Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԱՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

Դեկտեմբեր 26,2003 00:00

ՎՏԱՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ Զուր էր Պարույր Հայրիկյանը հայտարարում, թե Գր. Լուսավորչի 15 շենքից ԱԻՄ-ին վտարելը կապված է իր կուսակցության դեմ սկսած իշխանությունների «արշավանքի» հետ, քանի որ շենքից պիտի դուրս գան այնտեղ տեղավորված բոլոր կազմակերպություններն անխտիր։ «Դա մեր ցանկությամբ չէ, այլ՝ կառավարության որոշմամբ, որը, ուզենք, թե չուզենք, պիտի կատարենք»,- երեկ «Առավոտին» ասաց ԳԱԱ գործերի կառավարիչ Էլմիր Գեւորգյանը։ Շենքն ազատելու վերջնաժամկետ նշել նա դժվարացավ. «Ի՞նչ ասեմ, ինչքան շուտ՝ այնքան լավ, որովհետեւ օրը երեք անգամ կաթողիկոսարանից զանգում են, թե ի՞նչ եք արել, ի՞նչ զեկուցենք կաթողիկոսին»։ Հիշեցնենք, որ Լեզվի եւ տնտեսագիտության ինստիտուտները պետք է տեղափոխվեն Գր. Լուսավորչի այս շենքը՝ կաթողիկոսի նստավայրի համար տեղ ազատելու նպատակով: Գրականության ինստիտուտի այս շենքում 90-ականների սկզբից տարբեր հիմունքներով «բնակվող» պետական ու մասնավոր կազմակերպություններից յուրաքանչյուրի նկատմամբ ԳԱԱ-ն ունի առանձնահատուկ վերաբերմունք. «Որոնց մենք գիտենք, դեռ մեկ-երկու ամիս կարող են մնալ, մնացածին չենք կարող պահել»։ Իսկ ո՞ւմ գիտեն եւ ո՞ւմ չգիտեն՝ տարածքի տերերը։ Տարբեր պատճառներով ԳԱԱ-ի հետ տարբեր փոխհարաբերություններ ձեւավորած կազմակերպությունների մի մասը հայտնվել է սեւ, մյուս մասը՝ սպիտակ ցուցակում։ Սկսենք վերջիններից. «Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք «Ա1+»-ի հետ, եղել է՝ վարձավճարն ուշացրել են, բայց ոչինչ չենք ասել։ Հիմա մտածում ենք, թե որտեղ տեղավորենք իրենց, նույնը կարող եմ ասել «Գարուն», «Աղբյուր» ամսագրերի մասին, որոնց ճակատագիրն էլ է մեզ անհանգստացնում կամ՝ Ծնողազուրկ երեխաների կազմակերպությունը, մենք նրանցից մինչեւ հիմա կոպեկ չենք վերցրել»։ Ի դեպ, վերջինիս 1988-ից տարածք հատկացրել էր ԱԻՄ-ը։ «Մելտեքս» ՍՊԸ («Ա1+»-ի) նախագահ Մեսրոպ Մովսեսյանն առայժմ չգիտեր անելիքը, քանի որ դեռ չէր խոսել տարածքի տերերի հետ։ Արդարադատության նախարարության զբաղեցրած հարկաբաժինը կազատվի։ Ըստ Է. Գեւորգյանի, վարչապետը նման հանձնարարական է տվել նախարար Դավիթ Հարությունյանին։ Այսպիսով, ուշ թե շուտ, շենքը պիտի ազատվի, վերանորոգվի եւ տրամադրվի Լեզվի եւ Տնտեսագիտության ինստիտուտներին։ Ակադեմիայի գործերի կառավարիչը հստակ ու վստահ հայտարարեց, որ «ոչ մեկի պայմանագիրը չի երկարաձգվելու, ոչ մեկն էլ նորոգումից հետո հետ չի գալու, շենքում աշխատելու են միայն ակադեմիայի ինստիտուտները»։ Սակայն հարցի լուծումը կարճ ժամանակում չի լինի։ ԱԻՄ-ից չպրծած, ԳԱԱ-ն այժմ էլ թունդ ընդհարումների մեջ է «Մշակույթի հայկական ֆոնդ» ՀԿ-ի նախագահ Արեւշատ Ավագյանի հետ, որն էլ հենց սեւ ցուցակի առաջատարն է։ Մեզ հետ զրույցում պրն Ավագյանն ասաց. «Մենք այս շենքում ավելի հին բնակիչներ ենք, քան ակադեմիան, որովհետեւ սա եղել է պարբերական հրատարակչության շենքը, եւ դրա իրավահաջորդը մենք ենք, «Գարունը», «Աղբյուրը» ու մինչեւ մեր հարցը չլուծվի՝ դուրս չենք գալու»։ ԳԱԱ-ն Մշակույթի հայկական ֆոնդի վտարման հարցը որոշել է լուծել դատարանի միջնորդությամբ։ Այնպես որ, Գր. Լուսավորչի 15 շենքը դեռեւս մնում է տարածքային կռիվների թատերաբեմ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Հ. Գ. Արձագանքելով «Առավոտի» երեկվա համարի «Հայրիկյանը հեռանում է» հրապարակմանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը տեղեկացրել է, որ ինքը ոչ թե լքում է Գրիգոր Լուսավորչի 15 շենքում զբաղեցրած իր տարածքը, այլ դատարկել է այն՝ վերանորոգման նպատակով։ Նա նաեւ հայտնել է, որ «անկախ դատարանի վճռից, մենք պայքարը չենք դադարեցնելու»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել