Լրահոս
Օրվա լրահոսը

«Լինքսի» նախաձեռնությամբ

Դեկտեմբեր 25,2003 00:00

«Լինքսի» նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականների համատեղ հայտարարությունը Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 20-ին Շոտլանդիայում կայացած հանդիպման ժամանակ հայաստանցի եւ ադրբեջանցի խորհրդարանականները ընդունել են համատեղ հայտարարություն։ Այդ փաստաթղթի տակ կա Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանի 10-ական պատգամավորների ստորագրությունը։ ՀՀ ԱԺ կողմից հայտարարությունը ստորագրել են խորհրդարանի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը եւ բոլոր խումբ-խմբակցությունների ներկայացուցիչները՝ այդ թվում ընդդիմությունը ներկայացնող Ստեփան Զաքարյանը («Արդարություն») եւ Արտաշես Գեղամյանը (ԱՄ)։ Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ։ «Հայտարարություն Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների պատվիրակությունների միջեւ հանդիպման վերաբերյալ։ Շոտլանդիա, 20 դեկտեմբերի, 2003 թվական։ Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնության լիագումար նիստի շրջանակներում տեղի ունեցավ քննարկում Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջեւ։ Այն բեւեռացված էր Հարավային Կովկասում խաղաղության եւ հակամարտությունների հարցերի, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի վրա։ Երկու պատվիրակություններն անկեղծ ու բաց տեսակետներ փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ այլ հարցերի լուծման տարբեր հեռանկարների մասին։ 1. Երկու պատվիրակությունները կարծում են, որ այս նոր գործընթացը՝ դեմ առ դեմ երկխոսությունն իրենց միջեւ, շատ օգտակար է, եւ համաձայն են այս երկխոսությունը շարունակել ներկայիս ֆորմատով։ 2. Երկու պատվիրակությունները հայտարարում են, որ իրենք ընդունում են, որ չլուծված հակամարտությունը պատճառում է մարդկային տառապանքներ եւ խոչընդոտում է առաջընթացն ու զարգացումը Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում։ Այդ պատճառով խիստ անհրաժեշտություն կա, որ հակամարտությունը լուծվի ի գոհունակություն բոլոր կողմերի։ 3. Պատվիրակությունները հայտարարում են, որ առաջ գնալու միակ ուղին հակամարտության խաղաղ լուծումն է բանակցությունների արդյունքում։ 4. Երկու պատվիրակությունները ողջունում են Ժնեւում Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած հանդիպումը։ Նրանով շարունակվում է երկխոսությունը նախագահների միջեւ, բայց՝ հաշվի առնելով երկու երկրներում կայացած նախագահական ընտրությունները, ազդարարում է նոր փուլ բանակցային գործընթացում։ 5. Երկու պատվիրակություններն ընդունում են այն կարեւոր դերը, որ ունեն երկու երկրների խորհրդարանները խաղաղության հաստատման գործընթացում։ Մենք կանենք ամեն ինչ՝ աջակցելու համար նախագահների աշխատանքին այս ուղղությամբ։ 6. Միմյանց նկատմամբ բարի կամք դրսեւորելու եւ հակամարտության կարգավորման գործընթացը արագացնելու համար, ինչպես նաեւ հավատարիմ մնալով ժողովրդավարությանը, եվրոպական արժեքներին, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սկզբունքներին, մենք եկող տարվա ընթացքում կձեռնարկենք քաղաքացիական վստահության հաստատման միջոցներ։ Դրանք ուղղված կլինեն վստահության վերականգնմանը։ Մենք «Լինքսին» (երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների հանդիպմանը նպաստած բրիտանական հասարակական կազմակերպություն.- խմբ.) իրավունք ենք վերապահում՝ Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնության գործընթացի տեխնիկական կազմակերպիչը լինելու, աշխատելու մեր պատվիրակությունների հետ, միջոցառումների մանրամասները մշակելու եւ, հնարավորինս շուտ, դրանց կիրառումը սկսելու համար»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել