Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ

Դեկտեմբեր 25,2003 00:00

ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ Եկող տարվանից գործողության մեջ է մտնում ակումբների արտոնագրման համակարգը, որը ՈՒԵՖԱ-ի պահանջներից է։ Դրա առաջին հինգ պայմաններն են. մարզական, ենթակառուցվածքային, կադրային եւ վարչական, իրավական, ֆինանսական չափանիշները։ Այս առիթով ՀՖՖ-ն հրատարակել է «Ակումբների արտոնագրման համակարգ» ուղեցույցը, որը հաստատված է ՈՒԵՖԱ-ի կողմից։ Սա առաջին հերթին վերաբերում է այն ակումբներին, որոնք մասնակցելու են 2004/05 թվականների Եվրագավաթների մրցաշարերին։ Նշված հինգ պայմաններից չորսը մեր ակումբները հիմնականում ենթադրաբար կարող են ապահովել։ Բայց խնդիր կունենան այն ակումբները, որոնք չունեն սեփական մարզաբազա կամ չեն վարձակալում։ Հայաստանի բարձրագույն խմբից վերջին տարիներին որպես կանոն Եվրագավաթների մրցաշարերին մասնակցել հավակնում են «Փյունիկը», «Բանանցը», «Շիրակը», «Միկան» եւ «Արարատը», որը, սակայն, անցած մրցաշրջանում հայտնի պատճառներով որակազրկված էր։ 2004/05թթ. վերոնշյալ ակումբներից երեքը՝ «Փյունիկ», «Բանանց», «Շիրակ», արդեն նվաճել են այդ իրավունքը։ «Փյունիկն» ու «Շիրակը» ունեն սեփական մարզաբազաներ, իսկ մնացած չափանիշները, որոնք հիմնականում կազմակերպչական եւ փաստաթղթային են, ընթացքում ամենայն հավանականությամբ կապահովեն։ Բարդ է «Բանանցի» խնդիրը, որը իր բազան չունենալու պատճառով, թեեւ հանրապետությունում ֆինանսապես ամենակայուն ակումբներից է, տարիներ շարունակ մարզումների եւ պաշտոնական խաղերի համար, այդ թվում նաեւ մանկապատանեկան թիմերի, վարձակալում է տարբեր խաղադաշտեր։ Եվ եթե գալիք տարվա հենց սկզբից ՈՒԵՖԱ-ի այս պահանջն էլ է կիրառվելու, հետեւաբար, հանրապետության փոխչեմպիոնը կզրկվի Եվրոպա դուրս գալու իրավունքից։ Հենց այս մտավախությամբ էլ անցնող տարում ակումբի ղեկավարությունը բազմիցս դիմել է ՀՖՖ՝ երկարաժամկետ վարձակալությամբ «Գոլ» ծրագրով նորոգված Մալաթիայի ֆուտբոլի դպրոցն իրեն տրամադրելու, ներկայացրել դրա շահագործման ծրագիր։ Եվ որքան հայտնի է, ֆեդերացիան դեմ չի եղել։ Այս մասին խոսվել է նաեւ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ասուլիսներից մեկում։ Նա պատրաստվում է դպրոցը տրամադրել լավագույն ծրագիր ներկայացրած ակումբին։ Սակայն այդ ժամանակ ֆուտբոլի աշխարհում ինչ-ինչ ասեկոսեներ են ծագել։ Եվ դրանք կանխելու նպատակով որոշվել է դպրոցը թողնել ֆեդերացիայի հովանու ներքո։ Եվ սա այն դերպքում, երբ ֆեդերացիան առանց այդ էլ շատ հոգսեր ունի։ Մեզ թվում է՝ այստեղ գործել է հայկական նախանձը։ Դա երբեք գործին օգուտ չի բերում։ Իսկ փաստն այն է, որ արծաթե մեդալակիրը լուրջ խնդիրների առջեւ կարող է կանգնել։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել