Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ «ՉՔՑԵԼ»

Դեկտեմբեր 24,2003 00:00

ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ «ՉՔՑԵԼ» Ասում է ԱՊՀ-ում հայտնի ծաղրածու Գագիկ Ավետիսյանը Այս օրերին նա Երեւանում է։ Ծաղրածուն ներկայումս հանդես է գալիս հանրահայտ «Կոսմոս» կրկեսային կոմերցիոն խմբի հետ։ Գ. Ավետիսյանը (բեմական անունը՝ Չառլի) տեղեկացրեց, որ ԱՊՀ տարածքում, բացի «Կոսմոսից», գործում է եւս 5 կոմերցիոն կրկեսային խումբ (որտեղ բարձր վարձատրությամբ հավաքված են ԱՊՀ-ում մնացած լավագույն արտիստները): Այդ խմբերը հիմնականում շրջագայում են նախկին խորհրդային հանրապետություններում եւ արտերկրում։ Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է «Կոսմոսի» այցելությունը Հայաստան։ «Դա շատ թանկ կնստի Երեւանի կրկեսի վրա, որովհետեւ մեր խմբի մեկ ներկայացումը առնվազն 1500 դոլար արժե»,- պատասխանեց Չառլին։ Դերասանական մկրտությունը նա ստացել է Հայաստանում, նախ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Ջուլիետ Հարությունյանի ղեկավարած զվարճաբանների ակումբում, այնուհետեւ Պատանի հանդիսատեսի, Արվեստի տան ստուդիաներում, մանկավարժական ինստիտուտում։ Երկար տարիներ աշխատել է ռեժիսորի օգնական՝ Հենրիկ Մալյանի ղեկավարած թատրոնում, այնուհետեւ ներգրավվել ներկայացումներում։ Գագիկը պատմում է, որ մանկուց երազում էր ծաղրածու դառնալ, ինչը չէր ստացվում։ Շրջադարձային էր հանդիպումը եւ համագործակցությունը տարիներ առաջ Երեւան ժամանած կենդանավարժ Տիգրան Հակոբյանի հետ։ Այսօր արդեն Գագիկը իտալական, ֆրանսիական լավագույն կրկեսների ցանկալի ծաղրածուն է։ Բանակցություններ են գնում Կանադայում եւ աշխարհում հայտնի «Ցիրկ դու սոլեյում» աշխատելու համար։ Բեմում Գագիկը մարմնավորում է Չառլի Չապլինին։ Չի կարող բացատրել ինչու։ «Երեխա ժամանակվանից նմանակել եմ իրեն։ Մայրս պատմում է, որ 4 տարեկանում պապիս գլխարկը դրած ու ձեռնափայտը ձեռքիս պինգվինի պես քայլում էի։ Հետագայում սկսեցի ուշադրությամբ դիտել նրա բոլոր ֆիլմերը ու հասկացա, որ հենց Չապլինին էլ պիտի կերտեմ»,- ասաց Գագիկը։ Ի դեպ, արտերկրում ելույթներից մեկի ժամանակ նրան է մոտեցել մի հրեա ու հետաքրքրվել՝ հա՞յ է, արդյոք։ Պատասխանը լսելուց հետո հրեան հայտարարել է, որ Չառլի Չապլինի կերպարն այդպես կարող են ներկայացնել միայն հրեան ու հայը։ Զարմանալի է, բայց Գագիկը կենսուրախ մարդ չէ կյանքում։ Քչախոս է, անեկդոտներ չի հիշում, հավատացնում է, որ չի կարողանում կյանքում մարդկանց ծիծաղեցնել, սիրում է առանձնանալ։ «Այ, արենան ուրիշ է, արենան իմ կյանքն է, ինձ դիտողը պետք է ծիծաղի»,- հայտարարում է հայ «Չառլին»։ Համեմատելով հայաստանցի ու դրսի հանդիսատեսին, եկել է այն եզրակացության, որ հայերը կոմպլեքսավորված են, փակ, քաշված ու դժվար է նրանց մասնակից դարձնել կրկեսային համարներին։ Իսկ Ռուսաստանում անգամ բարձրաստիճան պաշտոնյան, օրինակ, քաղաքի քրեական հետախուզության պետը, կարող է ծաղրածուի ցուցումով այնպիսի շարժումներ անել, որ նրա համազգեստավոր գործընկերները դահլիճում ծիծաղից ուշաթափվեն։ «Ռուսաստանում ես դիտմամբ դահլիճից հենց հայերին եմ հրավիրում արենա, հրաժարվում են ինձ հետ ելույթ ունենալ, թեկուզ վստահ եմ, որ տարիներով ապրել են դրսում։ Ինչ կարող ես անել՝ մենթալիտետ է»,- դժգոհում է «Չառլին»։ Դժգոհ է նաեւ՝ դրսում հայերի խայտառակ կենսաձեւից ու պահվածքից։ Նրա տպավորությամբ, Հայաստանից դուրս հայերը միմյանց սպանում են, խաբում, թալանում։ Հետաքրքրվեցինք՝ պատահե՞լ է, որ արվեստում իրեն որեւէ հայ «քցի»։ «Իհարկե,- ասաց Գագիկը,- ներկայումս այդ մարդը՝ Էդուարդ Արզումանովը, Տաշքենդի կրկեսի փոխտնօրենն է։ Մինչ այդ, միասին աշխատել ենք Ուկրաինայում, Ռուսաստանում։ Նա հավաքել էր տաղանդավոր դերասանների, որոնց շնորհիվ մեծ անուն էր ձեռք բերել Մոսկվայում։ Մի շրջան եղավ, երբ նրա կրկեսը «վառվում» էր։ Խնդրեց իմ օգնությունը, ես էլ հրաժարվելով փարիզյան հյուրախաղերից, երկու ամիս աշխատեցի նրա հետ։ Բաքվեցի Էդուարդը ոչ միայն գումարի մեջ ինձ «քցեց», այլեւ տհաճ շատ բաներ արեց, որոնց մասին չեմ ուզում խոսել»։ Գագիկը քանիցս համագործակցել է նաեւ Վլադիմիր Պուտինի մշակույթի գծով ադմինիստրատորի հետ, որին Իգոր Վլադիմիրովիչ էր անվանում։ Ամենատպավորիչը «Չառլիի» համար Իգոր Վլադիմիրովիչի կազմակերպած այն միջոցառումն էր, որի ընթացքում նավի վրա էին ելույթ ունենում, երեք օր շարունակ պտտվելով Մոսկվա քաղաքի շուրջը։ Գագիկը ելույթ է ունեցել Լադա Դենսի, Ֆիլիպ Կիրկորովի, «Տոդեսի», «Իվանուշկի ինթերնեյշընլի» եւ այլոց հետ։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել