Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՏԱՐՎԱԾԻ ՎՐԱ ՉՍԵՎԵՌՎԵՆՔ

Դեկտեմբեր 27,2003 00:00

ԿԱՏԱՐՎԱԾԻ ՎՐԱ ՉՍԵՎԵՌՎԵՆՔ Հարցազրույց արձակագիր, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի հետ – Ինչպիսի՞ն էր ՀՀ Ազգային ժողովը անցած՝ այծի կամ ոչխարի տարում։ Ինչպիսի՞ն էին ձեր գործընկերները։ – Քանի որ շատ հրաշքային, արմատական փոփոխությունների վաղուց չեմ սպասում, հասկանալով դրա անհնարինությունը, ուստի փոքրիկ փոփոխությունը ինձ համար շատ ուրախալի է՝ ոչ միայն ԱԺ-ում, այլեւ առհասարակ մեր կյանքում։ Ես տեսնում եմ փոփոխությունը, եւ իմ դիտարկմամբ, այս ԱԺ-ի որակը շատ ավելի բարձր է, քան անցածինը։ Եվ սա ինձ ուրախացնում է։ 131 հոգու մեջ կարող եմ 35-40 անուն տալ, որոնց համար ես չեմ ամաչի որպես քաղաքացի, որպես հայ մարդ։ – Այնուամենայնիվ, խորհրդարանը «էն չի» եւ ի՞նչն է խանգարում։ – Իբր՝ կուսակցականությունը։ «Իբր թե» եմ ասում, որովհետեւ երբ ուշադիր ես լինում, տեսնում ես, որ այնտեղ կուսակցական ոչ մի բան չկա, գաղափարական ոչ մի բան չկա։ Ավելի շատ՝ խմբակային, գուցե թե անձնական շահ, կամ՝ ավելորդ բարկությունների, կորուստների, ձեռքբերումների, այսպիսի խնդիրներ են, քան այն, ինչ սովորաբար մամուլը վերագրում է կուսակցություններին։ Իբր՝ կուսակցությունների առատությունից է մեր վիճակն այսպիսին։ Նախ՝ իրոք շատ են կուսակցությունները, բայց, ի վերջո, կուսակցություններ էլ չեն, ի՞նչ կուսակցություններ են որ։ Գաղափարախոսություն կրող ընդամենը մի քանի կուսակցություն կարող ես նշել, մի 4-5-ը, էն էլ՝ ոչ լիարժեք։ Իմիջիայլոց, գաղափարախոսություն ունեցողներն ավելի հեշտ են համագործակցում։ – Եթե թվարկենք հայաստանցիներին հուզող եւ անհանգստացնող 3-4 խնդիր, որո՞նք կլինեն դրանք։ Արդյո՞ք այդ ցուցակում կլինի «Հոկտեմբերի 27»-ի բացահայտումը։ – Անկեղծ ասած, «27»-ի բացահայտումը չէի դնի այդ կարեւոր խնդիրների շարքում, եթե դնեի էլ, զուտ միայն տուրք տալով այն լարվածությանը, որ ստեղծվում է։ Ինքս նախանձ մարդ չեմ, բայց նախանձով եմ նայում մեծ ժողովուրդներին, որոնք նման, գուցե եւ ավելի մեծ ողբերգություններ են ունենում եւ շատ հանգիստ են տանում։ Ոչ թե որ անտարբեր են, այլ՝ ամեն ինչը չեն կապում նրա հետ, ինչ որ կատարվեց։ Որովհետեւ եթե դու հանկարծ սեւեռվում ես եւ չես կարողանում առաջ գնալ, դա քեզ խանգարում է։ Ինչպե՞ս է, որ մեր հասարակության մեջ մարդիկ են հայտնվում եւ նույնիսկ եղեռնի մասին են ասում՝ հերիք է խոսեք։ Եվ ճիշտ են ասում։ Մենք արհեստականորեն մեր ողբերգությունը, ցավը շատ ենք կապում մեր ամեն ինչի հետ եւ մեր հասարակության մարդկային էներգիան վատնում ենք։ Դրանից ոչ հարցն է բացահայտվում, որ ժողովուրդն ազատվի, հանգստանա եւ ոչ էլ կարողանում ես էներգիադ ավելի արդյունավետ օգտագործել։ – Այնուամենայնիվ, կա՞ն մի քանի խնդիրներ, որ բոլորիս հուզում են, որո՞նք են դրանք։ – Ինձ համար ամենակարեւոր խնդիրը աղքատության վերացումն է։ Ոչ միայն այն պատճառով, որ ինձ համար շատ տհաճ է դուրս գալ փողոց եւ տեսնել մուրացկաններ, երբ գիտես, որ այսինչ տեղում այսինչ ընտանիքները չեն կարողանում ապրել եւ դու քո ապրելուց էլ ես ամաչում։ Բայց՝ ոչ միայն դա։ Սա էլ է դարձել սեւեռուն, բոլորիս ուշքն ու միտքը դա է եւ ես չեմ կարողանում իմ լեզուն երկարացնել եւ ասել՝ այ վարչապետ, այ նախագահ, ինչպե՞ս կարելի է մշակույթին այսքան քիչ գումար հատկացնել։ Չեմ կարողանում ասել, որովհետեւ աղքատության խնդիրը չի լուծվել։ Եթե աղքատության խնդիրը լուծվի, իմ լեզուն մի քիչ ավելի երկար կլինի։ Այսօր ես չեմ կարողանում մշակույթի համար պահանջել։ – Ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորներ։ Կա՞ն տարբերություններ այս երկուսի միջեւ։ – Կարծում եմ, անջրպետն ավելի շատ արհեստական է։ Կուզեի շատ ավելի լուրջ լիներ, այսինքն՝ գաղափարների շուրջ, երկիրը կառավարելու, ոտքի կանգնեցնելու այլընտրանքային ծրագիր լիներ եւ այդ ծրագրին տեր մարդիկ լինեին։ – 2004-ին տեղի կունենա՞ վստահության հանրաքվեն։ – Ես հանրաքվեին կողմ չեմ, ոչ թե որ Ռոբերտ Քոչարյանին եմ պաշտպանում, թեեւ դա էլ նշանակություն ունի։ Ի վերջո, ընտրություն է կատարվել, ընտրությունը ամենամեծ հանրաքվեն է։ Ի՞նչ հանրաքվեի մասին է խոսքը։ Ենթադրենք՝ իսկապես հանրաքվե լինում է, հանրաքվեն նորից հաստատում է Ռ. Քոչարյանին եւ նորից ընդդիմությունն ասում է, որ կեղծիքներ են եղել։ Ճիշտ է ասում, կամ՝ սխալ։ Երկուսն էլ ընդունում եմ։ Ի՞նչ է լինելու՝ նորի՞ց պիտի հանրաքվե անենք։ Այսինքն մենք ամբողջ ժամանակ մեր մարդկային էներգիան պիտի անընդհատ ծախսենք դրա վրա՞։ Լավ, մեղք ենք, չէ՞, էս ազգը մեղավո՞ր է, որ ընկել է այս վիճակի մեջ։ Անընդհատ կարելի՞ է նույն բանը կրկնել։ – Անցնող տարվա ամենալավ եւ ամենավատ բանը։ – Ինձ նման տարիք ունեցողները ամեն տարվա վերջում մտածում են՝ քիչ մնաց, հանկարծ կորուստ չունենանք։ Անցյալ տարի Հրանտ Մաթեւոսյանն էր։ Էս տարի՝ Մեսրոպ սրբազանը, որը մեր ազգի լավագույն մարդկանցից մեկն էր։ Կորուստ էր։ Դրական ի՞նչ ասեմ՝ իմ գիրքն է լույս տեսել։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել