Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՁՄԵՌ ՊԱՊԻՑ

Դեկտեմբեր 26,2003 00:00

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՁՄԵՌ ՊԱՊԻՑ Մոտենում է Ամանորը։ Թե ինչ սպասելիքներ ունեն մշակութային օջախների ղեկավարները նոր տարուց ու անձամբ Ձմեռ պապից, ներկայացնում ենք ստորեւ։ Գեղամ Գրիգորյան (Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար). – Բարեւելուց անմիջապես հետո շնորհակալություն կհայտնեմ Ձմեռ պապին, որ վերջապես ունենք վերանորոգված ու տաք թատրոն։ Կխնդրեմ, որ ավելի մեծ լինի ուշադրությունը հայ մշակույթի հանդեպ։ Օպերային արվեստի հայ սիրահարներին, մեր հանդիսատեսին արդեն կհանդիպենք ձմռանը, որի առիթով նույնպես երջանիկ ենք։ Լեւոն Մալխասյան (Ջազ-ակումբի նախագահ). – Կխնդրեմ Ձմեռ պապից, որ 2004-ին վերջապես բացվի ջազ ստուդիա-դպրոց, որպեսզի ոչ թե փառատոնից փառատոն, այլ միշտ ջազային առօրյայով ապրենք։ Եթե Ձմեռ պապը կարողանա սա իրականացնել Երեւանում, ջազային երաժշտությունը կփորձենք տարածել նաեւ Հայաստանի մարզերում։ Սոս Սարգսյան (Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր). – Ձմեռ պապից կխնդրեմ, որ Հայաստանում խաղաղություն լինի, ցնցումներ չլինեն, մարդիկ վերջապես հանդարտվեն։ Մի խոսքով՝ ժողովուրդը շունչ քաշի, որովհետեւ միայն այդ դեպքում հանգիստ կաշխատենք ու կարարենք։ Սերգեյ Սարաջյան (Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի ռեկտոր). – Կխնդրեմ, որ հարատեւեն խաղաղ օրերը։ Հասկանանք, այն, ինչ ստեղծում ենք այսօր, հասցեագրում ենք եկող ժամանակին։ Հենց սա էլ կկրկնապատկի մեր պատասխանատվությունը՝ պահանջելով ձիրքի, նվիրումի առավելագույնը։ Արամ Իսաբեկյան (Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր). – Ձմեռ պապից կխնդրեմ, որ բոլորն ունենան աշխատատեղեր ու աշխատեն իրենց մասնագիտությամբ։ Որ վերջապես գնահատեն իսկական արժեքները եւ արվեստը չլինի սրա-նրա մենաշնորհը։ Հանդարտվենք ու զարկ տանք մեր խելքին ու մտքին։ Արամ Ղարաբեկյան (Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր). – Ձմեռ պապից կխնդրեմ հանդուրժողականություն, փոխըմբռնում, փոխհամաձայնություն եւ շատ-շատ սեր մարդկանց միջեւ։ Կարեն Աղամյան (Հայաստանի նկարիչների միության նախագահ). – Եթե հանդիպեմ Ձմեռ պապին, առաջինը կխնդրեմ խաղաղություն եւ բազմազավակություն հայերիս համար։ Այդ ամենից զատ, կխնդրեմ մեր երկրի զարգացման ամուր հիմքեր, ինչից եւ կախված է վերը թվարկածս։ Հակոբ Ղազանչյան (Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսոր). – Ճիշտն ասած, սկսել եմ չհավատալ Ձմեռ պապին։ Բայց եթե այնուամենայնիվ հանդիպեմ, մի քիչ քաղաքակրթություն կխնդրեմ մեր հասարակության համար։ Ռուբեն Բաբայան (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն). – Կխնդրեմ, որ մեր երկրում կատարվող բոլոր փոփոխություններն ընթանան դրական ուղղություններով։ Ամեն ինչ լինի ժամանակին՝ ոչ ուշանանք, ոչ էլ առաջ ընկնենք։ Էլի մի բան՝ օգնենք թույլերին ու անպաշտպաններին։ Արա Երնջակյան (Երեւանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար). – Ձմեռ պապից ընդամենը կխնդրեմ 5 հատ օդափոխիչ (կոնդիցիոներ), որովհետեւ սարսափելի է, ձմռանը սառչում ենք, ամռանը՝ շոգից խեղդվում։ Իսկ մեզ պետք է հակառակը։ Բացի դրանից, մի գավաթ սուրճ էլ կխնդրեմ Ձմեռ պապից։ Արմեն Էլբակյան (Խամաճիկների պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար). – Ձմեռ պապից երկու բան եմ խնդրում՝ խաղաղություն ու ամենայն բարիք մեր ժողովրդին։ Արմեն Մելիքսեթյան (Երեւանի երաժշտական կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար). – Բացի տրադիցիոն ցանկություններից, Ձմեռ պապից կխնդրեմ շատ սեր, որովհետեւ ամեն ինչ սիրուց է սկսվում։ Պատ.՝ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել