Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ՀԱՋՈՂՎԵՑ ՓՉԱՑՆԵԼ 2003-ԻՆ

Դեկտեմբեր 27,2003 00:00

Ի՞ՆՉ ՀԱՋՈՂՎԵՑ ՓՉԱՑՆԵԼ 2003-ԻՆ 2003 թվականին «փչացնելու» ոլորտում մեզ հաջողվեց գրանցել նախանձելի նվաճումներ, որոնք, բնականաբար, նախապատրաստվել էին նախորդ տարիներին ձեռնարկած համառ ջանքերով: Մեծ ոգեւորությամբ շարունակեցին փչացվել դատական, կրթական եւ առողջապահական համակարգերը, օրենսդիր եւ գործադիր իշխանությունները: Դրանց գումարվեցին նաեւ եվրոպական արժեքները: Իրականում «եվրոպական արժեքներ» ասելով, նորմալ մարդը պետք է հասկանա ժողովրդավարական հասարակարգ, որտեղ ամեն ինչ որոշվում է երկրի քաղաքացիների կամքով, մարդն ազատ է եւ պաշտպանված պետության կողմից, որտեղ լիարժեք գործում է արդարադատության համակարգը, իսկ քաղաքացին վաստակում իր աշխատանքին համարժեք: Սակայն Հայաստանում եվրոպական արժեքների նպատակաուղղված փչացումը հանգեցրել է նրան, որ մեր քաղաքացիները դրա տակ հասկանում են միայն աղանդավորներ, արվամոլներ, բանակից խոսափող «այլընտրանքայիններ», ամուսիններին կրնկի տակ պահող կանայք եւ անկանոն սեռական հարաբերություններ: Սակայն փչացումների հիթ շքերթում 2003 թվականի գլխավոր հավակնորդներն, իհարկե, մնում են ընտրական համակարգը եւ Սահմանադրական դատարանը: Համառ եւ հետեւողական ջանքերի շնորհիվ, 2003 թվականին վերջնականապես փչացվեց Սահմանադրական դատարանի ինստիտուտը: Իսկ մոտակա մի քանի տարիների ընթացքում ընտրական համակարգի նկատմամբ վերջին ընտրությունների ընթացքում ջախջախված հավատը դժվար թե վերականգնվի: Փչացածների հիթ շքերթում իրենց տեղն ունեն նաեւ ավելի մանր երեւույթներ, ինչպես, ասենք, հանրահավաքների գաղափարը (պարզ չէ, թե մեկ էլ երբ կկարողանա ունենալ լուրջ դերակատարում) եւ ընդդիմությունն ընդհանրապես: Բայց «գլոբալ փչացումների» ֆոնի վրա դա այդքան էլ կարեւոր չէ: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել