ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԷԼ ՓԱԿԵՑ ԲԱՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ Հին խորհրդային ավանդույթի համաձայն, վերադասը բողոքը վերահասցեագրում է իր այն ստորադասին, ում բողոքարկվել են: «Մենք գիտենք՝ ովքեր են տերերը» հոդվածաշարը ներկայացնում էր Օպերայի այգու, Օղակաձեւ զբոսայգու եւ Բաբայան փողոցի հարեւանությամբ գտնվող այգու տարածքների իրական տերերին: Նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը երկու ամիս առաջ իր ասուլիսում նշել էր, որ Օպերայի այգու սրճարանների 99%172ը ապօրինի կառույցներ են: Թե այսօրվա քաղաքապետ Երվանդ Զախարյանը ինչու չի քանդում այդ շինությունները, կարծում եմ՝ բոլորի համար պարզ է. այդ կառույցների տերերը հանրապետությունում հայտնի դեմքեր են: Որոշ տեղեկություններ ճշտելու նպատակով 2003թ. հոկտեմբերի 2-ին նամակով դիմեցինք քաղաքապետ Ե. Զախարյանին՝ խնդրելով թույլ տալ տեղում ծանոթանալ Ազգային օպերայի եւ բալետի պետական թատրոնի մերձակա տարածքում սրճարաններ կառուցելու նպատակով արված հողհատկացումների վերաբերյալ նախկին քաղաքապետեր Վանո Սիրադեղյանի, Սուրեն Աբրահամյանի, Ալբերտ Բազեյանի եւ Ռոբերտ Նազարյանի 1997-2003 թթ. կայացրած որոշումներին: Քաղաքապետի որոշումները ՀՀ օրենսդրությամբ բաց փաստաթղթեր են եւ հասանելի պետք է լինեն յուրաքանչյուր քաղաքացու: Մեր նամակին 40 օր անց քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Կոշեցյանը տվել է հետեւյալ պատասխանը. «Երեւանի քաղաքապետարան հասցեագրված Ձեր գրության կապակցությամբ հայտնում եմ, որ Ձեզ անհրաժեշտ է ճշտել՝ ինչ կոնկրետ տեղեկություններ եք ակնկալում ստանալ Երեւանի քաղաքապետարանից»: Ի՞նչ էր մեզ մնում անել նման պատասխան ստանալուց հետո. բողոքարկել այս պատասխանը Երեւանի քաղաքապետի վերադասին՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքով քաղաքացին, որը համաձայն չէ իր դիմումի կամ բողոքի վերաբերյալ ընդունված որոշմանը, կարող է այդ որոշումը բողոքարկել այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որին անմիջականորեն ենթակա է այդ որոշումն ընդունած պետական մարմինը կամ պաշտոնատար անձը: ՀՀ նախագահին ուղղված դիմում-բողոքում խնդրել ենք, որպեսզի նախագահն իր ստորադասին պարտավորեցնի թույլատրել ծանոթանալ քաղաքապետերի վերոհիշյալ որոշումներին: Մեր նամակին դարձյալ պատասխանել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ս. Կոշեցյանը: Այս անգամ՝ այսպես. «Ի պատասխան Ձեր 21.11.03թ. 39հ-4 գրության՝ հասցեագրված ՀՀ նախագահին, հայտնվում է. «Ընկերակցության կողմից մատնանշված «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» ՀՀ օրենքի 4-րդ եւ 27-րդ հոդվածները սահմանում են լրագրողի իրավունքները, բայց չեն սահմանում պաշտոնատար անձի պարտականությունները: Պետք է նշել նաեւ, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը նույնպես պարտադիր պայմաններ՝ տեղեկություններ տրամադրելու, չի սահմանում: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ եմ համարում նշել, որ Երեւանի քաղաքապետարանը երբեւիցե չի առարկել լրատվության տրամադրմանը, իսկ ընկերակցության կողմից բարձրացված հարցերի ոչ կոնկրետության պարագայում Երեւանի քաղաքապետարանը հնարավոր չի համարում նման տվյալների տրամադրումը»: Սա պատասխան է պետական մի պաշտոնյայի, որը, միանշանակ, չի կարդացել ՀՀ Սահմանադրությունը: Պարոն Կոշեցյանին թվում է, թե ինքը որպես պաշտոնյա տեղեկություն տալու ոչ մի պարտավորություն չունի: Նա նույնիսկ չգիտի, որ օրենքով ինքն արդեն իրավունք չուներ մեզ պատասխանելու, որովհետեւ մենք բողոքարկել ենք հենց իր գործողությունները: Նախագահի աշխատակազմից մեզ այդպես էլ չպատասխանեցին: Ստացվում է, որ Ռ. Քոչարյանին խնդրել ենք, որպեսզի միջնորդի Ս.Կոշեցյանին երկրորդ անգամ մեզ պատասխանել: Նման խնդրանքով չէինք ՀՀ նախագահին դիմել: Ինչու՞ ՀՀ նախագահի աշխատակազմից որեւէ պաշտոնյա չի պատասխանել մեր հարցմանը: Հնարավոր տարբերակները սրանք են. 1. Նախագահի աշխատակազմում կան մարդիկ, ովքեր փայատեր են որեւէ սրճարանի (նման փաստեր մենք ունենք), 2. Նախագահի աշխատակազմում կան մարդիկ, ովքեր քաղաքապետին միջնորդել են հողհատկացում կատարելու համար (նման փաստեր նույնպես ունենք), եւ որպեսզի այս ամենի մասին չխոսվի, աշխատակազմում որոշում են «հանձնարարել» Ս. Կոշեցյանին նորից «ցրել» լրագրողին: Կա մի տարբերակ էլ՝ նախագահականում բանի տեղ չեն դնում օրենքը եւ, որպեսզի ցույց տան, որ աշխատում են, նամակն ուղարկում են քաղաքապետարան: Սակայն սա պակաս հավանական տարբերակն է: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am