հրաշքների չեն հավատում
Որովհետեւ մեծերի «կերտած» Ձմեռ պապի եւ Ձյունանուշի կերպարները վստահություն չեն ներշնչում:
Այս տարի ամանորյա հանդեսներ չեղան մայրաքաղաքի գրեթե ոչ մի մանկապարտեզում, թեպետ նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ վաղուց: Նույնիսկ անցյալ տարվա ցրտաշունչ ձմեռը չխանգարեց Ձմեռ պապին, որ դպրոցներ ու մանկապարտեզներ այցելի: Չէ՞ որ Ձմեռ պապն ինքը շատ ցուրտ երկրներից է գալիս ու ցրտից բնավ չի վախենում: Իսկ, այ, գրիպից Ձմեռ պապն ու Ձյունանուշը, պարզվում է, շատ են վախենում, ու այս տարի շատ երեխաների նրանք չայցելեցին՝ հենց գրիպի ճարակ չդառնալու համար: Կամ գուցե Ձյունանուշն էլ էր գրիպով հիվանդացել, ու Ձմեռ պապը նրան էր խնամում: Այս տոներին ստիպված էինք կյանքից վերցրած նմանատիպ մի սուտ հորինել, որպեսզի չհիասթափեցնեինք երեխաներին, որպեսզի նրանք չդադարեն հրաշքների հավատալ: Կամ էլ պետք է Ձմեռ պապին տուն հրավիրեինք, բայց դա էլ թանկ կնստեր:
Շատ մանկապարտեզներ, որոնք դեկտեմբերի սկզբից փակ էին, երեխաներին չտխրեցնելու համար, Ամանորի շեմին նրանց հրավիրեցին միայն Ձմեռ պապի հետ հանդիպելու եւ նվերներ ստանալու համար: Սակայն ամեն տարվա պես երեխաները կասկածանքով էին նայում Ձմեռ պապին՝ արդյո՞ք Վարդուհի մորաքույրը չէ, կամ տնտեսվար քեռի Սարգիսը: Որովհետեւ կարմիր վերարկուի տակից ինչ-որ ծանոթ կոշիկներ են երեւում, «բա ձայնը՝ ինչ-որ ծանոթ ձայն է, որ ամեն օր մեզ վրա գոռում է ու կարգի հրավիրում»,- մտածում են երեխաները: Հետո ծնողներին խնդրում են տանել Հանրապետության հրապարակ՝ իսկական Ձմեռ պապ տեսնելու: Այստեղ էլ Ձմեռ պապը հավատ չի ներշնչում՝ «հայրիկի սեւ անդրավարտիքից է հագել, իսկ մորուքն էլ մի տեսակ կեղտոտ է, իսկ էս Ձյունանուշը հեչ իր անվանը չի համապատասխանում՝ սեւ մազերով, առանց գլխարկի: Չէ, ավելի լավ է հեռուստացույցով նայենք նրանց, ոչինչ, որ հեռուստացույցից նվերներ չեն տալիս մեզ, մենք առանց մի պլաստմասսայե դիմակի էլ յոլա կգնանք»,- շշնջում են երեխաները: Մի փոքր հույս էլ հայրիկ-մայրիկների բերած դիմակահանդեսների տոմսերն են: Բայց այստեղ էլ հերոսներն են սարսափազդու:
Հունվարի 4-ին գլխավոր փոստատան դահլիճում կայացած մի հանդեսից խուճապահար դուրս էին փախչում ծնողները՝ երեխաների թեւքերից պինդ բռնած: Հանդեսին մի չար կախարդ այնպես էր բղավել, որ երեխաները տեղում չորացել էին: Իսկ ծնողներից մեկի զգուշացմանն ի պատասխան, չար կախարդը, դերից դուրս չգալով, պատասխանել էր՝ «դե ռադներդ քաշեք»:
Հետո էլ ասում են, թե մեզ մոտ երեխաները երեխայի նման չեն: Բայց չէ՞ որ մեծերն են ստիպում, որ նրանք ժամանակից շուտ մեծանան ու չհավատան, որ կյանքում իսկապես հրաշքներ կան, որ Ամանորի գիշերը նվերները բարձի տակ է դնում Ձմեռ պապը եւ ոչ թե մայրիկը կամ հայրիկը: Մի խոսքով, հայերիս մոտ երեխաներին եւս լուրջ չեն վերաբերվում: Ու դրանից է, որ հայ երեխաները մանկուց մեծ են լինում:
Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ