ՔՐԳՈՐԾ Գ. ՎԱՍԻԼԱԿԻՍԻ ԴԵՄ Ըստ ամենայնի, «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրեն Գեորգիուս Վասիլակիսի նկատմամբ քրեական գործ կհարուցվի: ԴԱՀԿ աշխատակիցները երեկ առավոտյան նույնպես շարունակել են «ԱրմենՏելում» ուսումնասիրությունները: Հիշեցնենք, տրանսպորտի եւ կապի նախարարի հայցի կատարումն ապահովելու նպատակով հարկադիր կատարողը որոշում էր կայացրել նոր սակագների կիրառումն արգելելու եւ անվճար խոսակցության կանխավճարներն ընդունելու վերաբերյալ: Հարկադիր կատարողներն այս անգամ ստուգումներ են անցկացրել 52, 53, 54, 58 ԱՏՍ-ներում, որոնց ընթացքում արձանագրվել է, որ հարկադիր կատարողի որոշումները դարձյալ չեն կատարվում: Ելնելով սրանից, ՀՀ արդարադատության փոխնախարար, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Անատոլի Ավագյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանին հետեւյալ միջնորդությամբ. «ղեկավարվելով ԴԱՀԿ մասին օրենքի 72 հոդվածի պահանջներով՝ դատական ակտը դիտավորությամբ չկատարելու համար, միջնորդում եմ «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի գործադիր գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսին ենթարկել քրեական պատասխանատվության»: Դիմումն ուղարկվել է օրվա երկրորդ կեսին: ՀՀ գլխավոր դատախազությունից չհաջողվեց ճշտել, թե արդյոք արդեն գործ հարուցվա՞ծ է պարոն Վասիլակիսի նկատմամբ, սակայն մեր աղբյուրների միջոցով ճշտեցինք, որ դիմումը մակագրված է պետական շահերի պաշտպանության վարչությանը: Ա. Ու.