Ստեփանյանը: Իսկ ընդհանուր առմամբ, Վրաստանում էլի հայերն են քաղաքականապես ամենաակտիվը եւ Ա.Ստեփանյանի գնահատմամբ, հայազգի քաղաքական գործիչների թիվը Վրաստանի խորհրդարանում պետք է լինի ամենաքիչը 12-15 հոգի: Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախեթիի հիմնախնդիրներին, Ա. Ստեփանյանը արտառոց ոչինչ չտեսավ այն բանում, եթե Ջավախքում մարդիկ խոսում են ինքնավարության մասին: «Ես կարծում եմ, իշխանություններն իրենք էլ չպետք է խուսափեն խոսել դրա մասին: Եթե Վրաստանում ֆեդերալիզմի ինստիտուտ ներդրվի, կարծում եմ, ինքնավարության խնդիրն ինքնըստինքյան կվերանա: Իշխանությունները սկզբունքորեն դրան պատրաստ են»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ