Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԳՎ-ն եւ «Լինսին» ավարտվում են

Դեկտեմբեր 25,2003 00:00

ԲԳՎ-ն եւ «Լինսին» ավարտվում են Անօթեւանները՝ մնում Մի քանի օրից աղետի գոտում կավարտվի Ուրբան ինստիտուտի կողմից իրացվող բնակարանների գնման վկայագիր (ԲԳՎ) ծրագիրը: «Առավոտն» արդեն անդրադարձել է գյումրեցիներից շատերի ԲԳՎ ծրագրից հրաժարվելու փաստին: Բնակիչների դժգոհությամբ, հատկացվող գումարը չի բավարարում նորմալ բնակարան գնելուն: Ուրբանի աշխատակիցների հավաստմամբ, վերջին երեք ամիսների ընթացքում պատկերը կտրուկ փոխվել է. «Բնակիչները փոշմանել են»: Այժմ Ուրբանում կուտակվել են մեծ թվով դիմումներ, սակայն ֆինանսական միջոցների սպառման պատճառով ոչ բոլորին է հնարավոր ընթացք տալ: Այս հարցի շուրջ «Առավոտը» պարզաբանումներ խնդրեց աղետի գոտու ԲԳՎ ծրագրի ղեկավար Իրինա Վանյանից: Ըստ նրա, անօթեւանների հոսքը Ուրբան սկսվեց այն պահից, երբ քաղաքապետարանը հայտնեց «Լինսի» հիմնադրամից բնակարան ստանալու ենթակա 942 ընտանիքների ցուցակները: Նրանցից շատերը, հայտնաբերելով, որ իրենք այնտեղ չկան, անմիջապես դիմել են Ուրբան: Անգամ վկայագրեր վերցրած բնակիչները մինչեւ վերջ «Լինսիից» բնակարան ստանալու մեծ հույսեր են փայփայել: Այդ պատճառով էլ շատերը միտումնավոր վկայագիրը նպատակին չեն օգտագործել: Իրինա Վանյանի ասելով, բնակիչների հոսքը խառնաշփոթ է ստեղծել նաեւ իրենց ցուցակներում, որոնք ճշգրտման կարիք ունեն: Պարզվում է՝ քաղաքապետարանից հիասթափված բնակիչները մեկի փոխարեն տասը դիմում են տվել՝ նույն ընտանիքի յուրաքանչյուր անդամ առանձին: Այս պահին նկատվել է 500 դիմումի կրկնություն: Ուրբանի աշխատակիցների նախնական գնահատականներով, ներկայացված 1600-1700 դիմումից մնալու է 600-700-ը, 5-10%172ը հանվելու է՝ որպես ոչ իրավասու: Մի քանի օրից ծրագիրը կավարտվի Ախուրյանում, իսկ ավելացող գումարները կտրամադրվեն Գյումրիին: Այստեղ ԲԳՎ-երի տրամադրումը կավարտվի մի փոքր ուշ՝ հունվարի կեսերին: Իրինա Վանյանի ներկայացմամբ, այս դեպքում եւս նախապատվությունը կտրվի տնակների բնակիչներին, ոչ թե հերթացուցակում ընդգրկված այն մարդկանց, որոնք քաղաքում չեն: ԲԳՎ-ի ղեկավարը թեեւ խուսափեց երեք տարվա աշխատանքն ամփոփելուց, սակայն շեշտեց, որ ծրագիրը նպաստել է քաղաքաշինության զարգացմանը: Առաջնորդվելով տարածքային մոտեցմամբ՝ այսինքն՝ վկայագրերը բաժանելով թաղ առ թաղ, իրենք կարողացել են Գյումրին մասսայականորեն մաքրազարդել տնակային կառույցներից: Մինչեւ ծրագրի ավարտը Ուրբանը նախատեսել է տրամադրել եւս 600 ԲԳՎ-եր: Փաստորեն, դոնոր երկու ծրագրերը՝ թե ԲԳՎ-ն եւ թե «Լինսի» բնակարանաշինությունը, միաժամանակ ավարտվում են, չնայած Գյումրիի մեծ թվով անօթեւանների խնդիրը դարձյալ վերջնականապես չի լուծվում: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել