Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՕՅԻՆՆԵՐ

Դեկտեմբեր 27,2003 00:00

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՕՅԻՆՆԵՐ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը սիրում է իր գործընկերների նկատմամբ (չկարողացանք գտնել «ռոզիգրիշ» բառի հայերեն համարժեքը եւ նա կեսկատակ թարգմանեց) «գործ սարքել»: Ահա մի քանի պատմություններ նրա «սարքած գործերի» մասին: Անվճար հեռախոս՝ միայն թակարդում Վերջին նստաշրջանի ընթացքում Համլետ Հարությունյանի եւ սադրելու հարցերում նրա հիմնական գործընկերոջ՝ էջմիածինցի պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ պատգամավորների գլխներին բերած օյինը մի լրատվամիջոց այնքան լուրջ էր ընդունել, որ պատրաստվում էր լուր հրապարակել այդ մասին: «Դե, դա նոր չի: Անցած խորհրդարանում էլ էինք նման բան արել,- պատմեց պրն Հարությունյանը:- Հակոբը եկավ, կանգնեց կողքս եւ հարցրեց. «Բա էդ հեռախոսի համար ո՞ւմ ենք դիմում գրելու»: Մի 2-3 նոր ընտրված խորհրդարանականներ հարցրին, թե այդ ի՞նչ հեռախոս է: Պատասխանեցինք, թե ձրի բջջային հեռախոսներ են բաժանում, պիտի դիմում գրենք, որ ստանանք: Հետաքրքրվեցին նաեւ, թե ինչպես պիտի տանք ամսվա վճարը: Պատմեցինք, թե մինչեւ 100 դոլար ԱԺ-ն է վճարելու, դրանից հետո՝ մենք: «Ա՜յ մարդ, հազիվ 70-ի ենք խոսում»,- ասաց մի պրոֆեսոր պատգամավոր, որ հավատաց ու դիմում գրեց: Հարցրեց, թե ում պիտի տանք: Ասացի՝ տար Շավարշ Քոչարյանին, որ այդ ժամանակ հանձնաժողովի նախագահ էր: Շավարշը մնացել էր ապշած՝ ի՜նչ հեռախոս, ի՜նչ բան: Իսկ այս անգամ՝ արտահերթ նստաշրջանի ժամանակ, երբ լուր տարածեցինք, թե որոշ պատգամավորներ «ԱրմենՏելի» հետ պայմանավորվել են ձրի հեռախոսների վերաբերյալ՝ Խաչատուր Սուքիասյանն ինձ կշտամբում էր. «Դու գաղափարական մարդ ես, բոլորից կսպասեի՝ բայց դու ինչպե՜ս ես համաձայնել»: Արդարացա, թե ինչ անեմ՝ Հակոբը դիմումը գրել էր, ե՛ս էլ գրեցի»: Այծիկը դո՛ւք եք Նախորդ խորհրդարանում «Միասնության» ցուցակով պատգամավոր էր դարձել «Ինտերլինգվա» համալսարանի ռեկտոր, Քաղաքագետների միության փոխնախագահ Հենրիկ Գրիգորյանը, որն, ասենք այսպես, այնքան էլ չէր սիրում խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին: Նրա այդ զգացմունքները հայտնի էին, եւ ահա մի անգամ Համլետ Հարությունյանը Հակոբ Հակոբյանի, Դավիթ Հովհաննեսի եւ Հենրիկ Գրիգորյանի ներկայությամբ սկսում է դիտմամբ հայհոյել Գալուստ Սահակյանին: «Ասացի, թե նա այնքան սրիկա է, որ աչք ունի Շավարշ Քոչարյանի աթոռի վրա: Ամենավերջին խոսքերն էի ասում,- պատմեց Համլետ Հարությունյանը:- Հենրիկ Գրիգորյանն էլ նոր էր եկել ԱԺ ու չգիտեր Գալուստի հետ մեր մտերմության եւ կատակների մասին, իսկ ես եւ տղաները շատ լուրջ դեմքով էինք հայհոյում նրան: Կիրթ մարդ է Հենրիկ Գրիգորյանը: Չէր ուզում իր կարծիքը բոլորի մոտ ասել ու թեւիցս քաշեց, մի կողմ տարավ ու ականջիս ասաց. «Պարոն Հարությունյան, ես էլ եմ ճիշտ նո՛ւյն կարծիքին»: Կաշառք՝ ռեկտոր դառնալու համար Այս մի «գործը» էլի մի քանի անգամ է «սարքվել»՝ տարբեր առիթներով ու հիմնավորումներով: Եվ այն հատկապես անվրեպ է սարքվում սկսնակ պատգամավորների վրա: «Մեր ընկերոջը՝ Վարդեւան Գրիգորյանին նշանակում էին Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր: Հրամանն արդեն եղել էր, բայց շատերը չգիտեին,- պատմեց Համլետ Հարությունյանը:- Սամվել Ավետիսյանին, որ ընտրվել էր Մալաթիայի ընտրատարածքից՝ հարցրի, թե մոտն ինչքա՞ն փող կա եւ խնդրեցի մի 400 դոլար տալ ինձ, սպիտակ թուղթ ու գրիչ վերցնել ու նստել: Զգուշացրի, որ գալու եմ, այդ փողը տամ, ասեմ՝ «էսքան է, էլի, ես քյասիբ պատգամավոր եմ», դու էլ հարուստ ես, ձեռներեց ես՝ կասես, որ 1000 ես տալու, մեկնումեկն այդ կուտը կուտի: Սամվելը նստեց Գալուստի տեղը: Ես եկա ու դժգոհ դեմքով այդ 400 դոլարը գցեցի, ասացի՝ արա՜, ինձնից է՞լ եք փող ուզում: Սամվելն էլ արեց, ինչպես պայմանավորվել էինք: Կուտն ուտողներից մեկը հարցրեց Սամվելին. «Էս ի՞նչ փող եք հավաքում»: Պատասխանեց, թե Վարդեւանին պիտի ռեկտոր նշանակեն, 10 հազար դոլար է պետք. տղան ոտքի կկանգնի, հետո կաշխատի՝ կտա: Այս պատգամավորը շվարած կողքերը նայեց, հետո գնաց Գալուստ Սահակյանին հարցրեց. «Որ ես վաղը բերեմ՝ կլինի՞»: Գալուստը գիտեր՝ ինչն ինչոց է, ուստի համաձայնեց: Հաջորդ օրն այդ մարդը 500 դոլար բերեց՝ գնացինք լավ քեֆ արեցինք»: Մի ծաղկով ԲԷՑ ԱԺ-ի համար խիստ հատկանշական այս մի պատմությունն էլ է վերաբերում նախորդ խորհրդարանին, երբ Համլետ Հարությունյանն «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ էր՝ ոչ «Միասնության». «Բայց դե՝ քվեարկում էի հանրապետականների նման: Սովորաբար խմբակցության ղեկավարը կարեւոր քվեարկություններից առաջ բանակցություններ է վարում՝ սովորական քաղաքական լոբբինգ է: Եվ այդ գործում Գալուստն ահագին հմտացել էր: Հիմի ես, որ գինս բարձրացնեմ՝ դես եմ ման գալիս, դեն եմ ման գալիս, բայց էս Գալուստն ինձ բա՜ն չի ասում: Վերջն ասացի՝ պրն Սահակյան, բան չունե՞ք ինձ ասելու: Շատ կոպիտ պատասխանեց. «Դու ո՞ւմ ես պետք, որ քեզ էլ բան ասեմ»: Ես էլ գնացի, «դեմ» քվեարկեցի: Սատանայական բան էր, բայց օրինագիծը չանցավ մի ձայնով: Իսկ դա շատ կարեւոր քվեարկություն էր՝ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը: Հիմի զանգում են տարբեր տեղերից, հարցնում, թե ինչո՞ւ եմ «դեմ» քվեարկել, ես էլ պատմում եմ պատճառը: Մեծավորների ամբողջ հերսը թափվեց Գալուստի գլխին»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. ԱԺ կատակների նույնօրինակ հավաքածու ունեն նաեւ ուրիշ պատգամավորներ: Նման մեկ այլ խճանկար էլ կներկայացնենք հունվարի 13-ին՝ հին նոր տարուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել