ՎԱՍԻԼԱԿԻՍԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 200 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ «ԱրմենՏելի» տնօրենը արհամարհում է ՀՀ դատարանի որոշումները ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակցի որոշմամբ, երեկ «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսը տուգանվել է 200 հազար դրամով: Մինչ այդ, ավագ հարկադիր կատարող Հայկ Գասպարյանը անցկացրել է համապատասխան ուսումնասիրություններ՝ դեկտեմբերի 18-ի իր որոշման կատարման վերաբերյալ, որով որպես կապի նախարարի հայցի կատարումն ապահովող միջոց, ընկերությանն արգելում էր նոր սակագների կիրառումը եւ ընդունել կանխավճարները: Երեկ ժամը 11-ի շրջանում հարկադիր կատարման ծառայության ներկայացուցիչները անց են կացրել ուսումնասիրություն, պարզելու համար որոշման կատարման ընթացքը: Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանի խոսքերով, «չնայած երեկ ԴԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գեորգիուս Վասիլակիսը բանավոր պարտավորվել է կատարել ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողի 19.12.03 որոշումը, սակայն (երեկ) առավոտյան «ԱրմենՏելին» պատկանող թիվ 36 եւ 39 ԱՀԿ-ներում (ATC-ներում) չէր կատարվում հարկադիր կատարողի որոշումը: Փաստերն արձանագրված են: Պարզելով սա, հարկադիր կատարողը որոշում ընդունեց, որով կրկին արգելեց «ԱրմենՏելին» չընդունել հաստատագրված վճարները եւ արգելեց կիրառել հայտարարության մեջ նշված սակագները (8 դրամ)»: ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ստուգումներ են իրականացրել 55 եւ 57 ԱՀԿ-երում եւս, ժամը 17-ի շրջանում: Կազմված արձանագրությունները վկայում են, որ «կրկին դիտավորյալ» «ԱրմենՏելի» կողմից չի կատարվել հարկադիր կատարողի 23.12.03թ, որոշման պահանջները: Սրա հիման վրա եւ՝ ղեկավարվելով ԴԱՀԿ մասին օրենքի 28, 71 եւ 72 հոդվածներով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 206.5 հոդվածով, հարկադիր կատարողը որոշել է «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Գ. Վասիլակիսի նկատմամբ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Հարկադիր կատարողը կրկին արգելել Է «ԱրմենՏելին» կիրառել հայտարարության մեջ նշված 8 դրամանոց սակագները: Որպես հայցի կատարման ապահովման միջոց, հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների օգնությանն է դիմել նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Հիշեցնենք, դեկտեմբերի 15-ին հանձնաժողովը գերիշխող դիրքի չարաշահման մեղադրանքով տուգանել էր «ԱրմենՏելին» եւ հանձնարարել էր դադարեցնել իզի քարտերի տրամադրումը «բարի լոտոյի» կազմակերպչին, ինչպես նաեւ, հանձնարարել էր երկու ընկերություններին փոփոխել պայմանագիրը, այնտեղից հանելով քարտերի տրամադրման մասին դրույթները եւ դրանց կատարման մասին երկօրյա ժամկետում տեղյակ պահել հանձնաժողովին: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դատարան է դիմել, երբ երկօրյա ժամկետը լրանալուց հետո տեղեկություն չի ստացել երկու ընկերություններից: Այժմ ԴԱՀԿ ծառայության միջամտությունից հետո, բարի լոտոյի կազմակերպիչը տեղյակ է պահել, որ դադարեցված է քարտերի ստացումը, պայմանագրից հանված են քարտերի տրամադրման վերաբերյալ դրույթները: Իսկ «ԱրմենՏելի» լրատվական ծառայության պետը երեկ անհասկանալի պատճառներով չհայտնեց Լոնդոնի արբիտրաժային դատարան դիմելու հայցի հիմքերը, խոստանալով դրանք ներկայացնել օրերս՝ իրավաբանների հետ խոսելուց հետո: Այնուամենայնիվ, մեր աղբյուրների միջոցով հստակեցրինք, որ «ԱրմենՏելը» միջազգային այդ ատյանին է դիմել՝ վնասի փոխհատուցման պահանջով: Ընկերությունը համարում է, որ ժամանակին րոպեավճարի կիրառման ձգձգման, եւ այժմ՝ Կառավարության կողմից Լիցենզիայի մենաշնորհային դրույթների վերանայման պատճառով, նյութական վնասներ է կրել: Հայտնի չէ, թե ընկերությունն ինչ հիմնավորումներ է դրել հայցադիմումի հիմքում, ինչ օրենքների վրա է հղումներ անում: Պնդումները, սակայն, փոքր-ինչ տարօրինակ են: Հիշեցնենք, նախատեսվող 8 դրամ րոպեավճարը ժամանակին չկիրառվեց Կառավարության եւ «ԱրմենՏելի» միջեւ կնքված պայմանագրի համաձայն, որն, ի դեպ, միջազգային իրավական ակտ է: Ինչ վերաբերում է դժգոհության երկրորդ առիթին՝ Լիցենզիայի մենաշնորհային դրույթների վերանայմանը, ապա վերանայում բառի բուն իմաստով տեղի չի ունեցել. կառավարությունն առայժմ հանձնարարել է կապի եւ արդարադատության նախարարությանը՝ փոփոխությունների նախագիծ պատրաստել: Մի խոսքով, հայցադիմումի պահանջներն այն աստիճանի տարօրինակ են, որ թվում է, «ԱրմենՏելը» գաղտնիք ունի, որի մասին չի ասում: ԱՐՄԻՆԵ ՈւԴՈՒՄՅԱՆ