Լրահոս
Օրվա լրահոսը

Բուհի որակի համար պատասխանատու է դպրոցը

Դեկտեմբեր 26,2003 00:00

Բուհի որակի համար պատասխանատու է դպրոցը Իսկ ո՞վ է պատասխանատու դպրոցի որակի համար Երեկ ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը հրավիրել էր կրթական ոլորտի որոշ պատասխանատուների, հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ ներկայացուցիչների՝ այս անգամ քննարկելու բուհական ընդունելության եւ ընթացիկ քննություններում հնարավոր կոռուպցիոն ռիսկերին ու դրանց նվազեցման ուղիներին առնչվող հարցեր: Պրն Եսայանը կոռուպցիայի ամենամեծ դրսեւորումն է համարում ընդունելության քննություններում առկա ճնշումների դեպքերը, երբ որոշ մարդիկ, օգտվելով իրենց դիրքերից, օրենքը շրջանցելու ճանապարհն են ընտրում: Հաջորդը ընթացիկ քննություններում բոլորի աչքի առաջ տեղի ունեցող կաշառատվության փաստն է, որ հաճախ հասնում է մեծ չափերի: Ներկաները համաձայն էին, որ համակարգում իրոք առկա են նմանատիպ երեւույթներ, սակայն, ինչպես նշվեց, ամեն ինչ գալիս է սոցիալական վիճակից, եւ կոռուպցիան հենց ինքը ծնվում է անբարեկեցիկ կյանքից: Նաեւ պետք է նշել, որ կոռուպցիան երբեք, աշխարհի ոչ մի երկրից ամբողջովին արմատախիլ անել հնարավոր չէ, որովհետեւ սոցիալական վիճակի բարելավման հետ կարող են ավելանալ, ասենք, հենց դասախոսի պահանջները. ո՞վ կարող է ասել, թե իրականում որքան փող է պետք մարդուն՝ լիարժեք երջանկության համար: Եվ ցանկացած երկրում էլ, նույն Սորբոնի ու Քեմբրիջի համալսարաններում, առկա են կոռուպցիոն ռիսկեր: Սակայն մտահոգիչն այն է, որ Հայաստանում ուսուցման ցածր մակարդակն է հաճախ պատճառ դառնում կոռուպցիոն ռիսկերի մեծացման: Քանի որ առարկան վատ իմացող ուսանողը դիմում է «հեշտ» ճանապարհի՝ դասախոսին կաշառելուն, դասախոսն էլ համաձայնում է գնալ այդ քայլին՝ իր սոցիալական վիճակից ելնելով: Եվ ինչպես առաջարկեց ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ Նազիկ Հարությունյանը, դատավորների աշխատավարձը բարձրացնելու հետ պետությունը պետք է դասախոսինն էլ բարձրացնի՝ հենց նույն հիմնավորմամբ, ինչ՝ դատավորների դեպքում: Ներկաների կարծիքով, այսօր բուհի ցածր մակարդակը պայմանավորված է հանրակրթության անմխիթար վիճակով: Երբ աշակերտը, մոռացած բոլոր առարկաները, վարժեցվում է 3 առարկայի եւ առանց լայն աշխարհայացք ունենալու, առանց ընդհանուր գիտելիքների բավարար մակարդակի, մտնում է բուհ՝ մնացած առարկաներից փողով գնահատական կորզելու ակնկալիքով: Ներկա բուհական ռեկտորները պնդում էին, որ կրթական ոլորտի պատասխանատուներն ամբողջ ուշադրությունը պետք է սեւեռեն հանրակրթության բարելավմանը: Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը կարծում է, որ ճիշտ կլինի, եթե բուհը հայտարարի իր ընդունելության ներքին շեմը, որը պետք է համընկնի դպրոցի ելքի գնահատականի հետ: Իհարկե, ոչ հանրակրթության ներկայիս որակի պայմաններում, այլապես կոռուպցիան մեծ թափով կտեղափոխվի դպրոց: Ի դեպ, կրթական բարեփոխումների վարկային նոր ծրագրի շրջանակներում նախատեսված է ստեղծել գիտելիքների գնահատման կենտրոն, որի նպատակներից մեկն էլ, ամենայն հավանականությամբ, ընդունելության քննություններին փոխարինելը պետք է լինի: Սակայն, ներկաների կարծիքով, դա միայն ձեւերի փոփոխություն կլինի եւ բնավ էլ չի վերացնի սողանցքները եւ չի փոքրացնի կոռուպցիոն ռիսկերի հնարավորությունը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել