2004-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ Է «ԱՌԱՎՈՏԻ» 10-ԱՄՅԱԿԸ Ի՞նչ են հուշում«Առավոտի» աստղերը Առջեւում 2004 թվականն է: Համոզված ենք, որ մեր ընթերցողներից շատերն արդեն տեղյակ են, թե ի՞նչ են իրենց խոստանում աստղերը Կապիկի տարում: Բայց 2004-ը միայն Կապիկի տարին չէ, նաեւ «Առավոտի» հոբելյանական՝ 10-րդ տարելիցն է: Ուստի տեսնենք, թե ի՞նչ են խոստանում մեզ «Առավոտի» «աստղերը»՝ նրանք, ում շնորհիվ արդեն 10 տարի ձեր լույսը բացվում է «Առավոտով»: Սկսենք, բնականաբար, Շեֆից, ով 2003 թվականին անխղճաբար կրճատում էր բոլորի հանճարեղ նյութերը հետեւյալ նշանաբանով՝ «Նույնիսկ Շեքսպիրին կարելի է կրճատել: Մի քիչ համեստ եղեք»: Այդ դաժան պայքարում նա ինքն իրեն էլ չէր խնայում։ Արամ Աբրահամյան – 2004-ին ես անողոք պայքար եմ ծավալելու բոլոր «ինչեւէ»-ների դեմ: Ի՞նչ է նշանակում «ինչեւէ»՝ հատկապես պարբերության սկզբում: Դա նշանակում է, որ նախորդ պարբերությունում գրվածը հեչ բան էր, իսկ, այ, հիմա ես կասեմ ամենակարեւորը: Եթե նախորդ ասածդ հեչ բան էր, ինչո՞ւ ես գրել: Ես պատժելու եմ ոչ պարզ, ոչ հստակ արտահայտված մտքերի եւ հոդվածների համար: Օրինակ. «Կենտրոնի ոստիկանություն երեկ բերման ենթարկվեց նա»: Երբ հեղինակը այդ աստիճան քողարկում է ենթական, ընթերցողը թքում է եւ էլ չի ուզում կարդալ այդ նախադասությունը: Պահանջելու եմ, որ բոլոր հոդվածները լրատվական առիթ ունենան: Աշխատելու եմ զերծ պահել թերթը տափակ, գավառական «հրապարակախոսությունից» եւ «վերլուծություններից», երբ հեղինակը չի չլվում, քրտինք չի թափում լրատվություն հայթայթելու համար, այլ նստում է սեղանի առաջ եւ սկսում է «ստեղծագործել»: Վճռականորեն կրճատելու եմ նյութերից բոլոր տեսակի քնարական զեղումները, գնահատականները եւ որակումները: Մենք պետք է վերջնականապես հասկանանք, որ ծառայություն ենք մատուցում սպառողին (ընթերցողին), ինչպես հացթուխը կամ կոշկակարը: Ոչ թե ինչ-որ առաքյալներ ենք, որոնք պիտի ինչ-որ բան ապացուցեն, մեկին ճիշտ հանեն, մեկին՝ սխալ: Պարզապես մեր հացը կամ կոշիկը լրատվությունն է: Այդքան բան: Իսկ որպեսզի պարոն Աբրահամյանի անխնա փրթած-թափած նյութերը պատշաճ տեսքի գան, եւ տեղավորվեն թերթի էջերում, որպեսզի ամեն նյութի համար գտնվի հարմար լուսանկար, մի խոսքով, որպեսզի թերթը նմանվի թերթի, հայտնվում է Վոլոդյա Պետրոսյանը՝ խմբագրի տեղակալը։ Վոլոդյա Պետրոսյան – 2004-ին «Առավոտում» նկատելի կառուցվածքային փոփոխություններ անելու մտադրություն չունեմ, քանի որ աշխատակազմն արդեն ունի անհրաժեշտ մասնագիտական փորձ եւ՝ փառք Աստծո, գործն առաջ է գնում։ Մտադրություն ունեմ, սակայն, մեծ ուշադրություն դարձնել թերթի գեղկառույցի՝ վերնագրերի, լուսանկարների ու մակագրությունների, իլյուստրացիոն նյութերի ճիշտ տեղադրման վրա։ Դա մեծապես կնպաստի թերթի ավելի հեշտ ընթերցմանը։ Իսկ «Առավոտի» տասնամյակն, անշուշտ, ուրախալի ու վաստակած տոն կլինի բոլորիս համար, առավել եւս՝ ինձ համար, քանի որ մշտարթուն ուղեկիցն ու ականատեսն եմ եղել թերթի կազմավորման ու ձեւավորման գործընթացի, նրա կայացման ճանապարհին հանդիպած դժվարությունների ու փոթորիկների։ Իսկ թե որքանով կարողացանք պաշտպանել ժողովրդի շահերն ու ձգտումները, կարծում եմ, դրա գնահատականն ավելի լավ, կարող են տալ մեր ընթերցողները։ Տարեմուտի բարեմաղթանքների մեջ այսպիսի խոսք կա՝ եթե ոչինչ չավելանա, թող եղածից չպակասի։ 2004-ին «Առավոտի» բաժանորդներին ու ընթերցողներին ցանկանում եմ լուսաշաղախ ու ճշմարիտ Առավոտներ։ Շատերի համար մեր թերթի ընթերցանությունը սկսվում է առաջին էջի խմբագրական հոդվածով, որոնք հիմնականում գրում է Գենոֆիա Մարտիրոսյանը: Նա, ինչպես միշտ, տրտնջում է թեմաների պակասությունից, սակայն արդյունքում ծնվում է հերթական գլուխգործոցը: Գենոֆիա Մարտիրոսյան – Որպես քաղաքացի, շատ կուզեի, որ գրելու բան չունենայի, բայց որպես լրագրող՝ թեմաների պակասն ինձ նյարդայնացնում է: Հակասությունը իմ՝ քաղաքացիական եւ մասնագիտական պատկերացումների միջեւ, իմ կյանքի ողբերգություններից մեկն է: Ես շատ կուզենայի՝ այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Հրանտ Վարդանյանը փղիկների հարսանիքին քավոր-սանիկ են կանգնելու, գրեի առանց «յազվության»: Բայց առայժմ չեմ կարող: Որովհետեւ հիմա անլուրջ մարդիկ լուրջ գործ են բռնում, իսկ ես կուզենայի, որ լուրջ մարդիկ անլուրջ գործով զբաղվեն: Ի՜նչ «Առավոտ» առանց Աննա Իսրայելյանի՝ բոլորի կողմից անխտիր կարդացվող հոդվածների: Ի՞նչ է նա խոստանում իր ընթերցողին: Աննա Իսրայելյան – Թեեւ տարիքս թույլ չի տա խոստանալ ու կատարել, որ 2004-ին կավելացնեմ մեր երկրում ծնելիությունը, սակայն կարող եմ անձամբ պակասեցնել մահացությունը: Կոշիկներիս սուր կրունկներով կնպաստեմ, որ վերստին ասֆալտապատվեն Լինսի հիմնադրամի միջոցներով արդեն իսկ ասֆալտապատված փողոցները: Կբռնեմ-կօպտիմալացնեմ ինչ-որ պատահի: Բոլորն էլ պատահեն՝ բոլորին էլ կօպտիմալացնեմ: Մե՜ծ դժվարությամբ, մի կերպ-մի կերպ կհաղթահարեմ կառավարության անդամների աղքատությունը: Կատաղի մոլեգնությամբ կպայքարեմ կոռումպացված բժիշկների եւ ուսուցիչների դեմ… Մի խոսքով, կանեմ այն ամենը, ինչ առանց ինձ էլ (եւ ընդհակառակը՝ դեռ իմ ու այլ ոչ պետականամետ, անազատ ու անպատասխանատու լրագրողների համառ եւ ապարդյուն դիմադրության պայմաններում) անում են մեր քաղաքական այրերը: Ո՞ր քաղաքական գործիչը կարող է դիմանալ Մարգարիտ Եսայանի հմայքին: Դրան չեն դիմանում նույնիսկ ընթերցողները: Ի՞նչ կառաջարկի նա եկող տարի: Մարգարիտ Եսայան – Ինչպե՞ս եմ պատկերացնում իմ աշխատանքային գործունեությունը 2004-ին: Հարցը հետաքրքիր է, իսկ պատասխանս՝ հայկական մենթալիտետին համարժեք: Մեր գործն էլ գործ չի՝ ցեխի ու կեղտի մեջ, առավոտից իրիկուն քաղաքական մտքի «փայլատակումներ», որոնք, անկեղծ ասած՝ մեծ հաճույքով կխմբագրեի: Ցավոք, որեւէ լուսավոր հեռանկար չեմ տեսնում, քանի որ հումքը, որի հետ աշխատում եմ (պետական պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ՝ խոշոր, մանր ու միջին) հաստատ նույնն են մնալու նաեւ 2004-ին: Էնտուզիազմ չկա, թեկուզ՝ կոալիցիոն հուշագրի շրջանակներում: Վստահություն չկա՝ թեկուզ հանրաքվեի շրջանակներում: Ուրեմն, սիրելի ընթերցող, քաղաքական կարկանդակները 2004-ին եւս լինելու են անհամ եւ սփրթնած, առանց չամիչի: Ես պարզապես կարող եմ այդ անհամությունը համով ներկայացնել: Ինչը խոստանում եմ նաեւ 2004-ին: 2003 թվականին Նաիրա Մամիկոնյանի համարձակ հոդվածները քանիցս առիթ են դարձել, որ թերթը հեղեղվի պատասխաններով: Իսկ այս տարի՞: Նաիրա Մամիկոնյան – Նկատի ունենալով 2003-ին հայաստանյան ներքաղաքական դաշտում տեղի ունեցած շատ կարեւոր իրադարձությունները, քաղաքականություն գրող լրագրողները քիթ սրբելու ժամանակ չունեցան: Բայց 2004-ը իմ տարին է, ուստի հակված եմ հաջորդ տարի գլուխ պահել, եթե, իհարկե, ընդդիմությունը հանկարծ իշխանափոխություն չանի ու «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն էլ դա հանդուրժի: Ընդդիմությունը չգիտեմ հաջորդ տարի ինչ կանի, բայց խմբագիրը հաստատ «գլուխ պահել» չի հանդուրժի եւ ինձ այլ բան չի մնա, քան՝ աշխատել: Հաջորդ տարի հույս ունեմ, որ առիթ կունենամ լուսաբանել Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ակտիվացած բանակցությունները, Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկված տարբերակները, վրացիների օրինակով ոգեշնչված հայրենի ընդդիմության՝ «Ռոբերտ Քոչարյանի վստահության հանրաքվեի» շուրջ հայտարարությունները, մամուլի ասուլիսներն ու հանրահավաքները, նաեւ իշխանական կուլիսներում տեղի ունեցող անցուդարձը: Տիգրան Ավետիսյանի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող հոդվածները հաճախ են տրորում մեր արտաքին քաղաքականների ոտքը: Բայց Տիգրանն էլ «սուրբ» չէ՝ մտադիր է սեփականաշնորհել «Առավոտի» երկրորդ էջի ձախ սյունը, որտեղ միշտ տպվում են նրա հոդվածները, եւ այնտեղ «օբյեկտ» բացել: Տիգրան Ավետիսյան – Իհարկե, շատ կցանկանայի Ամանորի նախաշեմին ընթերցողին ուրախացնել եւ ասել, որ 2004թ. ընթացքում միայն բարի լուրեր եւ բարի հրապարակումներ եմ հեղինակելու: Բայց վախենամ, թե չստացվի, ուստի՝ չեմ խաբի: Ես հիմնականում գրում եմ արտաքին քաղաքական ոլորտին առնչվող թեմաներով: Իսկ դա, ինքներդ էլ հասկանում եք, հենց այն ոլորտն է, որտեղ ուրախանալու բան քիչ կա (կողքից ինձ հուշում են, որ մնացած ոլորտներն էլ բանի նման չեն): Այս իրողությունն, ի դեպ, անուղղակիորեն ընդունում են անգամ իշխանությունները: Ասենք՝ երբեւէ չենք լսել, որ պաշտոնապես հայտարարվի, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունն աճել է 12,5 տոկոսով, կամ՝ դիվանագիտական հաղթանակների թվով Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում գրավել է պատվավոր երրորդ տեղը, եւ այլն: Իրականում, տարին փակում ենք զգալի ետընթացով, որի մասին, սակայն, գոնե այս պահին խոսել չարժե: Դեռ կհասցնենք: Տարբեր կուսակցությունների եւ կուսակցական հավակնոտ գործիչների հետ սերտ շփումը վատ անդրադարձավ Նելլի Գրիգորյանի առողջական վիճակի վրա, եւ Ամանորը նա դիմավորում է գրիպով: Նելլի Գրիգորյան – 2004թ. ամեն ինչ անելու եմ, որ հնչակներն ու կոմունիստները չմիավորվեն, որովհետեւ առանձին ավելի հետաքրքիր են: Մեկ էլ ուզում եմ հասնել նրան, որ «Հզոր հայրենիքին» եւ ռամկավարներին անպայման մեկական պաշտոն տան: Ինչ է՝ Սեյրան Ավագյանից պակա՞ս խոստումներ տվեցին, իրենց ցուցակում պակա՞ս օլիգարխներ ունեին: Ուզում եմ նաեւ ՀՀՇ-ին աջակցել, որ հայ-թուրքական սահմանը բացվի: Ուզածները մի սահման է, հո իշխանությո՞ւն չի: Եվ հետո՝ ոչ մի ջանք չեմ թափելու, որ կոալիցիան քանդվի, որովհետեւ դա հեչ էլ իմ ոլորտը չի: «Առավոտի» 4-րդ էջում հաշտ ու համերաշխ հարեւանում են թերթի տնտեսական եւ սոցիալական բաժինները: Տնտեսական բաժինը, որից միշտ դժգոհ են անկարգ տնտեսվարողները եւ գոհ՝ ընթերցողները, հենված է Արմինե Ուդումյանի փխրուն ուսերին, իսկ ահա սոցիալական բաժնում սպասվում են փոփոխություններ: Արեւհատ Գրիգորյանին ժամանակավորապես կփոխարինի նա, ով կշահի սոցիալական բաժնի պատասխանատուի համար սահմանված մրցույթը: Անկախ փորձագիտական հանձնաժողովն այժմ աշխույժ աշխատում է այդ ուղղությամբ, իսկ արդյունքները պարզ կդառնան 2004-ի սկզբում: Արմինե Ուդումյան – «Առավոտի» տնտեսական բաժինը կշարունակի հետեւել ոլորտի այն գերատեսչությունների ու դրանց ղեկավարների գործունեությանը, որոնք խախտումներ են թույլ տալիս, իրականացնում են ազատ շուկայական տնտեսությանը հակասող քայլեր: Որքան այսօր կարելի է հասկանալ, «ԱրմենՏելը» կշարունակի մնալ մեր բաժնի «հաճախորդը»: Փոխարենը, «հմայքը» կորցրել է ավիացիան, որտեղ ակտիվ գործողություններն ու պետական մարմինների քայլերը գրեթե ավարտվել են, մեծ վնասներ պատճառելը գործնականում անհնար է, թեկուզ՝ անգործությամբ: Առավել հետաքրքիր կլինի՝ նշենք, թե որ թեմաները կշրջանցենք: Առաջիկա տարում, ինչպես եւ անցնող տարվա երկրորդ կեսին, կշարունակենք բոյկոտել բանկային համակարգում տեղի ունեցող զարգացումները, որովհետեւ արդեն այդ համակարգով հանրապետության նախագահն ու իրավապահ մարմիններն են «զբաղվում»: Չարժե գրել այնպիսի խախտումների մասին, որոնցից երկրի իշխանություններն էլ են տեղյակ: Արեւհատ Գրիգորյան – «Առավոտը» իր 10-ամյակի տարին կանցկացնի առանց Արեւի: Անընդհատ մտածում էի՝ ո՞նց կդիմանա, ախր, «Առավոտը» առանց ինձ, ի՞նչ օրի կընկնի, հանկարծ ճակատագրական չլինի՞ իմ բացակայությունը թերթիս համար: Վերջը շեֆի հետ որոշեցինք չվտանգել թերթի հետագա գործունեությունը. եկող տարի առողջապահության, բնապահպանության եւ սոցիալական ոլորտները «ժառանգություն թողնելով» մեկ ուրիշի՝ ինքս կթղթակցեմ տարածաշրջանից: Այնպես որ, խոստանում եմ, որ ոչ թերթը, ոչ էլ ընթերցողներն ինձնից եկող տարի էլ պրծում չեն ունենա: Միայն թե չգիտեմ՝ ե՞ս ոնց եմ դիմանալու առանց «Առավոտի» քնահարամ անող «լետուչկաների», որոնցով սկսվել են կյանքիս վերջին վեց տարիների առավոտները: Շատ էլ չուրախանաք, որ մի քիչ հեռու եմ լինելու, որովհետեւ խոստանում եմ ամեն ինչ անել՝ մեկ տարի հետո «օջախ» ու մի քանիսի շնչին վերադառնալու համար: Թերթի հինգերորդ էջում հանգրվանում են իրավական եւ կրթական բաժինները՝ Ռուզան Մինասյանի եւ Հասմիկ Բուդաղյանի պատասխանատվությամբ: Երկուսի դռների մոտ էլ միշտ մարդկանց հոսք է: Եթե Ռուզիկին դիմում են ոտնահարված իրավունքներով մարդիկ, ապա Հասմիկին հիմնականում անհանգստացնում են ուսուցիչներ եւ տնօրեններ, որոնց դպրոցների մասին թերթում անհաճո բան է գրվել: Ռուզան Մինասյան – Անցնող տարին շատ ծանր էր իրավական էջի համար: Միշտ մտածել եմ, որ իրավապաշտպան կազմակերպությունների, փաստաբանական գրասենյակների նման առատության պայմաններում կթեթեւանար խմբագրության հոգսը եւ մարդկանց հոսքը փոքր-ինչ կնվազեր: Թեեւ «Առավոտ» եկածները պնդում են, որ թերթն ազդեցություն է ունեցել եւ իրենք ավելի պաշտպանված են զգացել դատարաններում: Կուզեի 2004-ը քրեական իրավիճակի առումով հանգիստ լիներ, քիչ լինեին հանցագործությունները, սպանողներն ու տուժողները, վեճերն ու վիճաբանող կողմերը: Առաջվա նման էջի ուշադրության տակ կլինեն դատարանները, եւ դարձյալ կառաջնորդվենք ոչ թե այն սկզբունքով, թե որքան հայտնի է անձը, այնքան սկանդալային կլինի դատը, այլ՝ սովորական մարդկանց իրավունքները պաշտպանելու նպատակով: Պահպանելու ենք «փակ» տարածքներից եկած տեղեկատվության հրապարակման ավանդույթը: Հասմիկ Բուդաղյան – Ես 2002թ. հուլիսից «Առավոտի» կրթական բաժնի պատասխանատուն եմ: Այս բաժինն էլ, իմ վարած մյուս բաժինների պես, ժամանակ առ ժամանակ ինձ ձանձրացնում է. ինչքա՞ն կարելի է գրել համակարգի օպտիմալացման անցանկալի հետեւանքների մասին, թե ինչպես հազարավոր ուսուցիչներ պետք է հայտնվեն փողոցում ու թե ինչպես ամեն անգամ ընդունելության քննությունները արդարացի չեն անցնում: Իհարկե, միայն լավի մասին գրելն էլ է տաղտկալի, համ էլ ընթերցողներին չի հետաքրքրում: Մի խոսքով, ամեն անգամ պետք է մի նոր խթան գտնել՝ աշխատանքը սիրով կատարելու համար: Օրինակ, վերջերս ինձ մի փոքր խթան տվեց իմ ոլորտի նախարար Սերգո Երիցյանը: Մեր զրույցներից մեկում նա ասաց, որ ես մանկական հարցեր եմ տալիս ու գրավոր ցանկացավ, որ ես հասնեմ լրագրողական բարձունքների: Հետո խմբագիրս կարդաց նրա բարեմաղթանքը եւ ասաց, որ ես արդեն հասել եմ այդ բարձունքներին: Բայց դա ինձ այնքան չուրախացրեց, որքան Սերգո Երիցյանի ասածը, թե ես մանկական հարցեր եմ տալիս: Դրանից հետո ես ավելի ու ավելի շատ եմ ուզում մանկական հարցեր տալ նրան ու ընդհանրապես կյանքին նայել մանկան աչքերով: Իմ այս ցանկությունը եկող տարի դժվար թե կատարվի, լավագույն դեպքում այն կկատարվի իմ մյուս կյանքում, իսկ Սերգո Երիցյանին ես եկող տարի էլ կշարունակեմ անհանգստացնել իմ մանկական հարցերով: Մշակույթի էջը «Առավոտում» Գոհար Հակոբյանն է պատրաստում: Ճիշտ է, 6-րդ էջը նա ոչ մեկի հետ չի կիսում, բայց լավ օգնականներ ունի, հատկապես՝ սթրիպտիզ-շոուների մեծ մասնագետ Սամվել Դանիելյանը: Գոհարի համար 2003-ը շատ բարեհաջող տարի էր՝ մշակույթի նախարար նշանակվեց Թամար Պողոսյանը, որի գործունեությունը պարզապես գյուտ է մամուլի համար: Եվ հիմա բոլորը նրան մաղթում են, որ տիկին Թամարը երկար մնա իր աթոռին: Գոհար Հակոբյան – Լուսաբանելու եմ մշակույթի նախարար Թամար Պողոսյանի բոլոր նախասիրությունները, հաճախելու եմ մշակութային այն բոլոր միջոցառումներին, որոնց նախարարը ներկա կլինի, եւ շարունակելու եմ նրա բացառիկ մտքերի ինքնաբուխ փայլատակումները հասցնել մշակութասեր հանրությանը: Այնքան ժամանակ, քանի դեռ նա մշակույթի նախարար է, եթե փոխվի նախարարը, կփոխվի նաեւ իմ դիտարկման օբյեկտը: Փորձելու եմ այլ լրագրողների հետ հասնել նրան, որ մշակույթի նախարարությունում սկսի գործել լրատվական բաժին: Ընթերցողներիս խոստանում եմ շարունակել ներկայացնել ՀՀ-ում գործող գիշերային ակումբների, սթրիպ-շոուների լուսավոր եւ ստվերոտ կողմերը: Իսկ ՀՊՖՆ գեղղեկավար Էդիկ Թոփչյանին այլ ԶԼՄ-ներում մեր թերթի լրագրողների մասին բամբասելու նոր առիթներ կտամ: Աչքս եւ գրիչս անպակաս կլինի մշակույթի մյուս բնագավառների գործիչներից, նրանց գործուղումներից: 7-ը սպորտի էջն է՝ հարատեւ Աշոտ Հակոբյանի ղեկավարությամբ: Նա նաեւ մեր աստղագուշակների հեղինակն է: Եվ երբեմն «ծանոթի հաշվով» խնդրում ենք ճակատագրական օրերին մեր աստղագուշակներում բարի խոսքեր գրել: Միշտ մերժում է՝ «աստղերն ինչ ասում են, այն էլ գրելու եմ»: Աշոտ Հակոբյան – 2004 թվականին մարզական գլխավոր իրադարձությունը ամառային 28-րդ օլիմպիական խաղերն են լինելու: «Առավոտը» նախապատրաստվում է ՀԱՕԿ-ի հետ սերտ համագործակցությամբ Աթենքից անմիջական ռեպորտաժներ վարել: Փետրվարից շարունակվելու են օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերը ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտից, բռնցքամարտից: Մեր ընթերցողները, մեր թերթի օգնությամբ, մրցավայրերից նույնպես օպերատիվ ինֆորմացիա կստանան: Եկող տարի մեծ տեղ կհատկացնենք ֆուտբոլին: Հուսով եմ՝ ուրախանալու շատ առիթներ կտան մեր երիտասարդները: Ցանկանում եմ, որպեսզի թերթի էջերում սպորտը քաղաքականության հետ չխառնվի եւ դրա պատճառով մարզական բաժինը չտուժի: Եվ քանի որ ես պատրաստում եմ նաեւ աստղագուշակները, կանեմ ամեն բան, որ աստղերը հովանավորեն հայ մարզիկներին: Մեր սիրելի Մարիշը, որ պատասխանատու է թերթի գովազդների քանակի ու որակի համար, նաեւ հմայիչ պատմվածքներ է գրում «Առավոտի» աշխատակիցների մասին: Հուսով ենք, «Առավոտի» 20-ամյակին դրանք առանձին գրքույկով կտպագրվեն: Մարինա Մերուժանյան – 2004-ին կփորձեմ այնպես անել, որ թերթի հետ համագործակցեն մեծ մասամբ լուրջ եւ խոշոր կազմակերպություններ: Կփորձեմ այնպես անել, որ գովազդային էջը ավելի գեղեցիկ ու կազմակերպված լինի: Կփորձեմ ավելի ուշադիր լինել թերթում տեղադրվող գովազդների եւ հայտարարությունների տեքստերի բովանդակությանը, որպեսզի «Վաճառվում է դատավոր» տիպի նախադասություններ չլինեն: Կփորձեմ ավելի սիրալիր լինել այն գովազդատուների հետ, որոնք ոչ մի կերպ չեն հասկանում՝ ինչ է նշանակում «քառակուսի սանտիմետր» արտահայտությունը: Եվ 2004-ին խոստանում եմ գովազդի սենյակում «գեներալնայա ուբորկա» անել: Տեղի սղության պատճառով չեմ անդրադառնում «Առավոտի» մնացած, նույնքան տաղանդավոր եւ անփոխարինելի աշխատակիցներին՝ թերթի տնօրեն Պետրոս Պետրոսյանին, թերթի գովազդներն ապահովող Աիդա Աղամալյանին, թերթը ձեւավորող Արմինե Գեւորգյանին, Զառա Ավագյանին, ԱՄՆ-ում գտնվող Աննա Հարությունյանին, թերթի շարվածքը ապահովող Անժելա Հարությունյանին, Արտյոմ Ղազարյանին, թերթի գրագիտության մակարդակը պահպանող Կարինե Խաչատրյանին, Մարջիկ Մելքոնյանին, Ռիմա Հովհաննիսյանին, արտահաստիքային լրագրողներ Լուսինե Բուդաղյանին, Ռուզան Արշակյանին, Լուսինե Օհանյանին, Սամվել Դանիելյանին, թերթի տնտեսվար Գենադի Պողոսյանին եւ խմբագրությունում մաքրություն պահպանող տիկին Զվարթին: Խոստանում եմ նրանց էլ երկու էջ նվիրել 2004-ի օգոստոսի 1-ին, երբ նշվելու է «Առավոտի» 10-ամյակը: Այս տարի բոլորիդ ծանոթ անուններին թերթում կգումարվի եւս մեկը՝ տիկին Արուսը: Նա բազմափորձ, կյանք տեսած, իմաստուն կին է: Գիտե ամեն ինչ: Հմուտ խոհարար է, ընտանեկան հարաբերությունների լավ գիտակ, գեղագետ ու գաղտնապահ: Բացի դրանից, լավ շրջապատ ունի՝ լիքը ծանոթ իրավաբաններ, բժիշկներ, այլ մասնագետներ: Այնպես որ, սիրելի ընթերցողներ, ցանկացած հարցով եւ խորհրդի համար կարող եք դիմել տիկին Արուսին: Անպայման կօգնի: Կարող եք գրել նրան Երեւան, Արշակունյաց 2, 15-րդ հարկ, «Առավոտ», տիկին Արուսին, կամ [email protected], tikin [email protected] հասցեներով: Կարող եք նաեւ զանգահարել 528752 հեռախոսահամարով եւ ինքնապատասխանիչի վրա թողնել ձեր հարցը, նախապես նշելով, որ այն ուղղված է տիկին Արուսին: Էջերը պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ, որն իր հերթին խոստանում է 2004-ին բազմաբովանդակ նյութեր գրել տարբեր էջերի համար: