ԵՂԱՎ ԱՅՆ, ԻՆՉ՝ ԵՂԱՎ Վրաստանի նոր իշխանությունների անհաշտ ընդդիմախոսները, որոնք հայտարարում են առաջիկա նախագահական ընտրությունները բոյկոտելու մասին, իրենց թիկունքում հասարակական լուրջ շրջանակներ ունե՞ն, որպեսզի կարողանան երկրում եղանակ փոխել: Մեր այս հարցին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրդյանը պատասխանեց. «Եթե նրանք ուժ ունենային կկասեցնեին այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում: Եթե նրանք համոզված լինեին, որ երկրի զարգացումը ճիշտ ուղու վրա է, ապա այս զարգացումները, թերեւս, հնարավոր լիներ «առք ու վաճառքի» միջոցով կանգնեցնել, բայց կատարվածն անխուսափելի էր: Պատահական չէր, կարծում եմ, որ Շեւարդնաձեն ժամանակին բերեց այս երիտասարդներին: Նա ինքը տեսնում էր, թե ովքեր են իրեն շրջապատել, եւ եթե նա հանգիստ ասեր, որ ուզում է ժամանակից շուտ գնալ, երեւի իրավիճակն այլ լիներ եւ հակառակ բան ստացվեր»: Միաժամանակ պարոն Բայբուրդյանը հերքեց շրջանառվող այն տեսակետը, թե նախկին նախագահ Էդ. Շեւարդնաձեն ինքն էր նախաձեռնել իր պաշտոնանկությունը. «Իհարկե, ոչ: Բայց բոլոր դեպքերում այն վիճակը, որը ստեղծվել էր նոյեմբերին, նա ճիշտ արեց, որ գնաց: Ես նաեւ համամիտ չեմ այն տեսակետներին, թե Շեւարդնաձեն բռնապետ էր, որ նա պատրաստ էր կրակել ժողովրդի վրա: Շեւարդնաձեն, իրոք, ժողովրդավար էր: Նա նույնիսկ ջրցան մեքենաներ դուրս չբերեց ժողովրդի դեմ, երբ նրանք գրոհում էին խորհրդարանի շենքը: Արդյունքում եղավ այն, ինչը պետք է լիներ»: Ն. Մ.