Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապօրինի ծառատունկ»

Դեկտեմբեր 25,2003 00:00

«Ապօրինի ծառատունկ» «Արմենիա» հյուրանոցի ադմինիստրացիան զավթել է բակի տարածքն ու արմատահան արել ծառերը»,- երեկ նման բողոքով «Առավոտին» են դիմել Ամիրյան 3 շենքի 1-ին մուտքի բնակիչները: Ըստ բնակիչների, այդ ծառերը խանգարում էին հյուրանոցի կաթսայատանը դիզվառելիք բերող մեքենային: Բնակիչները վկայում են, որ դեկտեմբերի 18-ին Կենտրոն համայնքի ոստիկանության տեղամասային տեսուչ Ռոբերտ Հարությունյանը անձամբ քոքահան է արել ծառերը: Երբ բնակիչները փորձել են խանգարել, վերջինս օդում ծածանելով բջջային հեռախոսը՝ ի ցույց դնելով զանգերի քանակը («Արմենիայից» եկած), նյարդայնացած հայտարարել է, որ դա հյուրանոցի պահանջն է: Հայտնվել է նաեւ «Արմենիա» հյուրանոցի իրավաբանական բաժնի պետ Դավիթ Աթանեսյանը եւ խոստացել. «Էստեղ ծառ չի լինելու, ինչքան դնեք, հանելու եմ՝ շպրտեմ»: Մինչդեռ ինքը՝ Դավիթ Աթանեսյանը «Առավոտի» համար պարզաբանեց. «Ապօրինի ծառատունկ են կազմակերպել՝ ասֆալտի մեջ մի քանի փոս են փորել, որոնք խանգարում են հյուրանոցի տնտեսական մասի ելումուտին»: Պրն Աթանեսյանը նշեց նաեւ, որ իրենք մի քանի անգամ դիմել են Կենտրոն համայնքի ոստիկանությանը եւ տեղամասային տեսուչի ներկայությամբ հանել են ընդամենը մեկ օր առաջ տնկած ծառերը: Մինչդեռ բնակիչ Վարդան Թեյմուրադյանի խոսքերով, ծառատունկը եղել է գարնանը: Եվ առհասարակ նա լուրջ խնդիրներ ունի հյուրանոցի հետ. «Կաթսայատանը հարող իմ ավտոտնակի համար տարբեր գներ են առաջարկում, վերջինը 10 հազար դոլար էր: Բայց ինչ գին էլ տան՝ ծախողը չեմ»: Այս հարցի շուրջ Դավիթ Աթանեսյանի տեսակետը հակառակն էր. «Վարդան Թեյմուրադյանին ավտոտնակի դիմաց գումար ենք առաջարկել, նա հրաժարվել է՝ պահանջելով 25 հազար դոլար: Ծառերն այստեղ կապ չունեն»: Նույն խնդրով դիմեցինք Կենտրոնի կանաչապատման բաժնի պետ Կարապետ Գեւորգյանին։ Նա ասաց, որ ստեղծվել է հանձնաժողով, ներկայումս ուսումնասիրվում է հարցը եւ «քանի որ երկու կողմերն էլ շահ ունեն, հանձնաժողովը կաշխատի լինել անաչառ»։ ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել