ՀԱՆՐԱՔՎԵ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ «Առավոտին» տված իր հարցազրույցում վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ամփոփում է անցնող տարին եւ կանխատեսումներ անում 2004-ի համար – Ի՞նչ շահեց եւ ի՞նչ կորցրեց իշխանությունն անցնող տարում։ – Անցնող տարին լի էր քաղաքական բուռն իրադարձություններով, նախագահական եւ ԱԺ ընտրություններ։ Արդյունքներից, բնականաբար, մենք գոհ ենք։ ԱԺ ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակում կատարված քայլեր էին կոալիցիայի ստեղծումը եւ երեք քաղաքական ուժերի միասնական պատասխանատվությունն էր կառավարության գործունեության եւ ծրագրի համար։ Սրանք այն դրական խնդիրներն էին, որ կարողացանք լուծել, ստեղծել այնպիսի պայմաններ, որ տնտեսության զարգացումը կարողանանք շարունակական դարձնել։ Սակայն ընտրությունները Հայաստանում չբերեցին ներքին կայունության, խաթարելով քաղաքական կյանքը։ Իհարկե, դժգոհներ միշտ լինում են ցանկացած ընտրությունից հետո, բայց այդ դժգոհությունը արտահայտվեց մի քիչ այլ ձեւով, որը կվնասեր մեր երկրի ե՛ւ անվտանգությանը, ե՛ւ ներքին քաղաքական կայունությանը։ Այստեղ դեր ունեին ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը։ – Անցնող տարում ինչի՞ հասանք Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ – Ղարաբաղի հարցում մենք ոչ մի բանի չենք հասել։ Ուղղակի այն իրավիճակը, որ կար, այդպես էլ պահպանվել է։ Նոր առաջարկ մեզ չի արվել։ Ադրբեջանում եւ Հայաստանում նախագահական ընտրությունների պատճառով որոշակի ընդմիջում է եղել։ Ադրբեջանի նոր նախագահի հանդիպումը հանրապետության նախագահի հետ կարելի է ճանաչողական համարել։ Հետագա բանակցություններն ու զարգացումները կլինեն հաջորդ տարի։ – Ինչպե՞ս եք գնահատում իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները։ Ի՞նչ փոփոխություններ կկրեն այդ հարաբերությունները նոր տարում։ – Ընդդիմության հետ իշխանություններն անմիջական որեւէ հարաբերություն, համագործակցություն չեն ունեցել։ Եթե ընդդիմության կողմից ցանկություն կառաջանա համագործակցել, կառավարությունը միշտ պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ, եթե տվյալ ուժի առաջարկները բխում են մեր պետության շահերից։ – Ձեր կարծիքով, Նոր տարում տեղի կունենա՞ վստահության հանրաքվե։ Եթե ոչ՝ ի՞նչ պատճառով։ – Տեղի չի ունենա, որովհետեւ դա ավելի շատ քաղաքական շահարկումների խնդիր է եւ՝ ոչ բուն իրավական։ Ընտրությունը մեկ անգամ է լինում, չի կարելի ամեն ընտրությունից հետո դնել վստահության հանրաքվեի հարց։ Հանրապետականը դեմ է, կոալիցիան՝ դեմ է։ Այդ հարցը մենք քննարկել ենք, մեր դիրքորոշումն արտահայտել ենք եւ հետագայում էլ այդ դիրքորոշումը պահպանելու ենք։ Մենք գտնում ենք, որ այդ հանրաքվեի անհրաժեշտությունը չկա։ – 2003 թ. ընթացքում կառավարությունն ի՞նչ տվեց ժողովրդին, ի՞նչ արվեց մեր հասարակության բարեկեցության համար։ – Սոցիալական ոլորտում մենք կարողացանք կատարել մեր խոստումները։ Թեկուզ փոքր տեմպերով, բայց շարունակական բարձրացրինք կենսաթոշակը, աշխատավարձը։ Կարողացանք բարձրացնել տնտեսական ցուցանիշները, բայց դեռ ժամանակ կպահանջվի, որպեսզի բնակչությունը կոնկրետ զգա կատարվածի արդյունքը։ Կառավարությունն ընդունեց աղքատության կրճատման ռազմավարական ծրագիրը։ Մեր բոլոր բանակցությունները ՀԲ-ի, ՄԱԿ-ի, Եվրոբանկի եւ ցանկացած դոնոր կազմակերպության եւ երկրի հետ, ուղղված են լինելու աղքատության կրճատմանը։ Կառավարության ջանքերը ուղղված են լինելու հասարակության մեջ առկա բեւեռացումը մեղմելուն եւ հույս ունեմ, որ մենք արդյունքների կհասնենք։ – Ժողովրդավարության ճանապարհին Հայաստանն առա՞ջ գնաց, թե՞ ետ մնաց։ – Առաջընթաց է ապրել, որովհետեւ կյանքը ցույց է տալիս, որ ով ինչի մասին ցանկանում է՝ խոսում է, անում է։ Մենք բռնարարքներ չենք գործադրել ընդդիմության նկատմամբ։ Եթե դա եղել է ընտրություններից հետո, ապա միայն օրենքի սահմաններում է եղել։ Ընդհանուր առմամբ Հայաստանը ես համարում եմ ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկիր եւ դա զարգացման գործընթաց է։ Լինելով ԵԽ անդամ, մենք պարտավոր ենք պահպանել այն սկզբունքները, որ որդեգրել ենք եւ եթե շեղումներ կան, դրանք լուծելի են։ – Եկող տարին ի՞նչ կտա Հայաստանին։ – Իմ կարծիքով՝ տնտեսության հետագա զարգացում եւ ժողովրդի սոցիալական վիճակի բարելավում։ Իսկ ցանկությունս այն է, որ խաղաղություն լինի, պատերազմ չլինի, ներքին կայունություն լինի, տնտեսական աճ լինի եւ յուրաքանչյուր ընտանիքում ուրախություն լինի։ Հարցազրույցը ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ