Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԱՄԱԼՅԱՆԸ

Դեկտեմբեր 25,2003 00:00

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԱՄԱԼՅԱՆԸ Նախորդ մրցույթներում «Նոյյան տապանը» միշտ ներկայացնում էր իր ֆինանսական փաստաթղթերը՝ ապացուցելու համար, որ կարող է գործել ինքնաբավ, առանց արտաքին ներդրումների: Սակայն հաջողության չհասնելով՝ այս անգամ «ՆՏ»-ն էլ արտերկրից գործընկերներ ներգրավեց: «Առավոտի» հարցին, թե չի կարծո՞ւմ, որ ՀՌԱՀ գործունեության հետեւանքով են հեռուստաընկերությունները հարկադրված զիջում իրենց ֆինանսական անկախությունը՝ Ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը պատասխանեց. «Չեմ ուզում տեսնել ուղղակի պատճառահետեւանքային կապ: Որեւէ դեպքում ֆինանսական միջոցների ներգրավումը համարում եմ դրական»: Երեկ «Ավետիսի» ներկայացուցիչներն անընդհատ շեշտադրում էին, թե իրենք կապ չունեն կուսակցությունների հետ եւ իրենց ծրագրերով փորձում են հույս ու լավատեսություն ներշնչել ժողովրդին: Մեր մյուս հարցին՝ չի՞ կարծում, թե սա նույնպես ՀՌԱՀ-ի անուղղակիորեն թելադրած խաղի կանոնների հետեւանքն է, որ հեռուստաընկերությունները փորձում են համոզել, թե իրենք լոյալ են լինելու իշխանությունների նկատմամբ՝ Գրիգոր Ամալյանը պատասխանեց. «Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, թե մեկ այլ հեռուստաընկերություն էլ փորձում է բոլորին համոզել, որ ինքը լոյալ չէ: Որեւէ ընկերություն ազատ է իրեն ներկայացնել որեւէ կերպ՝ ինչպես կցանկանա, «Ավետիսն» էլ հարմար էր գտել ներկայացնել իր լոյալությունը: Սա միանշանա՛կ չեմ կապում հանձնաժողովի գործունեության հետ»: Խնդրեցինք հայտնել, թե ինչ է պատասխանել լրագրողական կազմակերպությունների՝ փաթեթների ուսումնասիրության ժամանակ իբրեւ մասնագետներ եւ փորձագետներ ներգրավելու մասին դիմումին. «Միանշանակ ողջունելի նախաձեռնություն եմ համարում: Շնորհակալություն եմ հայտնել եւ ասել՝ եթե հանձնաժողովն անհրաժեշտություն ունենա եւ կարիք զգա փորձագիտական օժանդակության՝ սիրով կօգտվենք նրանց առաջարկից»: Վստահ ենք, որ «կարիք» չեն զգա: Փորձեցինք նաեւ պարզել, թե ինչու է ՀՌԱՀ-ն անընդհատ հրաժարվում հայտնել այն հիմնավորումները, որոնցով մերժում է տրամադրել արտոնագիր՝ արդյոք ո՞չ փաստարկների բացակայության պատճառով. «Մերժման հիմքեր լինում են այն դեպքում, երբ լինում է մերժման փաստ: Իսկ մենք ընդունում ենք միայն մեկ որոշում՝ հաղթողի մասին: Մրցույթի պարագայում, քանի որ օրենքը սահմանել է նաեւ միակ հաղթողի հասկացությունը, բնականաբար, մյուս ընկերությունները ոչ թե մերժվում են, այլ ուղղակի չեն ճանաչվում հաղթող»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել