Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում քայլել չի լինում

Դեկտեմբեր 26,2003 00:00

Գյումրիում քայլել չի լինում Գյումրիում հետիոտնի անվտանգությունն ապահովված չէ: Չորս օր է՝ փողոցները սառցակալված են, իսկ մաքրման աշխատանքներ գրեթե չեն կատարվում: Եթե կենտրոնական հատուկենտ փողոցներում սառույցը կիսատ-պռատ հալեցրել են, երկրորդականները կարծես պլանից դուրս են: Չնայած մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները ուղիղ մեկ շաբաթ առաջ տեղական հեռուստաալիքներով բնակիչներին վստահեցնում էին, որ իրենք ձմռանը լիարժեք նախապատրաստված են: Համենայնդեպս, Գյումրիի հիվանդանոցներում արձանագրվող փաստերը նախապատրաստված լինելու մասին չեն խոսում: Միայն Գյուլբենկյանի անվան հիվանդանոցում չորս օրվա ընթացքում գրանցվել է միջին ու ավելի ծանրության կոտրվածքների 12 դեպք: Վնասվածքաբանական բաժնի վարիչ Խաչիկ Կարապետյանի հավաստմամբ, այդ հիվանդներից չորսի վիճակը շատ ծանր է: Պարզվում է, նրանց մեծ մասը 50172ն անց են: Իսկ Գյումրիում, ինչպես հայտնի է, տարեց մարդիկ ու հատկապես հաշմանդամները (նրանք 7000-ից ավելի են) մեծ թիվ են կազմում: Եթե նկատի ունենանք նաեւ, որ Շիրակի դաշտավայրում ձմեռը երկարատեւ է: Շատերը հարցին հեգնանքով են մոտենում՝ նշելով, որ նման վիճակի շարունակման դեպքում իրենք ստիպված կլինեն կոշիկների փոխարեն չմուշկներ գնել, իսկ քաղաքային տրանսպորտը սահնակով փոխարինել: Բնակիչներից շատերն անգամ առաջարկում են ձմեռային օլիմպիական խաղերը Գյումրիում անցկացնել: Իսկ քաղաքապետարանում դեռ շարունակում են իրենց մաքրած փողոցները թվարկել: Բնակկոմունալ տնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի տեղակալ Եղիշ Աբգարյանի հավաստմամբ, իրենց պաշարը կբավականացնի նույնիսկ մայթերի մաքրման համար: Պաշտոնյան հայտնեց, որ իրենք պահեստավորել են հարթեցնող172 ջրցան մեքենա, երեք ինքնաթափ ու բարձիչ մեքենա, չորս տոննա աղ եւ տասը մեքենա մանր պեմզա: Այն խառնում են աղի հետ, որպեսզի ասֆալտը չփչանա: Եղիշ Աբգարյանի խոսքերով, ի տարբերություն մյուս օրերի, իրենք հիմա աշխատում են առավոտյան ժամը 8-ից: Սակայն արդյունքը ոչ բոլորն են զգում: Մնում է ենթադրել, որ կամ աշխատանքներն են շատ դանդաղ ընթանում, կամ էլ ոչ բոլոր փողոցներն են ընդգրկված քաղաքապետարանի ցուցակում: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել