Լրահոս
Օրվա լրահոսը

Ձմեռ պապը՝ կեղծ կատեգորիա

Դեկտեմբեր 27,2003 00:00

Ձմեռ պապը՝ կեղծ կատեգորիա Եվս մի քանի օր, եւ Ամանորը կթակի մեր դռները, 2003-ն իր լավ եւ վատ հիշողություններով, հաջողություններով ու ձախորդություններով պատմության գիրկը կանցնի: Ոմանց անպայման կայցելեն Ամանորի խորհրդանիշներ Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Պարզվեց, մեր քաղաքական գործիչներից շատերը մոռացել էին անգամ, թե մինչեւ որ տարիքն են հավատացել այդ բարի պապի գոյությանը: Օրինակ, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, որ այնքան էլ հակված չէր արձագանքել մեր այս անլուրջ հարցադրմանը, այնուամենայնիվ, խոստովանեց, թե դժվարանում է հիշել՝ որ տարիքից սկսեց լրջանալ ու Ձմեռ պապի գոյությանը չհավատալ: Իսկ «Արմատ» կենտրոնի հիմնադիր անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը, պարզվում է, մինչեւ հիմա էլ հավատում է Ձմեռ պապի ու «հատկապես՝ Ձյունանուշի, կամ՝ ավելի ճշգրիտ, ձյունանուշների» գոյությանը: ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանն էլ չէր հիշում, թե մինչեւ երբ է հավատացել Ամանորի խորհրդանիշների գոյությանը, իսկ այսօր արդեն այդ տարիքից վաղուց դուրս է եկել: Այնուամենայնիվ, եթե Ձմեռ պապ, իրոք, կա Շ. Քոչարյանը դեմ չէր լինի, եթե նա մեր ժողովրդին, օրինակ՝ լեգիտիմ իշխանություն նվիրեր: Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն էլ, ինչպես նախորդ մեր զրուցակից մեծահասակները, չկարողացավ հիշել, թե մինչեւ երբ էր հավատում, որ Ձմեռ պապ կա: Իսկ «երբ փոքր էինք, Ձմեռ պապը մեզ ավանդական նվերներ էր տալիս՝ միրգ, խաղալիք եւ դա մեզ ուրախացնում էր եւ բավարարում»,- հիշեց պարոն Խաչատրյանը: Իսկ այս տարի ի՞նչ կուզեր, որ իրեն նվիրեին. «Նյութական՝ ոչինչ: Երեւի, մի քիչ ավելի բարոյականություն բոլորի համար եւ բարգավաճում»: Բայց Ձմեռ պապը կկարողանա՞ իր փոքր պարկում տեղավորել այդքան մեծ ու տարողունակ ցանկություն: Հարեւան-Ձմեռ պապի այցելությունը 11-ամյա Մանուկ Գասպարյանին, որ հետո մեծանալու եւ ԱԺ պատգամավոր էր ընտրվելու, ճակատագրական է եղել: Նա «լժե» Ձմեռ պապի աչքերից ճանաչել է հարեւանին, իսկ նրա գնալուց հետո ծնողներին հայտարարել, որ ինքն այլեւս Ձմեռ պապի գոյությանը չի հավատում: ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը հիշում էր միայն, որ շատ երկար ժամանակ է հավատացել Ձմեռ պապի գոյությանը: Հիմա նա ռեալիստ է ու հեքիաթների ու ամեն տեսակ պապերի չի հավատում, բայց եթե հանկարծ մի հրաշքով Ձմեռ պապը գար, Բ.Եսայանը կխնդրեր, որ նա իր կախարդական փայտիկով «այս երկիրը կարգին երկիր դարձներ»: «Եթե աշխարհում կա մեկը, որը չի հավատում Ձմեռ պապի գոյությանը, ուրեմն այդ մարդը կորցրել է իր զարմանալու հատկությունը: Ես հավատում եմ, որ Ձմեռ պապ կա եւ նրան ընկալում եմ որպես հրաշագործի: Ուզում եմ, որ ինձ սիրուն ու բնական տոնածառ նվիրի, բայց այնպես անի, որ Ամանորից հետո հնարավոր լինի այդ ծառը նորից տնկել, որ կրկին ծաղկի»,- ասաց ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել