«Գյումրիի
Մուշ թաղամասի բնակիչներին ջեռուցմամբ ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն
Քըրք Քըրքորյանի թոռը լինել», – համոզված է «Մուշ կաթսայատուն» ՓԲԸ-ի գործադիր
տնօրեն Անդրանիկ Կարապետյանը:
Պարոն Կարապետյանին ապշեցնում է բնակիչների «քոռ կոպեկ» չվճարելն ու ջեռուցում պահանջելը: Մինչդեռ այս ընթացքում միայն տոներն էին խանգարում բնակիչներին հերթական բողոքի ակցիան կազմակերպելու համար: Ամանորը Մուշում սկսվեց նոր բողոքներով, անգամ քաղաքապետարանի հասցեին հնչող անեծքներով: Ինչպես հայտնի է, Մուշ թաղամասը միակն էր, որի ջեռուցման խնդիրը Գյումրու քաղաքապետարանը անցած տարվա սեպտեմբերից սկսած համարում էր հարյուր տոկոսով լուծված: Սակայն Մուշում 119 փակ դռներ կան՝ դատարկ բնակարաններից վարձ չես հավաքի: Չնայած Անդրանիկ Կարապետյանի վստահեցմամբ, ոչ փակ 399 բնակարաններից մինչեւ օրս երեք ընտանիք է իրենց հետ պայմանագիր կնքել: Իսկ բնակիչները պնդում են, որ՝ ի տարբերություն Անի թաղամասի, որտեղ մեկ քառակուսի մետրի համար պահանջվում է 1100 դրամ, իրենցը անչափ թանկ է՝ 1729 դրամ, ջեռուցումն էլ ջեռուցման նման չէ: Անի թաղամասում ջեռուցման գինն իջել է ի հաշիվ կառավարության եւ քաղաքապետարանի գումարային օժանդակության: Այսինքն՝ բնակիչների մատուցմամբ, Անի թաղամասի դեպքում սակագին է սահմանված, իսկ Մուշի պարագայում բնակիչներն ստիպված են ինքնարժեքով վճարել:
Անդրանիկ Կարապետյանն այս ամենի վերաբերյալ այլ համոզմունք ունի. «Եթե անգամ 1 քառակուսի մետրի համար 500 դրամ սահմանենք, բնակիչները դարձյալ գլուխներս կջարդեն: Նրանք չվճարելու համար տարբեր պատճառներ են մեջբերում. էլ իրենց քոռ ու թոփալ, էլ թոշակառու ու բազմազավակ լինելը, անգամ պաշտոնյա ամուսին ունենալը»: Ըստ գործադիր տնօրենի, սահմանվածից ավելի էժան գին չէր էլ կարող լինել. Մուշը, ի տարբերություն Անի թաղամասի, անցել է լոկալ ջեռուցման համակարգի, որի դիմաց պետք է վճարել ամբողջությամբ: Քաղաքապետարանը 2 մլն դրամ է փոխանցել որոշ շենքերի վնասված ջերմացանցը վերանորոգելու համար: Բնակիչներն այս հարցում հասցրել են ինքնատիպ բիզնեսով զբաղվել: Նրանցից շատերը համապատասխան սարքավորումները ժամանակին քանդել ու վաճառել են: Իսկ գործից անտեղյակ «Մուշ կաթսայատունը» այսօր դարձել է նույն ապրանքի գնորդներից մեկը: Ներկա պահին կան շենքեր, որոնց ջերմացանցը հնարավոր չէ վերանորոգել, քանի որ նկուղներում ահռելի քանակությամբ ջուր է կուտակվել:
Անդրանիկ Կարապետյանի ասելով, անցած տարվա պատմությունն իրենց խրատ է եղել: Բնակիչներից շատերը թեեւ ընձեռված հնարավորությունից ճոխ-ճոխ օգտվել են. տաք բաղնիք ընդունել, տան գորգերը լվացել, բայց պարտքերը չեն վճարել: 14 մլն դրամից վճարվել է ընդամենը 1 մլն 900 հազար դրամ, որից 1 մլն 200 հազար դրամը փակվել է տների առք ու վաճառքի շնորհիվ: Իսկ բնակիչները վստահեցնում են, որ իրենք ջեռուցման «երես չեն տեսել», ուղղակի լսել են, որ կա. ջերմացանցն էլ տաք ջրի փոխարեն սառը ջրով է լցված եղել:
Բնակիչների ամենօրյա բողոքները տարբեր թեմաներով են: Նրանք մեկ դժգոհում են համատարած թոքաբորբով հիվանդանալուց, մեկ անմարդկային պայմաններից. օրինակ, 10 հոգով մի սենյակում ապրելուց, երբեմն էլ փայտի գների կտրուկ թանկացումից: Ջեռուցման համար նախատեսված 120 օրից մնացել է ընդամենը 80 օր: Իսկ պաշտոնյաներն ու բնակիչները գրեթե ամեն օր հանդիպում են, բայց մեկը մյուսին համոզել այդպես էլ չեն կարողանում:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ