Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիան, ՀՀՇ-ն եւ կուսակցությունները

Դեկտեմբեր 24,2003 00:00

Գերմանիան, ՀՀՇ-ն եւ կուսակցությունները Նաումանի հիմնադրամի այս տարվա վերջին սեմինարը Քանի դեռ Գերմանիայի Ազատական-ժողովրդավարական կուսակցության Բունդեսթագի խմբակցության միջազգային քաղաքականության հարցերով խորհրդական Միխայիլ Լինկը Հայաստանում է գտնվում, նրա մասնակցությամբ մի սեմինար-քննարկում էլ Հայոց համազգային շարժումն էր կազմակերպել՝ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի հետ համատեղ։ Թեման՝ «Քաղաքական կուսակցությունների գործունեության պայմանները»։ Հիմնական զեկուցող պրն Լինկը, այդ ոլորտում, Եվրամիության պահանջների կոնտեքստում ներկայացրեց Գերմանիայի օրինակը։ Մասնավորապես, տեղեկացանք, որ ԵՄ-ի շատ երկրների նման Գերմանիայում եւս չկա կուսակցությունների պետական գրանցում։ Միայն պառլամենտական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող կուսակցությունները պետք է նախապես գրանցվեն։ Իսկ նման հավակնություններից առաջ, կուսակցությունները պետք է որոշակի պահանջների բավարարեն՝ չպետք է լինեն հակասահմանադրական կամ ծայրահեղական։ Վերջիններիս շարքին են դասվում, գերմանական չափանիշներով, ասենք՝ ռասիստական, հիտլերյան եւ համանման կուսակցությունները։ Բայց գերմանական ազգայնական կուսակցությունների առջեւ փակ դռներ չկան։ Գերմանական կուսակցությունները նախանձելի ճակատագրեր են ունենում նույնիսկ խորհրդարանից դուրս։ 0,5 տոկոսը հաղթահարած բոլոր կուսակցությունները, նաեւ պառլամենտական, ֆինանսավորվում են տեղական գանձարանից։ Եթե ընտրությունների ժամանակ կուսակցությունը հինգ միլիոն ձայնից ավելի է հավաքել՝ յուրաքանչյուր ձայնի դիմաց 90 ցենտ է ստանում։ 5 մլն-ից պակասի դեպքում՝ մեկ ձայնն արժենում է 60 ցենտ։ Արդյունքում ԳԴՀ-ն տարեկան 150 մլն եվրո է ծախսում իր կուսակցությունների վրա։ Բացի պետական ֆինանսավորումից, գերմանական քաղաքական ուժերը եւս երկու աղբյուր ունեն՝ անդամավճարներ ու նվիրատվություններ։ Վերջիններս անսահմանափակ քանակությամբ կարող են լինել, միայն դրանք անպայմանորեն պետք է հայտարարագրվեն։ Իսկ 10 հազար եվրոյից բարձրի պարագայում պետք է նվիրաբերող անձի անունը հրապարակվի։ Ի փոխհատուցումն այս ամենի, գերմանական պետությունն իր քաղաքական ուժերից պահանջում է թափանցիկություն՝ եկամուտների եւ հաշվենկատության հրապարակումներ։ «Ցանկացած օրենք բարեփոխվելու հնարավորություն ունի եւ պետք է փոքր-ինչ լավատեսորեն տրամադրվել»,- այսպես պատասխանեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը մեր հարցին՝ ժամանակավրեպ չէ արդյո՞ք այդ քննարկումը մեր՝ «Կուսակցությունների մասին» օրենքի համատեքստում։ Այդ օրենքի մի շարք սահմանափակումների թվում Ա. Զուրաբյանը մեզ հետ զրույցում առանձնացրեց հետեւյալը. «Քաղաքական կազմակերպությունը կարող է բոյկոտել ընտրությունները։ Մեր օրենքը դա որպես քաղաքական ակցիա չի համարում, եթե բոյկոտում է՝ հաջորդ անգամ զրկվում է գոյություն ունենալու իրավունքից»։ ՀՀՇ վարչության նախագահը գտնում է, որ մեր երկրում էլ չէր խանգարի պետության կողմից կուսակցությունների գործունեությանն աջակցելը, քանզի՝ «կայուն զարգացած քաղաքական համակարգ ունենալը ցանկացած պետության համար էլ բավականաչափ կարեւոր է»,- գտնում է Ա. Զուրաբյանը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել