Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրից ժանգի համ էր գալիս

Դեկտեմբեր 26,2003 00:00

Ջրից ժանգի համ էր գալիս Նա աշխարհը լքեց 1994-ի մայիսին: Խրամատում ցեխ էր, դեղնահողի ցեխ: Թանձր, կպչուն ցեխ էր: Կրակոցներն այլեւս հատուկենտ էին: Հայտարարված զինադադարի կրակոցներ էին արդեն: Նստած էր բլինդաժում: Խղճուկ բլինդաժ էր: Դրսից հող էր լցված, ներսից՝ խաղողի այգիներից պոկած կիսամաշ բետոնե սյուներ ու տարատեսակ կոճղեր: Կեղտոտ գուլպաների, ուտելիքի նեխած մնացորդների, ծխի հոտերն այստեղ խառնվել էին իրար ու անհասկանալի մի հոտահիբրիդ էր ստացվել։ Բլինդաժում վեր ու վար էին անում շերտավորված հոտերը: Մեզնից նույն հոտերն էին գալիս, դրանք ներծծվել էին մեր մարմնի մեջ։ Հենց այդ հոտերն են տանում իրենց ետեւից: Երբեմն հողի միջից մանր քարեր էինք հավաքում ու նետում մեկս մյուսի վրա: Ալարկոտ շարժումով, բնազդի հասած շարժումով, հենց այնպես, մի բան անելու համար: Կյանքդ փոխելու, ձանձրույթդ կասեցնելու համար: Մենք ու՞մ սպասավորներն էինք: Ինձ թվում էր՝ բոլորն էլ իրենց մտքերում նման մի հարց տալիս էին: Մարմնական հաճույքները մեխված էին պատին: Ռուսալեզու «Օգոնյոկ» ամսագրից պոկած շիկահեր մի աղջկա լուսանկար ծածկված էր մեր նետած քարերով: Դա վերջն էր մեր բոլոր օրերի, որին, չգիտես ինչու, կառչել էինք ու մնացել: Արհամարհանքը մերժում էր ամեն ինչ: Հայեցակարգը ո՞վ էր մշակել այս օրենքի, անըմբռնելի անհրաժեշտությունն էր, որ նորից բերում-կանգնեցնում էր բլինդաժի մրոտված հողին: Ծաղրի ու զզվանքի ներքո փորձում էինք տանել խաչը, որ հանձնել էին մեզ ու հեռացել անվերադարձ: Երբեմն ալարում ես հայացքդ նույնիսկ բարձրացնել ի պատասխան որեւէ շարժման: Ցնորքը եկել172կպել էր մեզ, մտել մեր մեջ ու ուզում էր ինչ-որ տեղից դուրս պրծնել: Միայն թե վերջանան այս անվերջությունը, այս քաղցը, այս հոտերը, այս անուժությունը, որին դիմադրելու մասին ունակ չես այլեւս մտածել: Այս ի՞նչ անկում էր, որ մեզ կապկպել էր այսպես, այս ի՞նչ թույն էր, որ ներարկել են ու դարձրել անիմաստ բովանդակություն: Գաղափա՞րը: Ի՞նչ է դա, որին քեզ պիտի ենթարկեցնես: Ու՞ր է այն նյութը, որ իբր վերեւից պիտի թափվեր վրադ: Այդ հոգեւոր խավարը նստել է կրծքիդ ու խեղդում է: Չարենցի ատամնաթափ գանգի տեսքով: Խեղդում է: Ու դա դառնում է հավատամք: Գուցե անգիտակից ենք այլեւս, գուցե խոսքը չենք ընկալում արդեն: Գուցե վերջն էր՝ ազդարարված ի սկզբանե: Նա ժամանակ առ ժամանակ ծխում էր, ինչպես բոլորն այդ բլինդաժում: Երրորդ օրն էր, ոչինչ չէր ասում: Զինադադարի երրորդ օրն էր: Իրիկնադեմին դուրս եկավ, նստեց խրամատից քիչ հեռու ընկած կոճղին: Հայացքը դատարկ էր, հանգիստ։ Հետո լսվեց կրակոցի ձայն: Ոչ մի բանով չտարբերվող, հատուկենտ կրակոցներից էր: Սովորական կրակոց էր: Զինադադարների ժամանակ հնչող անտարբեր կրակոց: Ոչ մեկս դուրս չեկավ նույնիսկ, այսպիսի կրակոցներ միշտ էլ եղել են։ Նրան գտանք կոճղի կողքին պառկած: Աչքերն ու բերանը բաց էին: Դեմքին՝ երանելի անհոգություն էր: Գնդակը մխրճվել էր գլխում: Լերդացած արյունը խառնվել էր հիշողության լորձունքին ու հոսել բերանի մեջ: Ու հետո բերանից դանդաղ հոսել է ներքեւ, հասել է ցեխին ու փրփրակալած այդպես էլ մնացել։ Թաց հողը չէր հասցրել ներծծել այդ տարօրինակ լուծույթը։ Ուղեղախառն այդ լուծույթը նրա վերջին գիտակցված հպումն էր այդ ցեխոտ հողին: Տղաներից մեկը ձեռքը սահեցնելով փակեց աչքերը: Հենց այնպես արված մի շարժում էր։ Կեղտից սեւացած ձեռքի շարժում։ Բարձրացրինք գետնից: Բերանից կախ լորձունքը ծոր տալով շարժվում էր մեր ետեւից: Ներս բերեցինք: Մեկը հանեց սապոգը եւ, ոտքին փաթաթած լաթի կտորը վերցնելով՝ անցկացրեց ծնոտի տակով ու հանգուցեց գլխավերեւը: Բերանն էլ փակվեց: Նստած փորձում էինք հիշել նրա ասած վերջին խոսքերը: Երեք օր չէր խոսել: Հարց էինք տալիս, չէր պատասխանում: Վեցից ոչ մեկս չհիշեց նրա ասած վերջին բառերը: Երեսունչորս տարի անց, գիշերը վեր կացա ծարավից, բացեցի ծորակը… երբ ջուրը խմում էի, լսեցի նրա ձայնը. «Ջրից ժանգի համ է գալիս»: Հիշեցի, նա այդ ասել էր չանից ջուր խմելուց հետո: Նրա վերջին բառերն էին դրանք: Սպանվելուց երեք օր առաջ էր ասել: Ժանգի համը մարմնիս միջով անցավ սարսուռի պես։ Ձեռքս թուլացած ընկավ: Լսեցի ջարդվող բաժակի ձայնը: Փշուրները ցաքուցրիվ էին լինում ոտքերիս տակ։ Դանդաղ փայլփլելով՝ տարածվեցին չորս կողմս։ Ես չէի հասցնում հետեւել բոլորին: Առավոտյան ինձ գտան մահացած: Աչքերս ու բերանս բաց էին: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել