Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՓՈ՞ՐՁ, ԹԵ՞ ԿՈՄԲԻՆԱՑԻԱ

Դեկտեմբեր 25,2003 00:00

ՄԱՀԱՓՈ՞ՐՁ, ԹԵ՞ ԿՈՄԲԻՆԱՑԻԱ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձի երեկվա դատաքննության ժամանակ հնչեցին այս քրգործերով չափազանց հայտնի մարդկանց անուններ: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Ռուբիկ Ներսիսյան) շարունակվեց Լեւոն Աբրահամյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Նախորդ դատական նիստի ժամանակ դատարանը ապացույցների հետազոտման հետեւյալ կարգն էր սահմանել. ցուցմունքներ էին տվել վկաներ Հրանտ Պապիկյանը, Արայիկ Նարիմանյանը, պետավտոտեսչության աշխատակիցներ եւ զննության էր ենթարկվել սեպտեմբերի 2-ին Ա. Նարիմանյանի բնակարանում տեղի ունեցած Լ. Աբրահամյանի հետ հանդիպման ձայնագրությունը։ Հենց այդ հանդիպման ժամանակ էլ, ըստ գործի նյութերի, նախապատրաստվում էր Սերժ Սարգսյանի դեմ մահափորձը: Երեկ ցուցմունք տվեց Լեւոն Աբրահամյանը, որը, հիշեցնենք, նախկին հետախույզ եւ «չեկիստ» է՝ աշխատել է ազգային անվտանգության համակարգում: 1991-ին եղել է Իրանում Խորհրդային Միության փոխդեսպանը, ապա դատապարտվել էր 8 տարի ազատազրկման՝ իրանահայ գործարար Վարուժ Անդրեասյանին առեւանգելու մեղադրանքով։ Պատիժը կրել էր 4 տարի, քանի որ 2002-ի հունիսի 21-ին, հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով նրան ներում էր շնորհվել: Մեկ կարեւոր մանրամասն էլ. զբաղվել էր դեղերի բիզնեսով՝ «Ֆարմգրուպի» փայատերերից մեկն էր։ Այժմ նրա դեմ մեղադրանք է առաջադրվել պաշտոնատար անձի՝ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի սպանությունը նախապատրաստելու համար։ Լ. Աբրահամյանն իրեն մեղավոր չճանաչեց. «Առաջին օրվանից, երբ բերման ենթարկվեցի ազգային անվտանգության նախարարություն, հարցրեց՝ գիտե՞ս որն է ձերբակալությանդ պատճառը։ Ասացի՝ ոչ։ ԱԱՆ-ում ինձ ներկայացրին ցելոֆանե տոպրակ։ Հարցրեց՝ գիտե՞ս ինչ է, նախկինում տեսե՞լ ես այս տոպրակը։ Պատասխանեցի, որ առաջին անգամ եմ տեսնում, չգիտեմ ինչ է։ Օպերատիվ աշխատողը տոպրակը բացեց. 5 սմ երկարությամբ սեւ բան էր»: Այնուհետեւ ամբաստանյալը պատմեց, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 20-ի սահմաններում, ինքը իբրեւ կասկածյալ՝ բերման է ենթարկվել գլխավոր դատախազություն, եւ որ այդ ցելոֆանն էլ, որի մեջ հեռակառավարվող պայթուցիկ սարք էր՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի դեմ պատրաստվող մահափորձի գործիքը, ԱԱԾ էր ներկայացրել Արայիկ Նարիմանյանը։ Վերջինս հայտնի է «Բիլ» մականունով, Ղարաբաղից է, 2001-ից գտնվել է ուղղիչ աշխատանքային հիմնարկում: Հենց այնտեղ էլ ծանոթացել է Լ. Աբրահամյանի հետ։ Առավել հետաքրքիր էին ամբաստանյալի պատմածները «Բիլի» մասին: Ա. Նարիմանյանը ներկայացրել է իրեն իբրեւ Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հավատարիմ զինվոր։ Ազատվելուց հետո Ա. Նարիմանյանը հացի փուռ է բացել, իր ասելով՝ 2000 դոլար տոկոսով փող է վերցրել: Ի դեպ, Լ. Աբրահամյանը, ներում ստանալուց հետո զբաղվել էր դեղերի բիզնեսով եւ համագործակցել «Նատալիֆարմ» ֆիրմայի հետ: Այն հարցին, թե Արայիկը ինչո՞ւ Ղարաբաղ չի վերադառնում, երբ, իր ասելով, այնտեղ ունի երկհարկանի շքեղ բնակարան, հնարավորություններ, Լ. Աբրահամյանին նա պատասխանել էր. «Ղարաբաղ չեմ կարող վերադառնալ, որովհետեւ ունեմ շատ թշնամիներ»։ Ամբաստանյալը հայտնեց նաեւ, որ Արայիկն իրեն պատմել է, որ Ստեփանակերտի մեկուսարանի նկուղում («Բիլը» դրա նախկին պետն է եղել) «բազմաթիվ մարդկանց ոսկորներ կան»։ Ամբաստանյալը հարկ է համարել դատարանին փոխանցել Արայիկի եւս մի տեղեկատվություն, որը հայտնել էր իրեն. իբր Արկադի Ղուկասյանը եւ Ռոբերտ Քոչարյանը առաջարկել են Սամվել Բաբայանին՝ ներում շնորհելու դիմաց լքել Հայաստանը (Ղարաբաղն այդ թվում) եւ, իբր, Սամվել Բաբայանը հրաժարվել է գործարքից։ Արայիկը Լ. Աբրահամյանին ասել է նաեւ, որ Ղարաբաղից, Սամվել Բաբայանի մերձավոր շրջանակից իրեն ոմն «իքս» է դիմել եւ հաղորդել, որ միակ ճանապարհը, որով Սամվել Բաբայանը կարող է բանտից դուրս գալ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին սպանելն է, որից հետո Հայաստանում իշխանափոխություն տեղի կունենա եւ Ս. Բաբայանի հարցը կլուծվի։ Ըստ ամբաստանյալի, ինքը զարմացել է եւ հարցրել, թե ինչո՞ւ է Արայիկը իրեն ասում այդ մասին։ Արայիկը պատասխանել էր, թե գիտի, որ ինքը նեղացել է Սերժ Սարգսյանից։ Լ. Աբրահամյանն ասաց, որ իրականում ամենեւին նեղացած չէ Սերժ Սարգսյանից, ընդհակառակը՝ շնորհակալ է. ՊՆ նախարարը, ամբաստանյալի տվյալներով, մեծ դեր է խաղացել իր ազատման հարցում եւ դրական կարծիք է արտահայտել նախագահին կից համաներման հանձնաժողովի նիստի ժամանակ։ Մահափորձի մասին խոսակցությունները Լ.Աբրահամյանը հիմնավորեց հետեւյալ կերպ. Արայիկը առաջարկել է նախկին հետախույզին «կոմբինացիա» կամ «լեգենդ» հորինել, մահափորձի իմիտացիա անել, որպեսզի ակնարկված «իքս» մարդը վերականգնվի նախկին ուժային համակարգում։ Այդ նույն «իքսը», ամբաստանյալի մատուցմամբ, եղել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի մտերիմներից, որը խոստացել էր պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի միջոցով գործի տեղավորել իրեն։ «Արայիկի ասելով, այդ «կոմբիանցիայի» հաջող ավարտի դեպքում, «իքսը» պաշտոն կստանար եւ իրեն էլ՝ Արայիկին, գործի կվերցներ»,- երեկ պատմեց ամբաստանյալը: Դատարանում երեկ պարզվեց, որ այդ «իքսը» ոչ անհայտ Հրանտ Պապիկյանն է՝ նախկինում ՊՆ զորամասերից մեկի բուժծառայության պետը։ Այս բազմափեշակ վկային առնչվել ենք «հոկտեմբերի 27»-ի, Մուշեղ Սաղաթելյանի դեմ հարուցված քրգործի դատաքննությունների ժամանակ, իսկ ներքին գործերի փոխնախարար Արծրուն Մարգարյանի սպանության գործով անցել է իբրեւ ամբաստանյալ։ Երեկ Լ. Աբրահամյանը հայտնեց նաեւ, որ համաձայնել է մշակել «օպերատիվ կոմբինացիա» եւ արդյունքում, փաստորեն, գնացել են Աշտարակի խճուղի, ուսումնասիրել տարածքը։ Սակայն, այսքանով հանդերձ, Լ. Աբրահամյանը գտնում էր, որ Ա. Նարիմանյանը գործակալ եւ պրովոկատոր է, որ ինքն ընդամենը մշակել է «լեգենդը» եւ, որ ինքը սեպտեմբերի 15-ին պետք է գնար Մոսկվա եւ, ընդհանրապես, մտադիր չէր սպանել մի մարդու, որն իրեն օգնել է։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել