Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղակեղծիքներ Հայաստանում

Դեկտեմբեր 27,2003 00:00

Աստղակեղծիքներ Հայաստանում Անցնող տարին, որը քնքշորեն մեծարվեց՝ իբրեւ «ոչխարի», ճակատագրի հեգնանքով իր մեջ հենց այդպիսին լինելու բավականաչափ մերկ ակնարկներ է պարունակում: Դառնանք եւ հիշենք ընթացիկ տարում տեղի ունեցած երկու կարեւորագույն քաղաքական միջոցառումները՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, մեկնաբանությունները թողնելով չինական աստղացույցի խոշոր գիտակներին: Այդուհանդերձ, պետք է նկատենք, որ տարին ոչ բոլորի համար է հատկանշվել այդ երկկճղակավոր արարածի կերպարով: Դատելով նույն միջոցառումների անատոմիայից, տարին որոշ մարդկանց «շնորհիվ» արտահերթորեն վերածվեց նաեւ վիշապի տարվա, եւ դա մեր երկրում աստղացույցի դարավոր օրինաչափության միակ խախտումը չէ: Օրինակ, եթե հավատալու լինենք ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին, ապա 2003-ը Հայաստանում վագրի տարի էր: Մինչդեռ, անկախ տնտեսական փորձագետների գնահատականները վկայում են, որ ինչպես անցնող, այնպես էլ դրան նախորդած վերջին տարիները շան տարիներ են: Ելակետ ունենալով այն պարզ տրամաբանությունը, որ 2003թ. ընթացքում Հայաստանում գրանցված աննախադեպ տնտեսական աճն անդրադարձել է ընդամենը մի քանի հոգու վրա, ապա տարին հաստատ խոզի էր: Այս հարցում, սակայն, կարծիքները կարող են բաժանվել, քանզի նկարագրված իրողության համատեքստում անցնող տարին նույն հաջողությամբ կարող է հորջորջվել նաեւ առնետի տարի: 2003-ի բազմակերպությունն, իհարկե, այսքանով չի սահմանափակվում: Հանուն արդարության պետք է հիշել, որ անցնող տարվա ընթացքում Հայաստանում մեծ ծավալի շինարարական, նույնն է թե՝ ֆիզիկական աշխատանք է կատարվել, հետեւաբար՝ ինչո՞վ տարին եզի չէր: Փոքր172ինչ կենտրոնանալով վերջին տարիների կտրվածքով եզակի այն հանգամանքի վրա, որ 2003-ին ՀՀ-ում ձեւավորվել է կոալիցիոն կառավարություն, ու գեթ թռուցիկ մի հայացք նետելով այդ կոալիցիայի բաղկացուցիչների վրա՝ հեշտությամբ կարելի է համոզվել, որ տարին նաեւ աքլորի էր: Իսկ ընդդիմության գործողությունները շատերին հիմք են տվել եզրակացնելու, որ 2003 թվականը ոչ այլ ինչ էր, քան ճագարի տարի: Թվարկումը, ցավոք, կարելի է շարունակել: Նկատի առնելով վերջին շրջանում հացի ու հացամթերքների գների քառատրոփ աճը, տարին կարող է համարվել նաեւ ձիու, իսկ այդ երեւույթի, ապա եւ առհասարակ կոռուպցիայի դեմ պայքարելու՝ իշխանությունների խոստումներն ուղղակի կասկած չեն թողնում, որ 2003-ն, ավաղ, օձի տարի էր: Այս ամենն, իհարկե, արդեն անցյալ է, որին վատ թե լավ դիմացել ենք: Ինչն է, սակայն, անհանգստացնում: Գալիք 2004 թվականը հենց այն ժամանակահատվածն է, որը, լինելով ընտրություններից զերծ, պետք է որ ինչպես իշխանություններին, այնպես էլ հասարակությանը լիարժեք ինքնադրսեւորման հնարավորություն տա: Մտահոգիչն այն է, որ այդ ինքնադրսեւորումն ընթանալու է կապիկի ֆոնի վրա: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել