Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՉՎԱՃԱՌԵԼ ԹՈՒՆԱՎՈՐ ԴԵՂԵՐ

Դեկտեմբեր 26,2003 00:00

ԻՆՉՊԵՍ ՉՎԱՃԱՌԵԼ ԹՈՒՆԱՎՈՐ ԴԵՂԵՐ Եթե ֆինանսների նախարարությունը քեզ «պարզեցված կարգով» լիցենզիա է տալիս Կեղծված, չգրանցված կամ ժամկետանց դեղերի շրջանառության, ոլորտի ստվերային այլ երեւույթների դեմ պայքար ծավալած պետական գերատեսչությունները դեռեւս չեն հայտարարել խնդրի վերանալու կամ մեղմանալու մասին, նույնիսկ չեն որոշել, թե որն է դրա ամենաճիշտ ուղին, որով եւ պատրաստվում են շարժվել: Չի բացառվում, որ չկողմնորոշվելու պատճառը դեղերի առեւտրի կանոնակարգման բնագավառում գոյություն ունեցող խառնաշփոթն է: Խնդիրն այն է, որ առանց կոնկրետ տրամաբանական հիմնավորման, դեղերի բիզնեսով զբաղվելու լիցենզիաներ են տրամադրում երկու պետական գերատեսչություններ՝ կամ առողջապահության, կամ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունները: Նրանց տված լիցենզիաներում անգամ գործունեության տեսակի ձեւակերպումները հստակ չեն: Դրանցից առաջինը լիցենզիա տրամադրում է «դեղատնային գործունեության» համար, իսկ երկրորդը՝ «դեղերի առեւտրի» համար: Մասնագետների մեկնաբանությամբ, սակայն, լիցենզիայում կամ որեւէ այլ տեղ հստակեցում չկա այն մասին, թե դրանցից որը գործունեության ինչ տեսակ է, նման լիցենզիան բիզնեսի ինչ հնարավորություններ է տալիս: Մի դեպքում ենթադրվում է, որ տնտեսվարողը միայն դեղերի առեւտրով կարող է զբաղվել, մյուս դեպքում՝ նաեւ դեղեր պատրաստել եւ այլն: Սակայն երկրորդ՝ ավելի լայն գործունեությունը ոչ միայն չի բացառվում, այլեւ միանգամայն հնարավոր է: Դեղերի մասին օրենքն ընդհանրապես արգելք չի սահմանում դրա վերաբերյալ: Համաձայն օրենքի, դեղատնային գործունեությունն իրականացվում է դեղատներում եւ դեղատնային կրպակներում: Օրենքի մեկնաբանությամբ, սրանք այն ձեռնարկություններն են, որոնք իրականացնում են դեղերի առեւտուր: Մինչդեռ, հիշեցնենք, դեղատնային գործունեության լիցենզիան առողջապահության նախարարությունն է տալիս, դեղերի առեւտրինը՝ ֆիննախը: Այսինքն, խառնաշփոթ ստացվեց: Ուշագրավ հանգամանք է նաեւ այն, որ ֆինանսների նախարարությունը լիցենզիա տրամադրում է պարզ ընթացակարգով, երեք օրվա ընթացքում, առողջապահության նախարարությունը՝ բարդ ընթացակարգով: Ընդ որում, պարզ ընթացակարգի դեպքում տարեկան 200 հազար դրամ պետական տուրք է պահանջվում, բարդի դեպքում՝ 50 հազար: Այս ոչ հստակ իրավիճակում, պարզ է, որ տնտեսվարողին ձեռնտու է պարզ ընթացակարգից օգտվելը, առավել եւս, որ վերահսկողությունն այդ դեպքում գրեթե բացակայում է: Ավելին, պարզեցվածի դեպքում, ըստ ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտների, լիցենզիայից զրկելու միայն մեկ բացառիկ պայման է գործում. եթե տնտեսվարողը չի մուծել պետտուրքը: Անբարեխիղճ տնտեսվարողն էլ լիակատար հնարավորություն ունի պետտուրքը մուծելու ու անընդհատ կեղծված դեղեր վաճառելու: Ստուգողն ո՞վ է: Ի տարբերություն սրա, բարդեցվածի դեպքում մի շարք պայմաններ են նախատեսված, որոնք չբավարարելու համար տնտեսվարողը կարող է զրկվել լիցենզիայից. տարածքի, ջերմաստիճանի նորմեր, մասնագետ եւ այլն: Մի խոսքով, միշտ չէ, որ վարչական խոչընդոտների վերացումը դրական հետեւանքներ է ունենում: Ուշագրավ է, որ պետական բյուջեում նկատելիորեն՝ շուրջ 7-8 անգամ աճել են լիցենզավորման համար մուտքագրված գումարները՝ 2003 թվականի անցած 11 ամիսներին կազմելով 2.2 միլիարդ դրամ: Այսինքն՝ բացառված չէ, որ «պարզեցված կարգով» մեծ քանակով լիցենզիաները տրվում են նաեւ ֆիսկալ նպատակներով: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել