Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԷԼԻ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԷՐ ՏԱԼԻՍ

Դեկտեմբեր 24,2003 00:00

ՋՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԷԼԻ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԷՐ ՏԱԼԻՍ Այս անգամ Վերաքննիչ դատարանում Երեկ Վերաքննիչ դատարանում արդեն, ըստ էության, սկսվեց Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով դատաքննությունը, որն արդեն երկու անգամ ընդհատվել էր դատապարտյալների միջնորդությունների հիման վրա, մեկ՝ նոր փաստաբաններ վարձելու, մեկ՝ նրանց քրգործին ծանոթանալուն ժամանակ տրամադրելու համար: Ինչպես առաջին ատյանի դատարանում, Վերաքննիչում էլ առաջինը ցուցմունք տալու իրավունքը վերապահվել էր սպանությունն անմիջականորեն իրականացրած Ջոն Հարությունյանին, որը Վերաքննիչ բողոքով դիմել էր իր նկատմամբ կայացրած դատավճիռը՝ 15 տարվա ազատազրկում, մեղմելու ակնկալիքով: Փաստարկն այն էր, որ նա իր խնամքին երեք երեխա ունի, նաեւ՝ զղջացել է արածի համար: Ասել, թե նրա ցուցմունքները ինչ-որ կերպ տարբերվեցին առաջին ատյանում տրված դատաքննական ցուցմունքներից՝ չի կարելի, առավել եւս, որ նա հայտարարեց, թե դատարանը կարող է հիմք ընդունել իր 1-ին ատյանում դատաքննական ցուցմունքները, իր պատմածն ու հարցերի պատասխանները: Իսկ ահա նախաքննական ցուցմունքներից նա երեկ էլ պնդեց, թե հրաժարվում է՝ «Ես էն գլխից էլ հրաժարվել եմ էդ ցուցմունքներից»: Իհարկե, մեղադրողները, որոնց կազմը, իհարկե, նույնն էր՝ Զելիմ Թադեւոսյան, Ա. Ավագյան եւ Ռ. Երեմյան, դարձյալ դիմեցին փորձված մարտավարությանն ու միջնորդեցին հրապարակել դատապարտյալի նախաքննական ցուցմունքները, ինչպես դա անում էին առաջին ատյանում: Երբ դատավոր Արշակ Խաչատրյանը հայտարարեց, թե մեղադրող Զ. Թադեւոսյանի միջնորդությունը բավարարված է, Ջ. Հարությունյանը նետեց՝ «Է՛, թող հրապարակի: Էդ ցուցմունքները ես չեմ կիրալ, ո՞նց ա հրապարակում»: Ակնհայտ է, որ այդ անգամ էլ մեղադրողների միակ նպատակը հանրության կարծիքի վրա աշխատելն էր եւ Արմեն Սարգսյանի անունը եւս մեկ անգամ իբրեւ պատվիրատուի անվանարկելու բուռն ցանկությունը, թեեւ, եւ առաջին ատյանի դատարանում, եւ երեկ նույն ինքը՝ Ջ. Հարությունյանը ստիպված էր եղել կրկնել, որ ինքը որպես պատվիրատու գիտի «Ապերին»: Նա երեկ էլ պնդեց, թե լրագրողի սպանության դիմաց վճարողն էլ դատապարտյալ Գեղամ Շահբազյանն է եղել, որին այնքան են վստահել, որ համաձայնել են «ավանսով» մարդ սպանել: Մեղադրողների այս միջնորդությանն արձագանքեց նաեւ դատապարտյալ Ա. Սարգսյանը՝ նկատելով, թե վերջիններս դա անում են «եղանակ ստեղծելու համար եւ ուզում են ընթերցել ցուցմունքների էն տեղերը, որոնք իրենց պետք են, եւ որոնցից դատապարտյալը վաղուց է հրաժարվել»: Բոլոր դեպքերում դատաքննության երեկվա նիստում հատկապես հետաքրքիր էին Ջ. Հարությունյանին ուղղված Ա. Սարգսյանի հարցադրումներն ու դրանց պատասխանները: Ըստ այդմ, Ջ. Հարությունյանը մի սենսացիոն հայտարարություն արեց՝ խոստովանելով, թե դատապարտյալ Հովհաննես Հարությունյանի՝ «Ապերի» ձեւավորած հանցախումբը Տ. Նաղդալյանին սպանելու նախապատրաստությունը սկսել էր դեռ նոյեմբերի կեսերին՝ 13-15-ն ընկած ժամանակահատվածում եւ նրան հետեւել են ընդհանուր առմամբ մոտ 20 օր: Պատվերը եղել է, բայց քիլլերները չեն իմացել, թե ում են սպանելու: Այդ ընթացքում նրանք իրենց ձեռքի տակ արդեն ունեցել են երկու զենք՝ «Վալտեր» եւ «Մակարով» տեսակի, որոնցից վերջինն ավելի ուշ փոխարինվել է «ՏՏ»-ով, որով սպանվել է Տ. Նաղդալյանը: Թե՝ ինչու, Ջ. Հարությունյանն իր պատասխանն ուներ. «Որովհետեւ «Մակարովը» խաղալիք էր»: Սա հետաքրքիր փաստ է այն իմաստով, որ Ա. Սարգսյանի դեմ տված միակ ցուցմունքի հեղինակ «Ապերի» ասելով, նա Ա. Սարգսյանից Տ. Նաղդալյանի սպանության պատվերը ստացել էր դեկտեմբերի 15-ին: Այսինքն, քիլլերները իրենց զոհին սկսել են հետեւել սպանությունից 35 օր առաջ՝ չունենալով Ա.Սարգսյանի «պատվերը»: Հարց է առաջանում, այդ դեպքում լրագրողի սպանության պատվերն ո՞վ կարող էր տված լինել:Ջ. Հարությունյանի ասելով, «Ապերին» ինքը տեսել է ընդամենը 5-10 րոպե, իսկ լրագրողի սպանության պատվերն ու վճարը ստացել է Գ. Շահբազյանից, իսկ «Ապերը», նրա իմանալով, հենց այն մարդն է եղել, որը պատվիրել եւ վճարել է նախորդ երկու կարճված քրգործերի, նաեւ լրագրողի սպանության համար: Ջ. Հարությունյանը երեկ պատասխանելով Ա. Սարգսյանի հարցին՝ նաեւ հաստատեց դեռ առաջին ատյանի դատարանում արած վերջինիս այն հայտարարությունը, թե «Ապերը» մտադիր է եղել սպանության մասին իրականությունն ասել դատարանում, բայց նրան թույլ չեն տվել դա անել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել