ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ ԿՈՐՈՇՎԵՆ ԱՅՍՕՐ ԵՊՀ մարզադահլիճում լրատվամիջոցների միջեւ անցկացվող մինի ֆուտբոլի անդրանիկ մրցաշարը մոտենում է ավարտին։ Երեկ կայացան կիսաեզրափակիչ հանդիպումները։ Սակայն մինչ դրանց արդյունքները հրապարակելը, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ մի նախապատմության, որը որոշ քաշքշուկների տեղի տվեց։ Կանոնակարգով, որը մրցաշարն սկսվելուց առաջ քննարկվել էր թիմերի ներկայացուցիչների հետ եւ հաստատվել ՀՖՖ նախագահի կողմից, նախատեսված էր մասնակից 10 թիմերին բաժանել երեք խմբի. մեկում՝ չորս, երկուսում՝ երեքական։ Գրված է նաեւ, որ հաջորդ փուլ անցնում են խմբերում հաղթող դարձած թիմը եւ երկրորդ տեղեր գրավածներից լավագույն արդյունք ունեցողը։ Այնուհետեւ նշված է, թե կիսաեզրափակիչում որ խմբի հաղթողն ում հետ պետք է հանդիպի։ Ստացվել էր այնպես, որ 1-ին խմբի հաղթող «Մեդիամաքսը» կրկին պետք է հանդիպեր նույն խմբում ընդգրկված «Տիգրանպրեսի» հետ, որը լավագույն արդյունք ունեցողն էր 2-րդ տեղեր գրավածների մեջ, իսկ 2-րդ եւ 3-րդ խմբերի հաղթողներ Հ1-ն ու «Արմենիան» պետք է դուրս գային միմյանց դեմ։ Մասնակիցները «Մեդիամաքս»-«Տիգրանպրես» երկրորդ հանդիպումն այդ փուլում համարեցին ոչ տրամաբանական եւ կազմակերպիչ խմբի հետ բուռն քննարկումների արդյունքում վերջինին համոզեցին անցկացնել «կույր» վիճակահանություն։ Ստացվեցին հետեւյալ զույգերը. «Մեդիամաքս»-Հ1 (խաղի սկիզբը՝ ժամը 12-ին) եւ «Տիգրանպրես»-«Արմենիա» (13.30-ին)։ Սակայն երեկոյան տեղի ունեցածի մասին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Պրոմեթեւսի» աշխատակից եւ մրցաշարի անցկացման նախաձեռնող Վարդան Թադեւոսյանին, ըստ վերջինի, ասել էր, թե պետք է առաջնորդվել հաստատված կանոնակարգով։ Այսինքն, նախորդ օրը անցկացված վիճակահանությունն անվավեր է։ Երեկ կիսաեզրափակիչի խաղերը խառնաշփոթի պատճառով ժամանակից ուշ սկսվեցին։ Առաջինը խաղադաշտ մտան «Մեդիամաքսն» ու «Տիգրանպրեսը»։ Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր ու լարված պայքարում։ Երկու թիմերն էլ, որ կարելի է ասել կայացած են ու բավականաչափ մրցափորձ ունեն, բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեցին։ Թե տարածքային, թե գոլային պահերով «Տիգրանպրեսը» նկատելի առավելություն ուներ։ Վտանգավոր պահերը անընդհատ հաջորդում էին միմյանց։ «Մեդիամաքսին» մի քանի անգամ վերահաս գոլից փրկեցին դարպասաձողերը։ Գերազանց խաղ էին ցուցադրում նաեւ երկու թիմերի դարպասապահները։ Մի քանի անգամ էլ գնդակը հրաշքով չհայտնվեց դարպասներում։ Ի վերջո գրանցվեց զրոյական ոչ-ոքի ու նորից, կանոնադրության համաձայն, նշանակվեց 11 մետրանոցների հարվածաշար։ Այստեղ հաջողությունը այս մրցաշարում երկրորդ անգամ երես թեքեց «Տիգրանպրեսից», որին չհաջողվեց ռեւանշի հասնել։ Երկրորդ զույգի հանդիպումում, որը նույնպես անցավ հետաքրքիր, 2։1 հաշվով հաղթեց «Հանրային հեռուստատեսությունը» ու դարձավ եզրափակիչի երկրորդ մասնակիցը։ Այսօր «Տիգրանպրեսն» ու «Արմենիան» կորոշեն երրորդ մրցանակակրին, իսկ «Մեդիամաքս»-Հ1 խաղում կորոշվեն հաղթողն ու երկրորդ մրցանակակիրը։ Մրցանակների հանձնումից հետո, որ ամենայն հավանականությամբ կկատարի Ռուբեն Հայրապետյանը, կկայանա լրագրողների եւ մրցավարների հավաքական թիմերի ցուցադրական հանդիպում։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ