ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ Հանրապետության մասնագետները դպրոցական միջազգային առարկայական օլիմպիադաների համար երեխաներին մարզելիս հանդիպում են այնպիսի խնդիրների, որոնք կարող էին եւ չլինել, եթե կրթության եւ գիտության նախարարությունը մի փոքր ավելացներ ուշադրությունն այդ աշխատանքների։ Երեկ ԿԳ նախարար Ս. Երիցյանը միջազգային օլիմպիադաներում մրցանակային տեղեր զբաղեցրած 12 աշակերտներին հանձնեց շնորհակալագիր եւ կաշվե դատարկ պայուսակ, իսկ առարկայական թիմերի ղեկավար-մարզիչներին՝ պատվոգիր։ Վերջիններիս նախարարը հորդորեց «արտահայտվել» ու «ընկավ կրակը»։ Մաթեմատիկայի թիմի մարզիչ Գառնիկ Տոնոյանը բողոքեց, որ մասնակիցների կազմն ու նրանց ֆինանսական հարցերը հաստատվում-լուծվում են վերջին օրերին ու իրենք չեն հասցնում ինչպես հարկն է պատրաստվել, որ արտերկրի շնորհալի հայ երեխաները հանդես են գալիս ուրիշ երկրների կազմում ու պետք է նրանց ներգրավել տեղական մրցույթներին: Ըստ պրն Տոնոյանի մարզային օլիմպիադաները կրում են լրիվ ձեւական բնույթ, երեխաները չեն անցնում հանրապետականի չափանիշներով ու ստեղծվում է «ղալմաղալ» մանկավարժների, աշակերտների ու նրանց ծնողների միջեւ։ Քիմիայի գծով մարզիչ Շավարշ Սաղաթելյանն ասվածին ավելացրեց, որ մարզերի ոչ բոլոր դպրոցներն են մասնակցում օլիմպիադաներին եւ այդ մրցույթները պատշաճ մասսայականացում չունեն։ Փոխնախարար Աիդա Թոփուզյանը նկատեց, որ «պարտադիր չէ բոլորը մասնակցեն»։ Նաեւ տեղեկացրեց. «Մարզային հանձնաժողովներին կցված են լինում հանրապետական հանձնաժողովների անդամներ, եւ վերստուգել մարզային մասնագետների գնահատականը՝ կարիք չկա»։ Ինչ վերաբերում է երեխաների ֆինանսական խնդիրների լուծմանը, ապա այս հարցը նույնպես տիկին Թոփուզյանը վաղուց լուծված է համարում։ Եթե գործի չդրվեին նախարար Երիցյանի դիվանագիտական ունակությունները, երկուստեք խոսակցությունը «շանս» ուներ վերաճելու լեզվակռվի, ինչի թեթեւ փորձ արվեց հանդիպման ավարտից հետո։ Փոխնախարարի եւ երեխաներից մեկի հոր միջեւ ծառացած մեկ այլ տհաճ միջադեպի մասին չենք գրում, խնայելով երեխայի ինքնասիրությունը։ Ռ. ԱՐՇԱԿՅԱՆ