Լրահոս
Օրվա լրահոսը

Լավատեսական նյութ

Դեկտեմբեր 27,2003 00:00

Լավատեսական նյութ Երեկ ԿԳ նախարար Սերգո Երիցյանն իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում խոստովանեց, որ իր գործունեության ընթացքում դեռեւս չի հասել ոլորտի գիտության հատվածին, եւ որ թիրախը եղել է միայն կրթության մասը: Շարունակելով նախարարի միտքը՝ ասենք, որ այդ ընթացքում հատկապես թիրախ էր դարձել հանրակրթության հատվածը՝ վկա օպտիմալացման՝ թերություններով լի գործընթացը: Սակայն մեր տոնական վերջին համարում զերծ մնանք խիստ քննադատություններից: Եվ իբրեւ ոլորտի ամենաուրախալի ձեռքբերում՝ նշենք նախարարի մի տեղեկությունը, ըստ որի կրթական բարեփոխումների նոր վարկային ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկն ակնկալում է 95-100 տոկոս արդյունավետություն, որն ամենաբարձրն է ԱՊՀ տարածքում: Անգամ Ռուսաստանում այն 50 տոկոսից չի անցել: Բացի այդ, պատմության մեջ առաջին անգամ ՀԲ-ն համաձայնել է շարունակական վարկային ծրագիր կնքել՝ 45 մլն դոլար ընդհանուր արժողությամբ՝ առանց ընթացիկ բանակցությունների, ու Ս. Երիցյանի ասելով, ՀԲ-ն գոհ է քննարկումներում ԿԳ նախարարության պահվածքից, «եւ դա նաեւ իմ նախորդի շնորհիվ»,- ոչ պաշտոնական զրույցում ասաց Ս. Երիցյանը: Որպես բարի լուր, նշենք նաեւ, որ 3-4 տարի հետո ոլորտը շուրջ 6-7 հազար ուսուցչի կարիք կունենա, քանի որ մեր հանրակրթությունը սահուն անցում է կատարում 12-ամյա կրթության: Այսպիսով, 2003 թ. հնարավոր հիմքերը ստեղծվեցին, որպեսզի մինչեւ 2004թ. կեսերը ունենանք արհեստագործական կրթության (նախկին կՁձ) մշակված ռազմավարություն, 2005-ից ունենանք նախակրթարանների համակարգ, մի խոսքով՝ բոլորովին նոր կրթակարգ, իսկ 2006-ից՝ ամբողջովին նոր դասագրքեր, որոնք նախապես կփորձարկվեն: Երկու տարի փորձարկումից հետո 2006-ին գործի կդրվի նաեւ Գիտելիքների գնահատման կենտրոնը: ԿԳ նախարարն ուշադրությունը կսեւեռի նաեւ գեղարվեստական դաստիարակության վրա՝ քայքայումից փրկելով երաժշտական դպրոցները, կստեղծի հզոր տեսչական ծառայություն՝ հետ չմնալով աշխարհից, ինչը, պրն Երիցյան խոսքերով, կկանխի ուսուցիչների հետագա անարդարացի կրճատումները: Ի դեպ, եթե 2004-ին ուսուցչի միջին ծանրաբեռնվածությունը նախատեսված է 20 ժամ, ապա 2005-ին այն կդառնա 22: Նախարարը ցանկություն ունի ստեղծելու նաեւ հասարակայնության հետ կապերի վարչություն, որը քաղաքացիներին հուզող հարցերին կոնկրետ պատասխաններ կտա: Կարեւորն այն է, որ վերոնշյալ բոլոր ծրագրերի համար ամենակարեւոր՝ ֆինանսական խնդիրը լուծված է: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել