Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիպոզ ամանոր

Դեկտեմբեր 25,2003 00:00

Գրիպոզ ամանոր Գրիպի համաճարակի պատճառով մայրաքաղաքի թաղային համայնքներում նախատեսվող տոնական միջոցառումների թիվը կրճատվել է։ Մայրաքաղաքի մի քանի համայնքների աշխատակիցների շրջանում նախատեսվող ամանորյա միջոցառումների վերաբերյալ մեր անցկացրած հարցումներից ստեղծվեց հետեւյալ պատկերը։ Աջափնյակ համայնքում, ըստ կրթության եւ մշակույթի բաժնի պետ Նունե Սարգսյանի, անսովոր ոչինչ չի սպասվում։ Համայնքում տոնածառ է դրվելու, սակայն համաճարակի պատճառով մասսայական միջոցառումներ չեն լինի։ Ն. Սարգսյանի խոսքերով, մանկապարտեզներում նախատեսվող հանդեսների թիվը եւս կրճատվել է. «Փոխարենը 1 օր՝ դեկտեմբերի 26-ին, կարճ ժամանակով Աջափնյակի թաղապետը եւ թաղապետարանի ներկայացուցիչները Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ուղեկցությամբ կայցելեն համայնքի մանկապարտեզներ՝ երեխաներին նվերներ բաժանելու»։ Ավանի թաղապետարանի աշխատակից Անահիտ Գուդբալյանից տեղեկացանք, որ նոր տարվա միջոցառումներն այստեղ կսկսվեն դեկտեմբերի 26-ից։ Այդ օրը թաղապետարանի ենթակայությամբ գործող 7 մանկապարտեզներում մանուկներին թաղապետի կողմից նվերներ կբաժանվեն։ Դեկտեմբերի 30-ին համայնքի կենտրոնական պուրակում Ձմեռ պապի եւ Ձյունանուշի մասնակցությամբ տեղի կունենա ամանորյա գլխավոր միջոցառումը։ Արաբկիր համայնքի բնակիչները եւս հնարավորություն չեն ունենալու ծրագրով նախատեսված դեկտեմբերի 26-ի միջոցառումը վայելելու։ Այս համայնքում էլ համաճարակային տրամադրություն է։ Սակայն թաղապետարանի մշակույթի բաժնի աշխատակից Սուսաննայի (այդպես ներկայացավ) հավաստմամբ, համայնքի բնակիչներին մեկ այլ անակնկալ է սպասվում։ Հունվարի 1, 2, 3-ին Ձմեռ պապն ու Ձյունանուշը ֆայտոնով շրջելու են համայնքի բակերով եւ երեխաներին հանձնելու են նվերներ։ Կենտրոնի թաղապետարանի կրթության, մշակույթի, առողջապահության եւ սպորտի բաժնի պետ Տիգրան Հակոբյանի ներկայացմամբ, Կենտրոնում միջոցառումները կկազմակերպվեն քաղաքապետարանի հետ համատեղ, Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառն էլ ընդհանուր կլինի։ Այս համայնքում էլ միջոցառումները նույն սցենարով են. համայնքի կարիքավոր ընտանիքներին Ձմեռ պապը նվերներ կբաժանի։ Շենգավիթի թաղապետարանի քարտուղար Արբակ Աբրահամյանից տեղեկացանք, որ համայնքի մեծ տոնածառը կդրվի Նժդեհի հրապարակում։ Այս համայնքում ամանորի առթիվ բնակիչներին «ոսկե սարեր» չեն խոստանում, բայց 2004-ի հունվարի 5, 6-ին ժողովրդի համար տոնական հանդիսություն կապահովեն։ Համայնքի ղեկավարությունը, ըստ Ա. Աբրահամյանի, նյութական օգնություն կտրամադրի զոհվածների ընտանիքներին եւ ընչազուրկ խավին, ինչպես նաեւ Շենգավիթի բնակիչներին կբաժանվի տոնածառի հանդեսի եւ «Մետրո» թատրոնի ներկայացումների 2100 տոմս։ Քանաքեռ-Զեյթուն համայնքում երկու տեղ նախատեսվում է զարդարված տոնածառ, բայց միջոցառումներ տեղի չեն ունենա։ Փոխթաղապետ Գեւորգ Ավետիսյանի խոսքերով, համայնքի մանկապարտեզներում հանդեսներ չեն լինի, քանի որ «երեխաների մեծ մասը հիվանդ է։ Իսկ բեմականացումն առանց երեխաների ինչպես՞ կկազմակերպվի։ Պատկերացնո՞ւմ եք, նապաստակը խոսում է, իսկ գայլը չկա։ Կամ հեքիաթից բացակայում է կապիկը»։ Ըստ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Ռաֆիկ Մարտիրոսյանի, համայնքում ամանորի գլխավոր միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին։ Ռ. Մարտիրոսյանի հեղինակած սցենարի համաձայն, միջոցառումը կլինի թատերականացված եւ կկրի «Ձմեռ տատի հայտնությունը» վերնագիրը. «Առաջին անգամ Ձմեռ պապի հետ գալու է Ձմեռ տատը, որը, ըստ բեմականացման, հազարավոր տարիներ փակված էր Նոյյան տապանում»։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել