Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԶԱՐԿ ԷԼ ԼՈՏՈՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 26,2003 00:00

ՄԻ ԶԱՐԿ ԷԼ ԼՈՏՈՆԵՐԻՆ ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովը երեկ քննարկեց Խաչատուր Սուքիասյանի, Ռուբեն Հայրապետյանի եւ նրանց միացած 16 պատգամավորների առաջարկը, ըստ որի՝ վիճակախաղերի համար սահմանված հաստատագրված վճարը պիտի դառնար 40%՝ ներկայումս գործող 18%-ի փոխարեն: Կառավարության ներկայացուցիչը նախապես նշել էր, թե վիճակախաղերի համար գանձվող տուրքը 100 մլն դրամ դարձնելու, վիճակախաղերի իրացման շրջանառության 50%-ի չափով շահումային ֆոնդ ունենալու պայմաններում՝ հաստատագրված վճարի նման բարձրացումն անշահութաբեր կդարձնի գործունեության այս տեսակը: Սակայն պատգամավորները պնդում էին, թե վիճակախաղերի ստվերային շրջանառությունն այնքան մեծ է, որ նույնիսկ առաջարկվող բարձր դրույքաչափի կիրառումը չի առաջացնի որեւէ փոփոխություն: Կառավարության ներկայացուցիչն առաջարկել էր սահմանել 20% հաստատագրված վճար: Եվ ֆինանսավարկային հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախաձեռնությունն ԱԺ մեծ օրակարգում ընդգրկելուն: «Չենք ցանկանում սխալվել՝ հապճեպ որոշումներ ընդունելու պատճառով: Ուստի կառավարության հետ պայմանավորվեցինք 2 ամսվա ընթացքում քննարկել այն ձեւերը, որոնց շնորհիվ վիճակախաղերը կդառնան առավել վերահսկելի»,- «Առավոտին» ասաց Ռուբեն Հայրապետյանը: Խաչատուր Սուքիասյանը նույնպես կողմնակից է, որ առավել լրջորեն մտածված քայլեր արվեն, մասնավորապես, առանձնակի կարեւորվող ուղղությամբ. «Պետության կողմից պիտի վերահսկելի լինեն վիճակախաղերը եւ վիճակախաղերի տոմսերի տպագրությունը պիտի դառնա պետության մենաշնորհը: Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարն ԱԺ ամբիոնից խոստացավ, թե հունվարին կքննարկեն այս առաջարկները եւ կներկայացնեն ավելի համապարփակ ու ընդգրկուն օրենք»: Մեր խնդրանքով մեկնաբանելով այն դիտարկումները, թե առավել կոշտ քայլեր չեն գործադրվում լոտոների դեմ, քանի որ նրանք բարձրաստիճան հովանավորներ ունեն՝ Խաչատուր Սուքիասյանն ասաց. «Հնարավոր է, որ բավական բարձրաստիճաններ էլ կանգնած լինեն: Հնարավոր է նաեւ, որ լինեն այլ խնդիրներ»: Իսկ Ռուբեն Հայրապետյանը չհամաձայնեց նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի կանխատեսմանը, թե այս նախաձեռնությունը կհանգեցնի նրան, որ վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող գործարարները կհասկանան, «որ պատգամավոր չդառնալով մեծ սխալ են գործել» եւ հաջորդ ընտրությունների ժամանակ կփորձեն իրենց ներկայացուցիչներն ունենալ ԱԺ-ում. «Նույնը կարելի էր ասել եւ կազինոների մասին: Նախորդ խորհրդարանը որոշեց կազինոները հանել Երեւանից: Բայց դրա հետեւանքն այն չեղավ, որ կազինո ունեցողները գան խորհրդարան»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել