Պառաժ Հենվելով վրացական «Ռեզոնանս» թերթի վրա, երեկ «Արմինֆո» լրատվական գործակալությունը սենսացիոն հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե Աբխազիայում պայթեցվել է «հայկական դպրոցն ու Գրիգորյան եկեղեցին»։ Ընդ որում, լուրը մատուցված է Աբխազիայում հայերի նկատմամբ «վերջին ժամանակներս» սանձազերծված համընդհանուր հալածանքների նկարագրության ֆոնի վրա։ Այսպես, ըստ «Արմինֆո»-ի, «Ռեզոնանս»-ը մասնավորապես գրում է. «Աբխազիայում կտրուկ կերպով բացասականորեն փոխվել է վերաբերմունքը տեղի հայերի նկատմամբ։ Սուխումիում հայտնվել են մոտավորապես այսպիսի բովանդակությամբ հակահայկական թռուցիկներ. «հայերին արտաքսենք Աբխազիայից»։ Նրանց զանգվածաբար հեռացնում են աշխատանքից։ Հայերի տներում հաճախակի են դարձել կողոպուտներն ու գույքի յուրացումը…»։ Տեղեկատվությունը ճշտելու նպատակով դիմեցինք ՀՀ ԱԳՆ, որտեղից մեզ հայտնեցին, թե իրենք եւս փորձում են պարզել վրացական վերոհիշյալ թերթի հրապարակած փաստերի իսկությունը, ինչն, առնվազն երեկ երեկոյան, չէր հաստատվում։ «Ռեզոնանսի» տեղեկատվությունը չհաստատեցին նաեւ Վրաստանի մեր աղբյուրները, նշելով, թե նման ճչացող փաստերի իրական լինելու պարագայում, դրանց կանդրադառնային նաեւ Վրաստանի գրեթե բոլոր մնացյալ լրատվամիջոցները, մինչդեռ հայերի նկատմամբ սկսված հալածանքների՝ առավել եւս դպրոցի եւ եկեղեցու պայթեցման մասին որեւէ զուգահեռ ակնարկ իսկ չկա։ Ավելին, մեր աղբյուրը գրեթե համոզմունք հայտնեց, թե այդ տեղեկատվության մեջ որոշակի միտում կա, որի մեկնաբանումից սակայն, «առայժմ» խուսափեց։ Վրացական թերթի հրապարակած փաստերը վճռականորեն հերքեց նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամը։ «Առավոտի» հարցմանն ի պատասխան, Տեր Վահրամը հավաստիացրեց, թե իրենք արդեն իսկ կապվել են Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի եւ Հարավային Ռուսաստանի թեմերի առաջնորդների հետ եւ պարզել, որ «Ռեզոնանսի» հրապարակումը «չի համապատասխանում իրականությանը»։ Մինչդեռ թերթում նշվում է, թե տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ «Սուխում է ժամանել Հայաստանի հոգեւոր անձանց պատվիրակությունը»։ Այն, որ հայերի նկատմամբ Աբխազիայում սկսված հալածանքների մասին լուրերը հավաստի չեն, ըստ էության, զգացվում է նաեւ դրանց յուրօրինակ շարադրանքից։ Հրապարակման մեջ որոշակիացված չէ իրադարձությունների կոնկրետ օրն ու ժամը։ Որեւէ անդրադարձ չկա նաեւ պայթեցումների հավանական հետեւանքներին։ Միանգամայն անհասկանալի է, թե ինչ է նշանակում «Գրիգորյան եկեղեցի» արտահայտությունը։ Մեզ հասած տեղեկություններով, Աբխազիայում ընդհանրապես հայկական եկեղեցի չկա։ Չշտապելով գնահատականներ տալ կատարվածին, առայժմ փաստենք միայն, որ հայկական գործոնը Վրաստանում հերթական անգամ ինչ-ինչ ուժերի կողմից վերածվում է քաղաքական մանրադրամի։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ