«ՄԱՐԱԹՈՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ» Չեղա՞ն շահողներ ու պարտվողներ ԱԺ արտահերթ նստաշրջանում երեկ ե՛ւ հարկային արտոնություններ տրամադրվեցին ատոմակայանին, ե՛ւ ընդունվեց «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունը, որ հնարավորություն կընձեռի գրանցման համար դիմածներին ու մերժվածներին նորից դիմել, ե՛ւ ամբողջությամբ ընդունվեցին հարկային փաթեթն ու 2004-ի պետբյուջեն: 1-ին ընթերցմամբ ընդունվելուց հետո բազմաթիվ փոփոխություններ էին արվել հարկային փաթեթում: Միայն Խաչատուր Սուքիասյանը 30-ից ավելի առաջարկներ էր արել, որոնցից, ասենք, ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էական համարեց «Ստուգումների մասին» օրենքի առնչությամբ արվածը. այն հնարավորություն է ընձեռում անցկացնել ոչ խտրական ստուգումներ: Այս օրենքի առնչությամբ մի քանի առաջարկներ էր արել նաեւ «Օրինաց երկիրը»՝ փորձելով տարվա ընթացքում առանց նախազգուշացման 1-ից ավելի ստուգումներ անցկացնելու հնարավորությունը սահմանափակել միայն կրկնակի ստուգումներով: Կառավարությունը համաձայնեց 6-ից ոչ ավելի ստուգումներին: Չնայած «Շահութահարկի մասին» օրենքի վերաբերյալ առաջարկների գերակշիռ մասն էլի ընդունվել էր, սակայն այնուամենայնիվ պահպանվեց շահութահարկի նվազագույն շեմ ամրագրելու վիճահարույց դրույթը: Հիշեցնենք, որ պատգամավորները մտավախություն էին հայտնել, թե այս փոփոխության դեպքում տնտեսվարողների մի ստվար զանգված կտեղափոխվի ստվերային դաշտ: Այս մտավախությամբ հանդերձ էլ՝ ձայների ջախջախիչ մեծամասնությամբ ընդունվեց տվյալ օրենքը: Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Դավթյանը «ՀԺ»-ի հարցին, թե հարկային փաթեթի շուրջ բանավեճերում ո՞վ շահեց կամ պարտվեց՝ ԱԺ-ն, թե՞ կառավարությունը՝ ասաց. «Սա այն դեպքն է, որ չկան շահողներ եւ պարտվողներ: Շահել է ե՛ւ մի կողմը, ե՛ւ մյուսը»: Բյուջեի առնչությամբ 214 փոփոխություններ էին առաջարկել պատգամավորները, որոնցից կառավարությունն ընդունել էր 117-ը: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը նշեց, թե բոլոր առաջարկները բավարարելու համար կպահանջվեին 14,9 մլրդ դրամի լրացուցիչ ծախսեր: Մի քանի հատկանշական օրինակներ բերենք, թե ինչ առաջարկներ են ընդունվել եւ մերժվել: Ընդունվել է առաջարկը եւ 200 մլն դրամ է նախատեսվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության համար շենք տրամադրելու համար (թերեւս ՌԴ-ն աղքատ երկիր չէ, եւ ինքը կարող էր իր հյուպատոսության համար շենք գնել): Սակայն մերժվել է Երեւանի պետական համալսարանի գրադարանային ֆոնդի ձեռքբերման ծախսերի համար 10 մլն դրամ նախատեսելու առաջարկն այն պատճառաբանությամբ, թե հնարավոր չէ նախատեսել լրացուցիչ միջոցներ: Մերժվել է նաեւ սոցիալապես անապահով խավերի համար բյուջեում անվճար առողջարանային բուժման եւ հանգստյան տան ուղեգրերի համար ծախսեր նախատեսելու առաջարկը: Կառավարությունն իր մերժումը հիմնավորել է այսպես. «Նշված ծախսերի իրականացման շարունակելը հակասում է սոցիալական պաշտպանության քաղաքականության «առաջնային» եկամուտների, մասնավորապես՝ կենսաթոշակների ավելացման գերակայության ռազմավարությունը»: ԱԺ Սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հանձնաժողովն ուղեգրերին հատկացված գումարների հաշվին կենսաթոշակներն ավելացնելու առնչությամբ նշել է, թե «այդ դեպքում դրանք կավելանան առնվազն 4-5 դրամով՝ 1 տարվա աշխատանքային ստաժի դիմաց»: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «բյուջետային մարաթոնի ավարտի» (իր ձեւակերպումն է) առնչությամբ ելույթում ասաց. «Իհարկե, առաջարկություններն ու ցանկությունները շատ էին: Ցանկանում ենք մեկ տարում շատ ավելի մեծ խնդիրներ լուծել, քան հնարավորություն ունենք: (…) Կուզենայինք ավելի շատ ծախսեր անել, բայց պետք է կարողանանք եկամուտների եւ ծախսերի հավասարակշռությունը այնպես պահպանել, որ մեր տնտեսությանը, մեր տնտեսվարող սուբյեկտներին չդնենք ծանր վիճակի մեջ եւ մեկ տարի հետո ընդհանրապես ոչ մի եկամուտ չունենանք»: Նշենք, որ բյուջեին դեմ քվեարկեց միայն «Արդարություն» խմբակցությունը: «Ազգային միաբանության» անդամներից ներկա էր միայն Գագիկ Կոստանդյանը, որ քվեարկեց «կողմ», միանալով կոալիցիայի, ՄԱԿ-ի եւ «Ժողպատգամավորի» 96 ձայներին: Վարչապետն ասաց. «Երեւաց կոալիցիայի միասնությունը, երեւաց, որ խնդիրների նկատմամբ ունենք հիմնականում նույն մոտեցումները»: Ըստ ամենայնի՝ կոալիցիայի որոշ ուժերի համար համերաշխ քվեարկելու լուրջ ազդակ դարձավ ՄԱԿ-ի եւ ԺՊ-ի ծանր շնչառությունն իրենց թիկունքին, որոնք պատրաստ են զբաղեցնել ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի տեղերը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ