ԼՂՀ բնակչությունն իրատես է Ինչ է ցույց տվել սոցիոլոգիական հարցումը Ստեփանակերտի մամուլի ակումբը, Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամը եւ Երեւանի սոցիալական տեխնոլոգիաների կենտրոնը ԼՂ-ում անցկացրել են «Ժողովրդավարության ուղեգծի հռչակում. հինգ տարի անց» թեմայով սոցհարցում, որին մասնակցել է թվով 1000՝ տարբեր տարիքի, սեռի եւ զբաղմունքի մարդ: Նրանց կեսից ավելին բարձրագույն կրթություն ուներ: Ըստ այդ հարցումների արդյունքների, ԼՂ իշխանությունների կողմից ժողովրդավարության ուղեգիծը մշակելուց հետո այդ ուղղությամբ կատարած քայլերը հարցվածների 30 %-ից ավելին գնահատում է բավարար, իսկ 22,5%-ը՝ բացասական: Դրական՝ ընդամենը 7%-ը: Այդպես է գնահատվում նաեւ ԼՂ նախագահի գործունեությունը. 35,3%՝ բավարար, 22% բացասական, իսկ 10,5%՝ դրական: Արցախում գործող կուսակցություններից ամենաբարձր վարկանիշն ունի ՀՅԴ-ն՝19,5%, ապա ԺԱՄ-ը՝ 10%: Սոցիալական ոլորտից դժգոհություններն արտահայտվում են այս կերպ. 28%-ի կարծիքով վերջին հինգ տարիներին չի բարելավվել սոցիալական դրությունը, 26%-ի կարծիքով չի բարելավվել տնտեսական վիճակը, բայց եւս 40-45%-ը կարծում է, որ սոցիալական դրությունն ու տնտեսական վիճակը «մասամբ բարելավվել է, մասամբ՝ ոչ»: Հարցման ենթարկվածների 67%-ը բացասաբար է վերաբերվում պաշտոնյաների բիզնեսով զբաղվելուն, իսկ 18%-ը /որ երեւի նույն պաշտոնյաներն են/ դրական են վերաբերվում: Հետաքրքիր է, որ ի տարբերություն հայաստանցիների, ղարաբաղցիների 42%-ը գիտակցում է, որ սոցիալ-տնտեսական դժվարությունները պատերազմի արդյունք են, սակայն դա չի խանգարում, որ 53%-ի համար՝ դա նաեւ, իշխանությունների սխալ քաղաքականության հետեւանք է: Բայց, դարձյալ ի տարբերություն հայաստանցիների, նրանք մեղքը չեն գցում «նախկինների» վրա: Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը մտահոգում է 69%-ին, 7%-ը համարում է հարցը փաստացի լուծված: 48%-ը լավագույն տարբերակ է համարում ԼՂ միավորումը ՀՀ-ին, 45%-ը՝ ԼՂ անկախ պետություն լինելը: Մնացած տարբերակները՝ բարձր ինքնավարություն, ընդհանուր պետություն եւ այլն, կես տոկոսից էլ քիչ ձայն են հավաքել: Մոտ 80 տոկոսը խնդրի խաղաղ կարգավորմանն են տալիս նախապատվությունը, սակայն վստահ են, որ հարցը դեռ երկար չի լուծվի: Իսկ ընդհանրապես, ինչ են տալիս հարցման արդյունքները, դժվար է ասել այն դեպքում, երբ 57%-ի համոզմամբ՝ իշխանությունները հաշվի չեն առնում հասարակական կարծիքը: Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ