Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԱՈՆ ԶԱՐԹՆԵՑ՝ ԸՆԴԴԵՄ «Ա1+»-Ի

Դեկտեմբեր 25,2003 00:00

ԼԱՈՆ ԶԱՐԹՆԵՑ՝ ԸՆԴԴԵՄ «Ա1+»-Ի 56-րդ կապուղով հեռարձակել ցանկացող հեռուստաընկերությունների քառյակի մրցութային փաթեթների քննարկման ժամանակ երեկ հնչեցին ֆինանսական առումով աննախադեպ առաջարկներ: Առաջինն իր փաթեթը ներկայացրեց «Նոյյան տապանը»: Նախորդ մրցույթում ներկայացրած նրանց առաջարկի հիմնական փոփոխությունն էր, որ հեռուստաընկերությունը եւս ներգրավել էր արտաքին ներդրողների՝ Բրատիսլավայից «Էներժի քանսալթ» եւ «Գնակ» ընկերություններին, որոնք պատրաստվում են կապուղի ստանալու պարագայում իրականացնել 3 մլն 200 հազար դոլարի ներդրումներ: Այս գործընկերների մասին պարզաբանվեց, թե էներգետիկայի ասպարեզում աշխատող հեղինակավոր ընկերություններ են, եւ՝ մասնավորապես «Գնակը», հաջող ներդրումներ է արել բրատիսլավական «Մարկիզա» հեռուստաընկերությունում: Ինչպես եւ մրցույթի մնացած մասնակիցները՝ «ՆՏ»-ն եւս հայտնեց, թե աշխատելու է թվային տեխնիկայով: Սակայն տարբերությունը մնացածներից այն էր, թե խոստացան ապահովել նաեւ իրենց ծրագրերի ինտերնետային հեռարձակում: «ՆՏ»-ի ներկայացուցիչները մրցութային առաջարկի ներկայացման ժամանակ չնշեցին, թե ինչ ծավալի հայրենական եւ սեփական արտադրանք են պատրաստվում թողարկել: «Ա1+»-ի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը, որը ներկայացնում էր հեռուստաընկերության առաջարկը՝ խոստացավ, թե կապուղի ստանալու դեպքում իրենց շուրջօրյա եթերաժամի 80%-ը կկազմեն հայրենական հաղորդումները, որոնցից 90%-ը՝ սեփական: Լրատվական ծրագրերը կկազմեն եթերաժամի 50%-ը: Սուսաննա Օհանջանյանը նշեց. «Հաշվի առնելով մեր տեխնիկական առկա միջոցները՝ այս ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար, ըստ մեր հաշվարկների՝ 7 տարվա համար անհրաժեշտ է 2 մլն դոլար: Որպես լրացուցիչ ֆինանսական ապահովում՝ առաջին 3 տարվա համար ունենք 2 մլն 650 հազար դոլարի հավաստագրեր»: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանված մյուս չափորոշիչի՝ աշխատակազմի մասնագիտական պատրաստվածության առնչությամբ «Ա1+»-ի պրոդյուսերը թվարկեց, թե 2002-ի ապրիլի 2-ին եթերազրկումից հետո ինչ մրցանակների են արժանացել հեռուստաընկերության աշխատակիցները: «Ա1+»-ը շարունակել է եթերազրկումից հետո էլ իրականացնել բազմաթիվ հեռուստածրագրեր. «Հաղթել ենք միջազգային կազմակերպությունների հայտարարած մրցույթներում, որոնց ի դեպ, մասնակցում էին գործող բոլոր հեռուստաընկերությունները»: Սուսաննա Օհանջանյանը նաեւ հայտնեց, թե այժմ էլ «Ա1+»-ի հետ են նախընտրում համագործակցել «Ռոսիա» ալիքի «Վեստի» ծրագիրը, վրացական «Ռուսթավի-2»-ը, բրիտանական «TV-6»-ը, «Ռոյթեր»-ը, «Ասոշիեյթիդ փրես»-ը, նաեւ՝ արտերկրի այլ լրատվամիջոցներ եւ այդ ամենը վկայող հավաստագրերը կցված են ծրագրին: «Հուսաբեր» ՓԲԸ-ի «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության խոստացած եթերաժամը 2004-ին միայն 18 ժամ է, իսկ շուրջօրյա հեռարձակման նրանք ակնկալում են անցնել 2006-2010-ի ընթացքում: «Ա1+»-ից պակաս է նաեւ հայրենական եւ սեփական հաղորդումների նախատեսվող ծավալը: «Երկիր Մեդիան» 2004-ին խոստանում է ապահովել 60% հայրենական հաղորդումներ, որից կեսը՝ սեփական: Լրատվական հաղորդումները կազմելու են հաղորդաժամի միայն 7%-ը: «Ա1+»-ին «Երկիր Մեդիան» զիջում է նաեւ առկա տեխնիկական միջոցների եւ աշխատակազմի առումով: Նշենք, որ կապուղի ստանալու պարագայում «Երկիր Մեդիան» նախատեսում է իր աշխատակազմը 25-ից կես տարում հասցնել 74-ի: Մինչդեռ «Ա1+»-ն անգամ եթերից զրկված վիճակում ունի 70 աշխատակից: Այս համեստ տվյալների համեմատ՝ փոխարենը «Հուսաբերը» նախատեսում է ճոխ ներդրումներ: Մինչեւ 2010-ը ներդրվելու է 6 մլն 960 հազար դոլար, որից առայժմ համաձայնագրերով ապահովված է միայն 3 մլն 102 հազարը։ Հայտարարվեց, որ «Հուսաբեր» ՓԲԸ-ի բաժնետերերից է «Հորիզոն» հեռուստաընկերությունը: Ի դեպ, վերջինիս հիմնադիրն է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն: «Հուսաբերի» մեկ այլ բաժնետերը Փարիզի «Այբ FM» ռադիոկայանն է, որը ՀՅԴ ինտերնետային էջում նշված է իբրեւ «Դաշնակցության պաշտոնական մամուլի աղբյուր»: Այս ամենը մեջբերում ենք ի պատասխան ՀՅԴ գործիչների համառ պնդումների, թե կուսակցությունը կապ չունի «Հուսաբերի» հետ: Նշենք նաեւ, որ «Հուսաբերի» նախատեսած հեռուստածրագրերը նման անվանումներ ունեն՝ «Զարթի՛ր, լաո» կամ՝ «Դեպի երկիր»: Փաստացի դաշնակցականամետ լրատվամիջոց լինելով հանդերձ՝ «Երկիր Մեդիան» ակնկալում է, որ 2006-ին արբանյակային կապով սփռվելուց հետո դառնալու է համահայկական հեռուստակայան: Սա ներկայացվեց իբրեւ Հայրենիք172Սփյուռք 2-րդ խորհրդաժողովի այն որոշման կյանքի կոչում, որով անհրաժեշտ էր համարվել նմանատիպ հեռուստատեսության ստեղծումը: Նշենք սակայն, որ ճիշտ նման հավակնություններ ունի նաեւ Հանրային հեռուստաընկերությունը: Սակայն ավետարանչական քարոզչություն վարող «Ավետիսն», իր ծրագրած ներդրումների ծավալով անցավ ՀՅԴ-ին: Հնչեց կապուղիների մրցույթում մինչ այժմ չլսված-չտեսնված 11 մլն դոլար թիվը, որից 3 միլիոնից ավելին խոստանում է ապահովել հեռուստաընկերության ղեկավար, Աստվածաբանության դոկտոր Լեւոն Պարտակչյանը: 2 միլիոնից ավելին խոստացել են ապահովել տեղական ներդրողները (նշվեց հովանավորներից միայն մեկի՝ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի անունը), մնացածն էլ ակնկալում են գովազդներից: Ներկայացված մյուս թվերը պակաս տպավորիչ չէին: Ասենք, խոստացվեց շաբաթական 83% հայրենական արտադրանք, որից 89%-ը՝ սեփական: Նաեւ նշվեց, թե «Ավետիսն» արդեն իսկ եթեր է դուրս գալիս 24 ժամյա ծրագրերով: Թերեւս այդպիսի սեփական ծրագիր է համարվում կեսգիշերից մինչեւ լույս «Ավետիսի» եթերում հայտնվող Աստվածաշնչից հերթական մեջբերո՞ւմը: Մրցութային առաջարկում «Ավետիսի» ներկայացուցիչները բազմիցս հավաստիացրել էին, թե իրենք ապաքաղաքական են, չունեն հակապետական ուղղվածություն, նպատակ ունեն աջակցել աշխատատեղերի ստեղծմանը եւ վերջապես՝ «հաղորդում ենք առավելապես լավատեսակա՛ն լուրեր»: Մրցույթի հաղթողները հայտնի կդառնան դեկտեմբերի 29-ին: Եվ սա առաջին դեպքն է, երբ դժվար է կանխատեսել, թե հատկապես ում կընտրի ՀՌԱՀ-ը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել